Մատչելիության հղումներ

Հայաստանում երեխաների որդեգրման «առանձնահատկությունները»


Նորքի բարձունքին գտնվող որբանոցում 2-3 տարեկան մանկիկները առնում են իրենց կյանքի առաջին դասերը՝ սովորում են հաշվել սեղանին դրված կարմիր խորանարդները: Ուսուցանողը դայակն է՝ միջին տարիքի մի կին, ով, ինչպես ենթադրվում է, պիտի փոխհատուցի ծնողական խնամքն ու սերը, որից այս փոքրիկները անարդարացիորեն զուրկ են ի ծնե:

Այս երեխաներից ոմանք կարող են ընտանեկան անփոխարինելի ջերմությունը հետագայում զգալ իրենց երկրից հազարավոր կիլոմետր հեռու: Իսկ որոշ մեծահասակներ Հայաստանում դրա դիմաց խիստ նյութական փոխհատուցում կունենան՝ փող: Շատ փող:

Վերջին տարիներին Հայաստանը դարձել է անդրսահմանային որդեգրումների՝ աշխարհում հայտնի կենտրոններից մեկը: Ըստ կառավարության տվյալների, 2002 թվականին առնվազն 57 երեխա (կամ որբանոցներում եղած երեխաների շուրջ 10 տոկոսը) որդեգրվել են օտարերկրացիների՝ հիմնականում Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի քաղաքացիների կողմից: Ընթացիկ տարվա անցած ամիսներին այդ ցուցանիշը արդեն հասել է 30-ի: Հայաստանն այժմ ԱՄՆ-ում որդեգրմամբ զբաղվող մի քանի գործակալությունների ուշադրության կենտրոնում է: Ինտերնետում անգամ հայ երեխաներ որդեգրելու մտադրություն ունեցող ընտանեկան զույգերի համար հատուկ քննարկման էջ կա:

Նման հետաքրքրության պատճառը ընդհանրացրել է ամերիկյան մի զույգ, որ անցած տարի որդեգրել էր մի հայ երեխայի: Նրանց խոսքերով, իրենք հեռավոր Հայաստանն էին ընտրել, քանի որ որդեգրման համար պահանջվում է ընդամենը մեկ կարճատեւ (երկու շաբաթ) ուղեւորություն եւ՝ «հայ երեխաները գեղեցիկ են»:

Արտասահմանցի ծնողներին երեխա որդեգրելու թույլտվություն տալու բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի կառավարությանը, որի պաշտոնական տեսակետը հետեւյալն է. երեխան կարող է երջանիկ լինել միայն ապրելով ընտանիքում: Պաշտոնյաները շեշտում են նաեւ, որ որդեգրողների մեծամասնությունը ծնունդով հայ են:

«Ես կարծում եմ, որ երեխան իրեն ավելի լավ կզգա ընտանիքում, քան ցանկացած գերժամանակակից մանկատանը», - ասում է որդեգրման հարցերով կառավարական հանձնաժողովի քարտուղար Արամ Կարապետյանը:

Խնդիրն այն է, որ այս նրբագույն ոլորտն անգամ, կարծես թե, զերծ չի մնացել Հայաստանի կյանքի բազմաթիվ բնագավառները ներթափանցած կոռուպցիայից: «Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փստաթղթերը ենթադրում են, որ կառավարության կողմից կարգավորվող որդեգրման գործընթացը ներառում է հազարավոր դոլարների հասնող ոչ պաշտոնական ծախսեր, պարզ ասած՝ կաշառքներ, որ որդեգրող ծնողները տալիս են միջնորդներին:

Կատարվածի չափերի մասին է վկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող ամերիկահայ Արա Մանուկյանի անցկացրած ինտերնետային հետաքննությունը: Օգտագործելով Ջենիֆեր Սմիթ կեղծանունը, Մանուկյանը ինտերնետային նամակների միջոցով շփվել է գործընթացին տեղյակ բազմաթիվ ամերիկացիների հետ: Ներկայանալով որպես երկու հայ երեխա որդեգրել ցանկացող տեխասաբնակ կին, նա կարողացել է վերհանել Հայաստանում օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման բազմաթիվ մութ կողմեր:

Պարզվել է, որ ամբողջ գործընթացը իրականացնում են կառավարությունում կապեր ունեցող «միջնորդները», ովքեր գործում են ինքնուրույն կամ կապված են որդեգրմամբ զբաղվող արեւմտյան գործակալությունների հետ: Տարբեր աղբյուրներ նշում են, թե վերջիններիս պահանջած գումարները տատանվում են 9000-13000 դոլարի սահմաններում՝ յուրաքանչյուր երեխայի համար: Այդ գումարի մեծ մասը, նրանց խոսքերով, ծախսվում է համապատասխան պաշտոնյաներին «նվերներ» անելու վրա:

Այդպիսի միջնորդներից երկուսը՝ Գագիկն ու Հասմիկը, ում հետ անցած շաբաթ հանդիպել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, կտրականապես հերքեցին, թե զբաղվում են որդեգրման հարցերով: Նրանք պնդեցին, թե օգնել են կատարել միայն մեկ որդեգրում՝ զուտ «լավության կարգով»՝ առանց գումար վերցնելու:

Սակայն այն, ինչ Գագիկն ու Հասմիկը անցած ձմեռ գրել էին «Ջենիֆերին» իրենց էլեկտրոնային նամակներում, միանգամայն հակառակի մասին է վկայում: «Մենք կարող ենք հանդես գալ որպես ձեր լիազոր ներկայացուցիչները եւ միջնորդները որդեգրման ընթացքում: Մեր ծառայությունները վճարովի են», - գրել էին նրանք դեկտեմբերին, որից հետո նշել էին գումարը՝ առնվազն 9000 դոլար:

«Ջենիֆերին» այս միջնորդներին դիմելու խորհուրդ էր տվել Այովայի համալսարանի պրոֆեսոր Ջեն Բարթլեթը, ով այս ամսվա սկզբին որդեգրել է 6-ամյա մի աղջկա Գյումրիի որբանոցից: Վճարումները, Բարթլեթի պարզաբանմամբ, ներառել են նաեւ ֆինանսական «նվերներ» հայ պաշտոնյաներին: «Գագիկը եւ Հասմիկը ձեզ կտեղեկացնեն, թե որքան է ստացել պաշտոնյաներից յուրաքանչյուրը», - գրել է նա:

Նույնպիսի գումարներ են նշել նաեւ այլ ամերիկացիներ, ովքեր օգտվել են ուրիշ միջնորդների ծառայություններից: 3 տարեկան հայ տղայի որդեգրած Դանա Նիհոլմը եւ իր ամուսինը անցած փետրվարին գրել էին. - «Երբ տեղ հասանք, մեր միջնորդին տվեցինք 12 հազար դոլար: Մենք գիտենք, որ իր վարձը մոտ 1500 դոլար էր, մոտ հազար դոլար կազմեց տան վարձը, սննդի վրա ծախսվեց երեւի 500 դոլար: Եվ չգիտեմ, թե որքան է ծախսվել տեղափոխման ու նվերների վրա»:

Ամերիկահայ մի փաստաբան այդ ծախսերի վերաբերյալ գրել է իր ընկերոջը. - «Ծախսերը կազմում են մոտ 15 հազար դոլար, որից 2,5 հազարը՝ հայ ներկայացուցիչներին, ովքեր իրականացնում են գործընթացը: Մնացածը... դուք գիտեք, թե ուր է գնում»:

Արամ Կարապետյանը, մինչդեռ, կտրականապես հերքում է, թե կառավարության որեւէ պաշտոնյա կարող է կաշառք վերցնել որդեգրման որոշումը հաստատելու համար: Իսկ կառավարությունը, նրա խոսքերով, պատասխանատու չէ մասնավոր միջնորդների վերցրած գումարների համար: «Այստեղ ոչ մի չինովնիկ դրա հետ կապ չունի», - պնդեց Կարապետյանը՝ ավելացնելով, թե ամբողջ թղթաբանության վրա Հայաստանում ծախսվում է ոչ ավելի, քան 100 դոլար:

Օտարերկրացիների կողմից Հայաստանում երեխաներ որդեգրելու գործող ընթացակարգը, որ կառավարությունը հաստատել է 2002 թվականի փետրվարին, կառավարական մարմինների ու պաշտոնյաների բավական լայն շրջանակի իրավունք է տալիս հաստատել, արագացնել կամ դադարեցնել որդեգրումները: Դրանցից ամենակարեւորը Կարապետյանի հանձնաժողովն է: Այն գլխավորում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ կազմված է բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց թվում են գիտության եւ կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարները:

Որդեգրման ամբողջ գործընթացը տեւում է մի քանի ամիս: Պահանջվում են ոչ միայն հանձնաժողովի, այլեւ արտգործնախարարության, ոստիկանության ու անգամ համապատասխան (որտեղ գտնվում է մանկատունը) տեղական համայնքի դրական որոշումները: Վերջնական որոշումն ընդունվում է կառավարության նիստում:

Հունիսի 18-ին կառավարությունը հաստատել է երեք երեխայի որդեգրում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Թուրքիայի քաղաքացիների կողմից (վերջիններս հայազգի են): Որդեգրման որոշումները երբեք չեն հրապարակվել:

Օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրումը լայն տարածում ունի աշխարհում՝ հիմնականում որբերին Ասիայի, Լատինական Ամերիկայի եւ Արեւելյան Եվրոպայի աղքատ երկրներից տեղափոխում են բարեկեցիկ Արեւմուտք: Դա անդրազգային առեւտրի որոշ տարրեր է պարունակում. երեխաների տարբեր կարգերը ունեն իրենց շուկայական արժեքը: Ամենամեծ պահանջարկը վայելում են նորածին առողջ երեխաները:

Կալիֆորնիայում գտնվող մի գործակալություն, օրինակ, իր ինտերնետային էջում ունի աշխարհի տարբեր երկրներում երեխաների մանրամասն գնացուցակ: Նշվում է նաեւ, թե քանի անգամ ապագա ծնողները պետք է այցելեն համապատասխան երկիրը եւ որքան գումար է անհրաժեշտ այդ ուղեւորությունների համար: Հայաստան պահանջվում է ընդամենը որդեգրող ծնողներից մեկի միայն մեկ այցելություն, եւ ապագա որդեգրողը կարող է երեխա ընտրել միջնորդի միջոցով: Ավելին՝ նրանք անգամ հարցազրույց չեն անցնում որդեգրման հարցերի հանձնաժողովում: Հիմնական պահանջը տարեկան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 24 հազար դոլար երաշխավորված եկամուտն է: Կարեւոր, թեեւ ոչ պարտադիր պահանջ է նաեւ, որդեգրողների հայկական ծագումը:

Հայաստանում կա հինգ որբանոց, որտեղ ապրում են 600 որբեր: Նորք-Մարաշի որբանոցում ներկայումս մինչեւ վեց տարեկան 77 երեխա կա: Այս տարի այստեղից արդեն մեկ տանյակից ավելի երեխա տարվել է արտասահման:

Որբանոցի տնօրեն Լիանա Կարապետյանի խոսքերով, երեխաներից շատերին «ժամանակավորապես» որբանոց են բերել ծնողները՝ հիմնականում միայնակ մայրեր, ովքեր պնդում են, թե միջոցներ չունեն երեխաներին կերակրելու ու պահելու համար:

«Մեր առաջնային խնդիրն է երեխաներին ընտանիք վերադարձնելը: Մեծ երաշխիքներ կան նորմալ ապրելու, զարգանալու, սովորելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց սոցիալական ապահովության նախարարության երեխաների հարցերով զբաղվող աշխատակից Լենա Հայրապետյանը:

Ինչպես Հայրապետյանը, այնպես էլ այլ պաշտոնյաներ ասում են, թե օտարերկրացիներին թույլատրվում է որդեգրել այն երեխաներին, ում համար չի հաջողվում նոր ծնողներ գտնել Հայաստանում: Նրանց պնդմամբ, թեեւ անցած տարի հայաստանցիները երկու անգամ ավելի շատ երեխաներ են որդեգրել, քան օտարերկրացիները, մեզանում հազվադեպ են որդեգրում մտավոր կամ ֆիզիկական արատներ ունեցող երեխաների: Իսկ վերջիններս կազմում են որբ երեխաների կեսը, եւ Արեւմուտքում սիրող ծնողները գտնելը նորմալ կյանքով ապրելու միակ հնարավորությունն է այդ երեխաների համար:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG