Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վերջին ընտրություններով Հայաստանում է'լ ավելի ամրագրվեց այն թեզը, թե ամենախելացին ամենահարուստներն են», - արձանագրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Նոր Ազգային ժողովի պատգամավորի հավաքական կերպարն այսպիսին է. կաղնու լայնության վիզ, դրանից կախած ծանր ոսկե շղթա, աչքերում՝ «բոլորին կծախեմ-կառնեմ» մշտական արտահայտություն, անճաշակ-ցցուն հագուկապ, որը, սակայն, երբեմն գոնե ծածկում է մարմնի դաջվածքները: Սրանց հարստությունը տասնյակ միլիոն դոլարներով է հաշվվում, նրանք են վճռում մնացած հարյուր հազարավոր հասարակ մահկանացուների ճակատագիրը, նրանք են կյանքի տերերը, եւ պատգամավորական մանդատն էլ նրանց համար բարձր հասարակությանը պատկանելու մի վկայագիր է պարզապես: Ազգային ժողովի աշխատանքի առաջին օրերից դատելով էլ՝ նրանց մեծ մասը իրոք վստահ է, թե առանց իրենց ժողովրդի ու պետության ճակատագիրը չի վճռվի», - ավելացնում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը՝ չբացառելով, որ հենց այդ «աստղերի» միջից էլ առաջ է գալու երկրի հաջորդ, մականունավոր նախագահը. - «Սա լրիվ տեղավորվում է այս տարիների գործընթացների տրամաբանության ու մակարդակի մեջ»:

«Փորձադաշտ» խորագրի ու «Պաշտոնների բաժանման տրամաբանությունը անտրամաբանության մեջ է» վերնագրի ներքո «Ազգ» թերթի մեկնաբանը ուրվագծում է. - «Այսօրինակ կոալիցիայի ձեւավորմամբ ե'ւ քաղաքական ուժերը, ե'ւ հանրապետության նախագահը հավաստեցին, որ իրենք՝ երկու կողմն էլ, սպասվածից ավելի թույլ են։ Նախագահը փաստորեն ցույց տվեց, որ այնուամենայնիվ խորհրդարանական ուժերի հարաբերակցությունը «Արդարություն» դաշինքի նման արմատական ընդդիմության առկայությամբ փոփոխվելու վտանգ է պարունակում, ինչը նախագահին կարող է զրկել խորհրդարանում վստահելի հենարանից... ուստի անհրաժեշտ էր հենց սկզբից հսկողության տակ պահել քաղաքական ուժերին։ Իսկ քաղաքական հաղթած համարվող ուժերը թույլ գտնվեցին այն առումով, որ իրենց դրեցին նախագահական նստավայրի լիակատար վերահսկողության տակ՝ ԱԺ-ն հերթական անգամ դարձնելով գործադիր իշխանության կցորդը»: «Ամեն ինչ անտրամաբանական է թվում խորհրդարանում։ Գլխավոր հարցը մնում է այն, թե որն էր «Օրինաց երկիր»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին ԱԺ նախագահ «նշանակելու» տրամաբանությունը», - առանձնացնում է մեկնաբանը՝ նաեւ գնահատելով, որ «Օրինաց երկիր» կուսակցությանը բաժին հասան «յուղոտ» նախարարությունները, իսկ Դաշնակցությանը՝ «այնպիսի ոլորտներ, որոնք ավանդաբար անշնորհակալ աշխատանքի ոլորտներ են»:

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով՝ այս «կոալիցիոն խաղաղությունը» թվացյալ է, կոալիցիայի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները շարունակում են առանց համակրանքի վերաբերել իրար, եւ Ազգային ժողովի մթնոլորտում անպակաս է «բարեկամական» խարդավանքների ոգին»: «Իսկ գործադիր օղակներում, որոնց խոհանոցը հանրության եւ լրագրողների ամենատես աչքից հեռու է, բնականաբար, խարդավանքները է'լ ավելի են ծաղկելու», - կանխանշում է մեկնաբանը՝ այս առումով նաեւ շեշտադրելով. - «Իշխանության ներսում այսօրվանից չի կարող մտահոգության առարկա չլինել այն հարցը, թե ով պետք է լինի երկրի հաջորդ նախագահը: Մրցակիցների պակաս այդ հարցում չի զգացվելու, եւ Ռոբերտ Քոչարյանին ստեղծված իրավիճակում ամենեւին էլ դժվար չէ ուժեղացնել մեկ մրցակցին կամ թուլացնել մյուսին՝ պահպանելով ուժերի այնպիսի հաշվեկշիռ, որը թույլ կտա հենց իրեն որոշել սեփական իրավահաջորդի հարցը»: «Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը այնպիսին է, որ ցանկացած պահի առանց մեծ ջանքերի հնարավոր է այդտեղ կտրուկ փոփոխություն առաջացնել», - եզրափակվում է «Իրավունք»-ում:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում հետեւյալ ակնկալիքն է ներկայացնում. - «Ընդդիմությանը պետք է ոչ թե պարզ քննադատողի դեր տալ ու դրանով սահմանափակվել, այլ իր ստացած քվեի համամասնությամբ թույլ տալ մասնակցելու պետության կառավարմանը»։ Ներկայիս կոալիցիան, ըստ նրա մի նոր մարմին է, որի վրա հարկ եղած դեպքում կարելի կլինի բարդել ողջ պատասխանատվությունը։ «Մեզ շատ է հուզում, թե կառավարության ծրագիրը որքանո՞վ սոցիալական կլինի, եւ ի՞նչ կարող է անել կոալիցիան։ Եթե նրանք կարողանան իրենց խոստումները կատարել, մենք միայն ուրախ կլինենք», - ասում է Ալեքսան Կարապետյանը: - «Հատկապես հետաքրքիր է, թե ԱԺ նախագահ դարձած «Օրինաց երկրի» նախագահն ինչպե՞ս է բազմապատկելու թոշակներն ու աշխատավարձերը»: Իսկ նույն կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Մենք պետք է կարողանանք երկրում բարոյահոգեբանական այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ հանրապետության նախագահն ու պաշտպանության նախարարը գիտակցեն, որ Հայաստանում անելիք չունեն: Արհեստականորեն տարածվող լուրերը, թե տարաձայնություններ կան Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ՝ ընդամենը ծուղակ էին այն ուժերի համար, որոնց մի մասը նեղացած է Սերժ Սարգսյանից, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանից»: «Ինչ վերաբերում է ընդդիմությանը, կարծում եմ», - նշում է Գեղամյանը, - «մենք պետք է գիտակցենք, որ պարոնայք Քոչարյանն ու Սարգսյանը կաշխատեն ամեն կերպ քաղաքական ուժերին հանել միմյանց դեմ. հատկապես ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ մի կողմից, իսկ ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցություններին՝ մյուս կողմից: Նրանք չափացանց լավ են տիրապետում հայտնի կարգախոսին՝ բաժանիր, որ տիրես»:

«Հայոց Աշխարհ» թերթի վերլուծությամբ, ընդդիմության հիմնական խաղաքարտը լինելու է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի անխուսափելի ակտիվացումը՝ 2003թ. հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: «Մինչ այդ՝ առաջիկա ամիսներին երկրի ներսում քաղաքական գործընթացները կշարունակեն ծավալվել իշխանության ու ընդդիմության միջեւ առայժմ պահպանվող «սառը պատերազմի» տրամաբանության շրջանակներում: Կողմերից յուրաքանչյուրը կգործի միայն իր դաշտում եւ կզբաղվի սեփական գործով՝ մինչեւ առաջիկա աշուն, երբ ներքին ու արտաքին խնդիրների հասունացման հետեւանքով տեղի կունենա երկու քաղաքական ճամբարների անխուսափելի բախումը», - կանխատեսված է «Հայոց Աշխարհ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG