Մատչելիության հղումներ

ՀՀԿ անդամ 11 նախարարներից 9-ը հրաժարվել են պատգամավորական մանդատից


Վաղը կառավարության ընդունելությունների տանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանը երրորդ գումարման ազգային ժողովի պատգամավորներին կհանձնի իրենց մանդատները: Այսօր ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջին օրն էր:

Մինչեւ ասյօր արդեն ինքնաբացարկի դիմումներ ներկայացրած՝
Միավորված աշխատանքային կուսակցությունից կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանին եւ Դաշնակցությունից Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանին այսօր միացան մեկ տասնյակից ավելի նորընտիր պատգամավորներ՝ հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ):

ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված 11 նախարարից 9-ը հրաժարվել են պատգամավորական մանդատից. Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Վարդան Խաչատրյանը, Անդրանիկ Մանուկյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը, Արմեն Մովսիսյանը, Դավիթ Զադոյանը, Մանուկ Թոփուզյանը:

ՀՀԿ ղեկավար անդամ Սամվել Նիկոյանի փոխանցմամբ, պատգամավորական մանդատից հրաժարվել են նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պետական գնումների գործակալության պետ Գագիկ Խաչատրյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

Երեքշաբթի առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Սերժ Սարգսյանը արդեն ասել էր, որ մտադիր է շարունակել իր աշխատանքը պաշտպանության նախարարությունում:
Իսկ հարցին, թե պաշտոներ զբաղեցնելու, առաջխաղացման հավակնություններ չունի՞, Սերժ Սարգսյանը պատասխանել էր. - «Առաջխաղացում ինչո՞ւմ: Ի՞նչ պաշտոնի մասին է խոսքը: Ես հինգ անգամ հնարավորություն ունեի վարչապետ աշխատելու առաջարկություն ընդունել... Կյանքի նպատական դա՞ է»:

«Ազգային միաբանություն», «Օրինաց երկիր» կուսակցություններից, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի որեւէ դիմում չի ներկայացվել: Թեեւ մեծ է հավանականությունը, որ «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակից ոմանք գործադիր մարմնում այս կամ այն պաշտոնի առաջարկ ստանան ու հրաժարվեն մանդատներից:

Հայ հեղափոխական դաշնակցության համամասնական ցուցակից այսօր հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն է ինքնաբացարկի դիմում ներկայացրել:

Վաղը բոլոր պատգամավորները հանդիսավոր պայմաններում կստանան իրենց մանդատները, բացի «Արդարություն» դաշինքից: ՀԺԿ գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դաշինքի անդամ պատգամավորների մանդատները կստանա իրենց ներկայացուցիչը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG