Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը խոստանում է բարեփոխել քրեական օրենսգիրքը


Հայաստանի Ազգային Ժողովի նորանշանակ նախագահ Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի օրը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի քրեական օրենսգիրքը, իրոք, բարեփոխումների կարիք ունի:

Բաղդասարյանը ընդունել է, որ սխալ է պաշտոնյաներին եւ հասարակ քաղաքացիներին զրպարտելու համար տարբեր պատժաչափեր սահմանելը: Ինչպես հաղորդում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդարանի նախագահը հանձնարարականներ է տվել՝ ուսումնասիրել եվրոպական երկրների օրենսդրական փորձը՝ Հայաստանի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար:

Անցած ուրբաթ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը եւ Հայաստանում հավատարմագրված արեւմտյան մի շարք երկրների բարձրաստիճան դիվանագետներ բաց նամակով դիմել էին Ազգային ժողովի նախագահին՝ կոչ անելով ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը եւ առաջարկելով իրենց օգնությունը:

Այսօրվա հանդիպումից հետո ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ համաձայնության են եկել նամակում նշված հոդվածների վրա աշխատելու շուրջ: Հարցին, թե հույս կա, որ Ազգային ժողովը լրամշակի օրենքը, Ռոյ Ռիվը պատասխանեց. - «Ես հույս ունեմ, բայց դա Հայաստանի խորհրդարանի որոշելիքն է»:

Ռոյ Ռիվն իրենց փորձագիտական եւ տեղեկատվական աջակցությունն է առաջարկել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին:

ԵԱՀԿ Հայաստանի գրասենյակի ղեկավարը չհամաձայնեց, թե Հայաստանի լրագրողական աշխարհը բավական լուռ էր եւ է այս խնդիրների շուրջ՝ վկայակոչելով, որ իրենց բաց նամակը ստորագրել են նաեւ Հայաստանի լրագրողական կազմակերպություններ:

Ինչ վերաբերում է եվրոպական երկրներում այս խնդիրների օրենսդրական կարգավորմանը, ապա, Ռիվի փոխանցմամբ, որեւէ երկրի որեւէ օրենքում չկա հոդված, որով պաշտոնյան հասարակ քաղաքացուց առավել պաշտպանված է օրենքով: Իսկ զրպարտությանը վերաբերող հոդվածը որոշ երկրների քրեական օրենսգրքում է, բայց եվրոպական երկրների մեծ մասում՝ քաղաքացիական օրենսգրքում:

Դաշնակցության պատգամավոր, մշակույթի, լրատվության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, նաեւ «Նորք» գրական հանդեսի երկարամյա գլխավոր խմբագիր, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը ոչ կողմ է, ոչ էլ դեմ, որ զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվեն: Նրա համոզմամբ, մեր լրատվամիջոցների հնարավորությունները սահմանափակ են վարչական պատասխան տալու (տուգանք վճարելու) համար:

«Երբ հասարակությունը հիվանդ է լինում, փչացած է լինում, ոչ մի օրենքով չես կարող կարգավորել», - շարունակեց նա: - «Ուզածդ լավ օրենքը կարող եք փչացնել, ուզածդ վատ օրենքը կարող ես լավ օգտագործել... Ճիշտը հասարակությանը լավացնելն է»:

Ռուբեն Հովսեփյանը ճիշտ չի համարում, որ պաշտոնյաներին վիրավորելու համար ավելի խիստ պատիժ է սահմանվել, քան սովորական քաղաքացիներին վիրավորելու համար:

«Վիրավորանքը վիրավորանք է», - ասաց նա: - «Ընդհակառակը՝ պետական պաշտոնյային վիրավորելու համար, թերեւս ավելի քիչ կարելի էր պատժել, քան սովորական մարդուն, որովհետեւ պետական պաշտոնյան կարող է ինքը իրեն պաշտպանել»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG