Մատչելիության հղումներ

Վարչապետը կադրային փոփոխությունները չի պայմանավորում պաշտոնյաների «վատ աշխատանքով»


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը չորեքշաբթի օրը Երեւանի քաղաքապետարանի, բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի եւ պետական հարկային ծառայության աշխատակազմերին ներկայացրեց նախորդ օրը նախագահ Քոչարյանի հրամանագրերով նշանակված նոր ղեկավարներին:

Երեւանի քաղաքապետարանում ներկայացնելով նորանշանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Անդրանիկ Մարգարյանը, փորձելով մեկնաբանել կադրային այդ փոխատեղումների տրամաբանությունն ու շարժառիթները, ասաց, թե դրանք ոչ թե պայմանավորված են նախկին պաշտոններում «վատ աշխատանքի հետ», այլ ստեղծված նոր իրավիճակներում «խնդիրներին թարմ աչքով նայելու» անհրաժեշտությամբ:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Ռոբերտ Նազարյանին քաղաքապետի պաշտոնում կատարած աշխատանքի համար ու ակնարկեց, թե Նազարյանի ստանձնած նոր՝ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի նախագահի, պաշտոնը պետության ու ժողովրդի համար ոչ պակաս կարեւոր է ու բարդ։ Իրոք այս պաշտոնը, թերեւս, առանցքային է լինելու՝ հաշվի առնելով հաջորդ տարվա սկզբին ակնկալվող էլեկտրաէներգիային, ջրի, բնական գազի սակագների բարձրացումը։

Քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին, Մարգարյանն շեշտեց, որ Զախարյանը իրեն արդարացրել է պետական եկամուտների նախարարի եւ հարկային ծառայության պետի պաշտոնում՝ ապահովելով հարկերի ամբողջական ու ժամանակին հավաքումը:

Ըստ վարչապետի, քաղաքապետի պաշտոնն ավելի ծանր է, քան հարկային ծառայության պետի պաշտոնը, քանի որ քաղաքի կառավարման օրենսդրական դաշտը անկատար է: Վկայակոչելով Երվանդ Զախարյանի փորձառությունը, Անդրանիկ Մարգարյանը, այնդուհանդերձ, դիմաց քաղաքապետարանի աշխատակազմին ու մայրաքաղաքի թաղապետերին՝ կոչ անելով համատեղ ջանքերով լուծել մայրաքաղաքի խնդիրները:

Մինչ քաղաքապետարան այցելելը վարչապետն արդեն հասցրել էր հարկային պետական ծառայության աշխատակազմին ներկայացնել նախագահի վերահսկողական ծառայության այլեւս նախկին պետ, իսկ այժմ արդեն այդ հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանին։ Վերջինս իր պաշտոնամուտից հետո որեւէ մեկնաբանություն լրագրողներին չտվեց՝ նշելով միայն, թե նախկին աշխատանքի բերումով ծանոթ է հարկային համակարգի խնդիրներին ու իսկ նոր աշխատանքի արդյունքների մասին կխոսի մեկ-երկու ամիս հետո։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է սահմանափակ գործող իշխանության կադրային բանկը, եւ ինչո՞ւ, օրինակ, քաղաքապետի պաշտոնում նոր մարդ չի նշանակվում, Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե քաղաքային տնտեսությունը ղեկավարելու համար փորձառու մարդիկ են պետք:

«Իմ կարծիքով, քաղաքապետ նշանակվելու համար գիտական ներուժ եւ կոչումներ հարկավոր չեն», - շարունակեց վարչապետը՝ ավելացնելով. - «Երկուսը եթե համատեղվեր՝ չէր խանգարի»:

Վարչապետը չբացառեց նաեւ փոփոխությունները «երկրորդ էշելոնի» պաշտոններում (փոխնախարարներ ու կառավարությանն առընթեր կոմիտեների ու վարչությունների պետեր)` ասելով, թե դրանք հնարավոր են ցանկացած պահի:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG