Մատչելիության հղումներ

Հրանտ Վարդանյանը խոստանում է վերագործարկել Վանաձորի քիմիական համալիրը


Ծխախոտի եւ հրուշակեղենի բիզնեսում հաջողակ գործարար, «Գրանդ հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը չորեքշաբթի օրը խոստացավ խոշոր ներդրումներ անել՝ Վանաձորի քիմիական համալիրը վերագործարկելու նպատակով:

Հրանտ Վարդանյանի փոխանցմամբ, ինքը եւ 1999 թվականին Վանաձորի քիմիական համալիրը սեփականաշնորհած հայազգի ռուսաստանաբնակ գործարար Սենիկ Գեւորգյանը որոշել են այս տարվա ընթացքում համատեղ ներդրումներով Վանաձորում վերականգնել ացետատային ժգուտի, կորունդի եւ կարբիդի արտադրությունը։ ԹԵ կոնկրետ որքան են կազմելու ներդրումները, Վարդանյանը չմանրամասնեց, ասելով միայն, որ երկու ներդրողները կիսելու են ապագա շահույթը:

«Այս ծրագիրը կխթանի նաեւ «Նաիրիտ»-ի աշխատանքը», - ասաց Հրանտ Վարդանյանը։

«Գրանդ Հոլդինգի» նախագահը ոգեւորված է նաեւ արեւային էներգիտիկայի բնագավառում գիտական մշակումներով ու որոշել է աջակցել ակադեմիկոս Պարիս Հերունու ծրագրերին։ Դրանց հիման վրա կառուցված 300 կիլովատտ հզորությամբ արեգակնային էլեկտրակայանը ավարտին կհասցվի Հրանտ Վարդանյանի ներդրումներով, որից հետո, եթե փորձարկումը ցանկալի արդյունքներ տա, ապա ներդրումներ կարվեն արդեն ավելի հզոր արեւակայանի կառուցման մեջ։

Այս ծրագրի իրագործման օգտին արտահայտվեց նաեւ ասուլիսին մասնակցող Մեծամորի ատոմակայանի տնօրեն Սուրեն Ազատյանը:

Ընդգծելով այլընտրանքային էներգիայի աղբյուրների ստեղծման կարեւորությունը, Ազատյանը հիշեցրեց անցած ձմեռը, երբ որոշվեց առանց վերալիցքավորելու վերագործարկել ատոմակայանը. - «Պատկերացրեք, ատոմակայանը եթե չվերագործարկվեր, այսօր մեր վիճակը ինչ կլիներ»:

«Ուշ թե շուտ այս բոլորը պետք է փոխարինվեն այլ էներգակիրներով, այլ էներգիայի աղբյուրներով», - ավելացրեց Սուրեն Ազատյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG