Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագինը կարող է «ոչ մեծ փոփոխություն կրել»


Էներգետիկայի վերանշանակված նախարար Արմեն Մովսիսյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում չհերքեց լուրերը, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարող է մոտ ապագայում բարձրանալ:

Արմեն Մովսիսյանը ասաց, որ աշխատանքային խումբը ուսումնասիրություններ է անցկացնում համակարգում, եւ դրանց արդյունքները կներկայացվեն մեկ ամսից: Նրա խոսքերով, այսօր դժվար է ասել՝ սակագինը կփոխվի, թե նույնը կմնա: Նախարարի որոշ ակնարկներից, սակայն, կարելի է ենթադրել, որ սակագինը կարող է ոչ մեծ փոփոխություն կրել: Արմեն Մովսիսյանը խոսեց սղաճի գործոնի մասին. էլեկտրաէներգիայի ներկայիս սակագինը հաստատվել է 1998 թվականին, երբ դոլարի կուրսը 480-500 դրամ էր, մինչդեռ այսօր այն կազմում է 580 դրամ:

«Իսկ մեր էներգակիրները լրիվ դրսից են գալիս, եւ բոլոր պայմանագրերը եւ վճարումները իրականացվում են դոլարով թե գազի համար, թե միջուկային վառելիքի համար», - ասաց նախարարը: - «Բնականաբար, այստեղ կա գործոն, որը կստիպի այդ մասին մտածել, բայց որը, չեմ կարծում, թե մեծ փոփոխության առիթ կտա»:

Հրավիրված ասուլիսի նպատակը տեղեկացնելն էր, որ վերջապես Ռուսաստանից ներկրվել է Հայկական ատոմակայանի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքը: «Այսօր կարող ենք արձանագրել, որ անհրաժեշտ քանակությամբ միջուկային վառելիքի խմբաքանակը ներկրված է Հայաստան, ընթանում են անհրաժեշտ լիցքավորման աշխատանքները՝ ամենակարճ ժամկետում ատոմակայանը աշխատացնելու համար», - հայտարարեց էներգիտիկայի նախարարը:

Նշված աշխատանքները նախատեսված է ավարտել 20-30 օրում: Վերջին տարիների ընթացքում միջուկային վառելիքի դիմաց 40 միլիոն դոլար պարտք էր կուտակվել: 13 միլիոն էլ պետք էր նոր վառելիքի համար: Միջոցների բացակայության պայմաններում Մեծամորի ատոմակայանը անցած ձմռանը չաշխատեց: Առանց վերաբեռնավորման այն որոշ ժամանակ աշխատեց միայն նախագահական ընտրություններից առաջ, իսկ ապրիլի 4-ին նորից կանգնեցվեց:

Ֆինանսական խնդիրները լուծվեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի բանակցություններում. ատոմակայանի ֆինանսական կառավարումը հանձնվեց ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ-ին: 40 միլիոն դոլարի պարտքի մի մասը՝ 25 մլն դոլարը, փակվեց՝ հիդրոէլեկտրակայանների «Սեւան - Հրազդան» կասկադը փոխանցելով ՌԱՕ ԵԷՍ-ին:

Նախարար Մովսեսյանը իր ղեկավար համակարգում լուրջ առաջընթաց համարեց փաստը, որ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին բաշխիչ ցանցերը 100 տոկոսով վճարում են, աշխատավարձի պարտքեր չեն գոյանում:

Անդրադառնալով գազի մատակարարումներին, նախարարը ասաց, որ ներկայումս Հայաստանը այն ստանում է ռուսաստանյան երկու ընկերություններից՝ նախկին հիմնական մատակարար «Իտեռա»-ից եւ «Գազպրոմ»-ից:

«Գազի գինը անփոփոխ է», - ասաց Մովսեսյանը: - «Առաջիկայում, համաձայն պայմանավորվածությունների, բարձրացում չենք ակնկալում»:

Հայաստանում նորություն է սպասվում այլընտրանքային էներգետիկայի բնագավառում: Արմեն Մովսեսյանի փոխանցմամբ, կազմվել է հանրապետության քամիների քարտեզը: Քամիների ընդհանուր հզորությունը գնահատվում է 450 մեգավատտ, ինչը կազմում է Մեծամորի ատոմակայնի հզորություն գրեթե կեսը: Առաջին հողմակայանը, արդեն ստացված 2,5 մլն դոլարի դրամաշնորհով, կառուցվելու է այս տարի Պուշկինի լեռնանցքում:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG