Մատչելիության հղումներ

Բնապահպանները բողոքում են մայրաքաղաքի կանաչ գոտու ոչնչացման դեմ


Երեւանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոլաիցիան, որ միավորում է 12 կազմակերպություն, շաբաթ օրը բողոքի երթ էր կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

Քաղաքի կանաչ տարածքները, երթի կազմակերպիչների խոսքերով, շարունակվում են վերածվել սրճարանների, կտրվում են ծառերն ու անտառները:

«Հայաստանը մի ձեռքով ստորագրում է միջազգային կոնվենցիաներ, մյուս ձեռքով քաղաքը անապատացման է տանում», - հայտարարեց բնապահպանության նախկին նախարար, «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը: - «Բոլոր կոնվենցիաները, օրենքները խախտված են»:

Երկու տարի շարունակ մի քանի հասարակական կազմակերպություններ փորձել են պայքարել Երեւանի համատարած «սրճարանապատման» դեմ, բողոքներ են գրել քաղաքապետարան: Այդ ամենի արդյունքում քաղաքային իշխանությունների կողմից ստեղծված Բնապահպանական խորհուրդը, սակայն, չփոխեց իրավիճակը:

Ցուցարարները հանդիպում էին պահանջում քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ: Վերջինս, սակայն, բացակայում է քաղաքից, եւ ցուցարարների ներկայացուցիչներին ընդունեց փոխքաղաքապետ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Հնչեցնելով իրենց բողոքը, երթի կազմակերպիչները փոխքաղաքապետից պահանջեցին դադարեցնել այգիների եւ պուրակների բռնագրավումը ապօրինի շինարարության նպատակներով եւ վերականգնել դրանք որպես հանգստյան գոտիներ:

Նարեկ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա Հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էդուարդ Բաղդասարյանի ներկայացած տվյալներով, Օղակաձեւ զբոսայգում սրճարանների տերերից են 4 նախարար, այդ թվում՝ բնապահպանության, երկու գեներալ, Ազգային անվտանգության ծառայության պետը, նրա տեղակալը: Բաղդասարյանը ընդունեց, որ Նարեկ Սարգսյանը եւ քաղաքապետը որեւէ ձեւով չեն կարող դիմակայել նման բարձրաստիճան պաշտոնյաների ճնշմանը:

Սարգսյանը համաձայնեց, թե քաղաքի զբոսայգիների վիճակը բարվոք չէ: «Կարծում եմ, մեր կողմից քաղաքականության բացակայության արդյունք է նման վիճակի ստեղծումը», -ասաց նա:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG