Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մատուցմամբ, կոալիցիոն կառավարության ձեւավորման մասին հուշագրի ստորագրումը ոչ միայն շուրջ կես տարի տեւած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների եւ հետընտրական գործընթացների ավարտն է, այլեւ 1998-ից Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքական գծի վերահաստատումն ու ամրագրումը: «2003-ի ընտրական մարաթոնից հետո այլեւս հետ նայելու, միմյանց հետ մրցելու, պատասխանատվությունից խուսափելու խնդիր չի կարող լինել, որովհետեւ սրանից հետո մեղադրելու եւ պատասխանատվության են կանչելու միայն ու միայն ընտրություններում հաղթանակած քաղաքական թիմին՝ իր ամբողջական բուրգի երեք օղակներով հանդերձ (նախագահ, Ազգային ժողով, կառավարություն)», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ մատնանշելով ձեւավորված կոալիցիայի այսպիսի առավելություններ. - «Նրա մեջ մտած ուժերի «քաղաքական կշիռների» գումարման փաստը, որը լուրջ քաղաքական ռեսուրս է դառնում իշխանության համար: Ձեւավորված կոալիցիայի կողմից առանձնացվող քաղաքական առաջնահերթ խնդիր-նպատակների գոյությունը, որոնք իմաստավորում են ձեռք բերված համաձայնությունները՝ դրանք տեղափոխելով ոչ թե իշխանության բաժանման, այլ պատասխանատվության իրացման հարթություն: Եվ վերջապես՝ իշխանության տարբեր ճյուղերի միջեւ օպտիմալ բալանսի հաստատումը, որը փաստորեն բացառում է մի կողմից՝ ԱԺ - նախագահ եւ մյուս կողմից՝ ԱԺ - կառավարություն տարաձայնությունները»: «Ձեւավորված քաղաքական պատասխանատվության համակարգն ունի նաեւ իր թերությունները», - ավելացնում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Դրանց շարքում, մեր կարծիքով, ամենահիմնականը կուսակցություններին նախարարների իրենց թեկնածուներին առաջադրելու եւ նրանց հետ կանչելու իրավունքի տրամադրումն է, որը ոչ միայն բազմաշերտ բնույթ է հաղորդելու ապագա կառավարությանը, այլեւ նրա անդամների նշանակալի մասին դարձնելու է պարոնյանական «երկու տերով ծառա մը»: Կուսակցական նախարարները այս կամ այն չափով ստիպված են լինելու խուսանավել գործադիր իշխանության եւ սեփական կուսակցության նպատակների ու խնդիրների միջեւ, հանգամանք, որը հղի է երրորդ, բայց հիմնական տիրոջը՝ ժողովրդին ծառայելու հարցի անտեսման հեռանկարով»:

«Առավոտ» թերթի անդրադարձում, մասնավորապես, ընդգծված է. - «Պարզ չէ «կոալիցիայի» բովանդակային կողմը: Հուշագրում նշված քաղաքական բոլոր առաջնահերթությունները (բացի սահմանադրական փոփոխություններից) իրենց մեջ բարի ցանկություններ են պարունակում, որոնց տակ կարող են ստորագրել ոչ միայն 3, այլեւ Հայաստանում գրանցված բոլոր 110 կուսակցությունները: Իսկ կառավարություն կազմած երեք կուսակցությունների առանձին պատասխանատվության խնդիրը, այնուամենայնիվ, լղոզված է մնում: Օրինակ, ընտրարշավի ժամանակ «Օրինաց երկիր»-ը խոստանում էր 4 տարում 10 անգամ բարձրացնել թոշակները, իսկ հանրապետականները իրավամբ պնդում էին, որ դա դատարկ պոպուլիզմն է: Երբ թոշակներն այդքան չեն բարձրանա, տեսնես, ո՞վ է դրա համար պատասխան տալու՝ նույն կառավարության մեջ մտած հանրապետականնե՞րը, թե՞ «Օրինաց երկիր»-ը: Կամ գուցե անձամբ սոցապ դաշնակցական նախարա՞րը»: «Կոալիցիայի» շրջանակներում կադրային լուծումներն էլ «Առավոտ» թերթը որակում է պարզապես «ապշեցուցիչ»:

«Ինչպե՞ս կարող է այս կոալիցիոն կառավարության ստեղծման մեխանիզմը համապատասխանել միջազգային չափանիշերին, եթե միջազգային չափանիշերին չէին համապատասխանում այն ընտրությունները, որի արդյունքում ձեւավորվում է այս կոալիցիան», - հարց է շեշտադրում «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը՝ անդրադառնալով երեկ կոալիցիայի հուշագրի ներկայացման ընթացքում հնչած արժեվորումներին: Վերջինիս հայացքով՝ կոալիցիայի անդամների հարաբերություններն էլ լարված են մնում, եւ դա նկատելի էր նաեւ երեկվա արարողությունների ժամանակ: «Միակ «սոսինձը», որ կարող է պահել այս կոալիցիան՝ փողն է», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Ավելի ճիշտ՝ փող աշխատելու հնարավորությունը: Կոալիցիայի մաս կազմած յուրաքանչյուր ուժ հստակ գիտակցում է, որ առանձնանալու դեպքում կկորցնի այն ոլորտները, որից ներկայումս սնվում է ֆինանսապես: Սա կարող է շատ ավելի ամուր «սոսինձ» լինել, քան ոմանք կարծում են»:

Կառքին լծված երեք ձի՝ ՀՀԿ-ի, «Օրինաց երկիր»-ի եւ Դաշնակցության ղեկավարների գլուխներով, որոնց վարում է Ռոբերտ Քոչարյանը. «Ազգ» թերթը մեծադիր այսպես է գծանկարել կոալիցիայի իր տեսլականը, եւ կից վերլուծականում էլ հատկապես նշվում է. - «Քաղաքական կոալիցիայի հուշագիրը շատ հետաքրքրական եւ յուրօրինակ մի փաստաթուղթ է։ Առավել եւս հաշվի առնելով, որ այն ստորագրվեց 3 կուսակցությունների կողմից, այնինչ այնտեղ առավել դոմինանտ է 4-րդ կողմը՝ ի դեմս հանրապետության նախագահի։ Անհասկանալի է նաեւ, թե ինչպես են «Փոխենք մեր կյանքը», «Ապավինենք մեր մտքին ու բազկին», «Քո օրենքը քո երկրում» կարգախոսերով առաջնորդված քաղաքական ուժերը հուշագիր ստորագրելիս խոսում ծրագրային ընդհանրությունների մասին։ Դաշնակցական կարգախոսը կյանքը փոխելու առումով այնքան էլ նույնագիծ չէ իր մտքին ու բազկին ապավինող հանրապետականների հետ։ Իսկ երբ ավելացնում ենք իր օրենքն իր երկրում, հավանաբար, ունենալու կոչ անող կուսակցության կարգախոսը, ապա հասկանալի է, որ ստեղծվող կոալիցիան ոչ թե դասական նպատակ ունի, այլ ըստ էության ժամանակավոր խնդիրներ է լուծում», - գնահատում է «Ազգ»-ը։

«Այբ-Ֆե» թերթի պատկերավորմամբ՝ «ընտրական թատրոնն ավարտվեց, ամեն մեկն իր դերը իրականացրեց լավագույնս», իսկ այդ ներկայացման լավագույն պարգեւն էլ քաղաքական կոալիցիայի ամրագրումն էր: «Այս նորաձեւված խորհրդարանի, նրա մեծամասնության նպատակը ոչ թե Հայաստանի խնդիրները լուծելն է, այլ՝ նախագահի գրպանում լինելը», - գրում է «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը՝ կառավարության միախառնված ծրագիրն էլ որակելով «նժդեհական-հեղափոխական-պոպուլիստական աջաբսանդալ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG