Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի վերլուծությամբ, կառավարության վերադասավորումների արդյունքում Դաշնակցությունը կստանա ամենախոցելի, ամենից շատ քննադատվող նախարարությունները: «Տրամաբանական չէ, որ Դաշնակցությունը համաձայնել է ստանձնել երկրի սոցիալական ապահովության պատասխանատվությունը: Թերեւս ճիշտ կլիներ, որ սոցիալական ոլորտին վերաբերող ամենապոպուլիստական եւ խոստումնաշատ կուսակցությունը ստանձներ այդ պատասխանատվությունը», - նշում է մեկնաբանը: - «Դաշնակցությունը համաձայնել է վերցնել նաեւ առողջապահության նախարարի պորտֆելը, երբ նույն սուպերպոպուլիստ «Օրինաց երկիր»-ը խոստանում է անվճար բուժօգնություն»: Իսկ ընդհանուր առմամբ, «Առավոտ»-ում գնահատական է տրվում, որ «այսօրվա խճանկարը Ռոբերտ Քոչարյանի համար իդեալական տարբերակ է իրեն սատարող ուժերին միմյանցով փոխլրացնելու եւ հակակշռելու իմաստով»:

«Մի հանգամանք կա, որի մասին չի կարելի մոռանալ: Ցավոք, Հայաստանում չեն ձեւավորվել քաղաքական հարաբերությունների ավանդույթներ», - «Հայոց Աշխարհ» թերթի հարցազրույցում ընդգծում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: - «Շատ հաճախ այդ հարաբերությունները չեն կառուցվում սկզբունքների վրա, ե՛ւ անձնավորվում են, ե՛ւ ինչ-ինչ խմբակային շահերից են բխում: Ու դա է պատճառը, որ կայունության լուրջ երաշխիքներ չեն դրվում հիմքում: Եւ այս կամ այն երեւույթի ազդեցության տակ, այս կամ այն պատճառով խորհրդարանում աղետ է տեղի ունենում»: «Այս անգամ եւս սկզբունքների նախապես մշակման եւ դրանց շուրջ բանակցությունների ձեւավորման գործընթացը թերի եղավ: Բայց քաղաքական ուժերը դեռեւս ժամանակ ու հնարավորություն ունեն ընթացքում ճշգրտելու անելիքները, համագործակցության հնարավորությունները: Հուսանք, որ իսկապես խորհրդարանում աղետներ չեն լինի: Սակայն նաեւ հաշվի առնենք, որ գոնե այսօր որեւէ մեկը հաստատ երաշխիք չի կարող տալ», - ասում է Տիգրան Թորոսյանը: - «Չեմ ուզում վատ բաներ կանխատեսել, բայց կա իրականություն, որը մենք չենք կարող չտեսնել եւ իրավունք չունենք չտեսնելու: Պետք է տեսնել, եւ ամենօրյա աշխատանքով, թեկուզեւ փոքր քայլերով գնալ առաջ, որպեսզի այդ իրավիճակը շտկվի: Իրավիճակի հետագա պահպանումը կամ խորացումն իսկապես հղի են բավականին ծանր հետեւանքներով»:

Լրատվական «ԱԼՄ հոլդինգ»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին խոստովանել է, որ «սկսել է հասկանալ, թե ինչու են մարդիկ դառնում ընդդիմադիր»: «Խորհրդարանական ընտրությունները ստիպել են, որ ռուսամետ քաղաքական կողմնորոշում ունեցող Տիգրան Կարապետյանը փոխի եւ իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները: Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ մեր երկրում ժողովրդավարական զարգացումներով: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յարովը կարող էր իր եզրակացությունը գրել նաեւ Մոսկվայում՝ առանց Հայաստան գալու, ինչը չի կարելի ասել ամերիկյան եւ եվրոպական դիտորդների մասին: Արեւմտյան դիտորդների եւ մեր՝ թեկնածուներիս եզրակացությունները համապատասխանում են իրար, իսկ ռուսներինը՝ դրա լրիվ հակառակն է»,- ասում է «ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավարը՝ ավելացնելով. - «Ռուսաստանը վերջին տարիներին հերթով «գցել» է իր բոլոր դաշնակիցներին՝ Հարավսլավիային, Աֆղանստանին, Իրաքին: Այժմ հերթը Իրանինն է, եւ չի բացառվում, որ նույնը մեզ հետ կատարվի»: Տիգրան Կարապետյանը առաջարկում է Ռուսաստանի կողմից «չգցվելու» համար տարանջատվել այդ երկրից, թեեւ ինքն էլ այդ երկրում բիզնես ունի:

«Արմենիա» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների մրցության առնչությամբ «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավարը «Հայկական ժամանակ»-ին ասել է. - «Կարծում եմ, հանձնաժողովը նախապատվությունը կտա «Ա1+» հեռուստաընկերությանը, որովհետեւ այդ հեռուստաընկերությունը ներկայացնում է ավելի հարուստ ծրագիր: Ինչ վերաբերում է ծրագրերի իրատեսական լինելուն, ապա ինչո՞ւ նույն հանձնաժողովը մեկ տարի առաջ կարող էր հավատալ «Շարմ»-ի անհավանական ծրագրին, իսկ հիմա չի կարող հավատալ «Ա1+»-ի ծրագրին»:

«Երեկ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես եկած «Արմենիա»-ի ղեկավար Բագրատ Սարգսյանը ջանք չխնայեց հեռուստաընկերության փաստացի տեր Գաֆեսճյանին քծնելու, «Արմենիա»-ին գովաբանելու եւ «Ա1+»-ի հասցեին չարախոսելու համար», - ձեւակերպել է «Այբ-Ֆե» թերթը՝ փոխանցելով եւ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի հետեւյալ արձագանքը. - «Արդեն ասել եմ, որ նա ճիշտ կանի՝ հնարավորինս քիչ արտահայտվի. գոնե այդպես փոքր-ինչ խելոք մարդու տպավորություն կթողնի: Մինչդեռ կլոունադան շարունակվում է, եւ ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

«Առավոտ» թերթի խմբագիրն էլ այսօր անդրադարձել է. - «Եթե «Արմենիա»-ն իսկապես գտնվում է մեր Գալակտիկայի կենտրոնում, ինչպես պնդում է նրա ղեկավարը, եւ ամբողջ առաջադեմ մարդկությունը իրոք ուշաթափվում է այդ հեռուստաընկերության հաղորդումների ստեղծագործական որակից, ապա, կարծես թե, մնում էր հանգիստ սպասել, որ դրանում «համոզվի» նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ այսօր երկարացնի այդ մտքի տիտանների լիցնեզիան... Ի՞նչ նպատակ ունեն ինքնագովերգման եւ դիմացինին նվաստացնելու այս ջղաձիգ մենախոսությունները, դժվար է հասկանալ»:

Հանրային հեռուստատեսության խորհրդի անդամ Ստեփան Պողոսյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում գնահատում է. - «Հիմա հեռուստատեսությունը դարձել է ավելի շատ ողորմելի բիզնես, քան իրականում բարոյական ֆունկցիա ունեցող ու բարոյական առաքելություն ունեցող երեւույթ: Մեզ մոտ հեռուստատեսությունը փչացած, վատ վիճակում է: Ոչ թե արժեքներ է ստեղծում, այլ շահադիտական նկատառումներով աղավաղված ինչ-որ բան... Այն, ինչ արեցին այդ հեռուստաընկերությունները ընտրությունների ընթացքում, նրանց ամենամեծ խայտառակությունն է», - մասնավորեցնում է Ստեփան Պողոսյանը: - «Նրանք ժողովրդին շփոթեցրին, գցեցին խուլիգանների, աֆերիստների մոլուցքի մեջ, որպեսզի ինչ-որ մարդիկ նստեն ինչ-որ պաշտոնների եւ փող ստանան: Այնպես որ, ես նրանց չեմ հարգում»: Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի անդամի հայացքով, «Մոսկվայի ծրագրերը ժողովուրդ են բարձրացնում, իսկ մեզ մոտ չկա մի ծրագիր, որը կոչված լինի ժողովրդին բարձրացնել այն աստիճանի, որ այն իր ազգային շահերը մի քիչ ավելի բարձր դասի, քան առանձին մարդկանց շահերը»: Այսքանով հանդերձ, Ստեփան Պողոսյանը դիմում է «Ա1+»-ին, թե՝ «Չեմ հասկանում, ինչպես եք դուք «Արմենիա»-ի հետ կռվի մեջ մտել: Ի վերջո, «Արմենիա»-ի թիկունքում որոշ ուժեր կան, ձեր թիկունքում ո՞վ կա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG