Մատչելիության հղումներ

Քոչարյանը կարեւորում է ընդդիմության մասնակցությունը Ազգային ժողովի աշխատանքին


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ օրը խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմությանը ձայն տված ընտրողներին կոչ արեց «գնահատել» իրենց ընտրյալների կեցվածքը՝ միաժամանակ կարեւորելով ընդդիմադիրների մասնակցությունը Ազգայի ժողովի աշխատանքներին:

Անդրադառնալով ընդդիմության կողմից խորհրդարանի աշխատանքների բոյկոտին, Ռոբերտ Քոչարյանն ասաց. - «Ես կարծում եմ, որ ժողովուրդը քվեներ է տվել պատգամավորներին կամ քաղաքական միավորներին Ազգային ժողովում մասնակցելու համար: Տվյալ դեպքում ընտրողները թող գնահատեն այս կամ այն կուսակցությունների կեցվածքը կապված իրենց մասնակցության կամ չմասնակցության հետ»:

Նախագահն, այդուհանդերձ, կարեւորեց ընդդիմության մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին՝ հավելելով, թե ընդդիմության հետ համագործակցություն կարող է լինել այն հարցերում, որտեղ նույնատիպ մոտեցումներ կարող են ակնկալվել. մասնավորապես՝ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման, ղարաբաղյան խնդրի կարգավորման, Հայաստան - սփյուռք հարաբերությունների հարցերում։

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչներին գործադիր իշխանության կառույցներում պաշտոններ տալուն, ապա նախագահը դարձյալ կտրուկ դեմ արտահայտվեց՝ շեշտելով, թե հենց որ ընդդիմությունը պաշտոն ստացավ, կդադարի այդպիսին լինելուց։

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իր նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ «Ազգային միաբանություն» կուսակցության առաջարկին, Ռոբերտ Քոչարյանը հակիրճ պատասխանեց, թե նման առաջարկի մեջ ինքը չի տեսնում «ո՛չ միտք եւ ո՛չ էլ հետեւանք»։

Խոսելով քաղաքական կոալիցիայի եւ Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագրի մասին, Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ դասական կոալիցիայի տարբերակը առաջին անգամ է իրագործված Հայաստանում եւ հույս հայտնեց, որ այն կազմող քաղաքական ուժերի միջեւ համագործակցությունը կլինի շարունակական:

«Այդպիսի պրակտիկա մենք չենք ունեցել եւ շատ է կախված, թե ինչպես կձեւավորվեն այս հարաբերությունները», - ասաց նախագահը: - «Ես համոզմունք ունեմ ներքին, որ կհաջողվի այստեղ ունենալ դրական արդյունքներ»:

Կառավարության գործունեության քառամյա ծրագիրը երկրի նախագահը «իրատեսական» որակեց՝ ավելացնելով, թե նախորդ երեք տարվա արդյունքները ցույց են տալիս, որ կարելի է այդպիսի բարձր նշաձող դնել իբրեւ նպատակ եւ իրագործել։

Նա ներկայացրեց ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների բարձր տնտեսական ցուցանիշները՝ ավելացնելով. - «Տնտեսությունը սկսել է ավելի ու ավելի աշխատել տնտեսական տրամաբանության շրջանակներում եւ շատ ավելի քիչ կախվածություն ունենալ քաղաքական իրադարձություններից, սա լավագույն դրսեւորումներից է»:

Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հարցերին պատասխանեց «Դողագործ» ձեռնարկությունում: Մասնավորեցված այդ ընկերության բաժնետոմսերի երեք քառորդի սեփականատերը ամերիկյան «Ջի-Թի-Էմ» ընկերությունն է, որը 1.5 միլիոն դոլար ծախսելով արդեն իսկ վերագործարկել է օդախցիկների արտադրությունը ու պատրաստվում է առաջիկայում եւս 2 միլիոն դոլարի ներդրում անել։ Ամերիկյան ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Սարգիս Ջիբիլյանի հավաստմամբ, առաջիկա ներդրումները հնարավոր կդարձնեն տարեկան 200 հազար որակյալ անվադողերի արտադրությունը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG