Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նոր հանդիպումը Ստամբուլում


Անցած շաբաթ՝ հունիսի 5-6-ը Ստամբուլում տեղի է ունեցել Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի նիստը, որին հանձնախմբի թուրքական կողմը մասնակցել է նորացված կազմով: Հանձնախմբի հայ անդամները դրական են գնահատում Թուրքիայում Շվեդիայի հյուպատոսության կազմակերպական աջակցությամբ անցկացված այս հանդիպումը:

Փաստերը վկայում են, որ փորձ է արվում նոր թափ հաղորդել 2001 թվականին ստեղծված եւ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում ոչ միանշանակ արձագանք հարուցած հանձնախմբի գործունեությանը: Ի սկզբանե այն վայելում էր ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական, փորձագետ Դեւիդ Ֆիլիպսի կազմակերպական աջակցությունը, իսկ ստամբուլյան հանդիպմանը հայ-թուրքական հաշտեցման նախաձեռնությանը միացել է նաեւ Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջոզեֆ Մոնթվիլը:

Ստամբուլում հայ-թուրքական հանձնախումբը հանդիպել է նորացված կազմով: Նախկին հանդիպումներում 6 անդամով մասնակցած թուրքական կողմը ներկայացված էր 5 անդամով. նախկին դեսպաններ Օզդեմ Սամբերգին, Գյունդուզ Աքթանին ու պաշտոնաթող գեներալ Սադի Էրգուդենչին փոխարինել են Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոռեկտոր, տիկին Շալե Քութը եւ քաղաքագետ, Սաբանջլի համալսարանի դասախոս Ահմեդ Էվինը: Իսկ հայկական կողմի 4 անդամներին միացել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը: Վերջինս, սակայն, հանձանխմբի անդամի կարգավիճակ չունի:

Հանձնախմբի հայ անդամներից Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե հանդիպումը նախորդ հանդիպումների համեմատությամբ «շատ դրական մթնոլորտում է անցել»:

«Մենք հիմա իրական հնարավորություն ենք տեսնում 2 երկրների միջեւ հարաբերությունները նորմալացման համար: Այդ հնարավորությունները հիմա ավելի շատ են, քան նախկինում», - ասել է Գրիգորյանը՝ ավելացնելով նաեւ, որ զարգանում է երկու երկրների միջեւ փոխըմբռնումը:

Ներկայիս իրավիճակը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար «բարենպաստ» գնահատեց հանձնախմբի մեկ այլ հայ անդամ՝ դիվանագետ, Երեւանի պետական համալսարանի դասախոս Դավիթ Հովհաննիսյանը:

Վան Գրիգորյանի փոխանցմամբ, հանձնախմբի բոլոր անդամները ցանկանում են, որ հայ-թուրքական սահմանը բացվի, կողմնակից են, որ շարունակվեն ու ընդլայնվեն 2 երկրների միջեւ շփումները:

Հանձնախմբի ստամբուլյան հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ՝ հունիսի 3-ին, Մադրիդում տեղի էր ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը: Դա Վարդան Օսկանյանի առաջին հանդիպումն էր Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունում արտաքին գերատեսչության ղեկավար Աբդուլա Գյուլի հետ: Ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը, ինչը դրական նշանակություն կունենա տարածաշրջանում կայունություն եւ անվտանգություն հաստատելու առումով:

Թուրքական «Հյուրիեթ» թերթը, ըստ հայաստանյան մամուլի մեջբերման, նշելով, որ արտգործնախարարների հանդիպումը շատ ջերմ է ընթացել, դրա արդյունքը որակել է «փոքրիկ, բայց պատմական քայլ»:

Ըստ այլ աղբյուրների նույնպես, կան դրական փոփոխությունների ակնկալիքներ: Մինչեւ հիմա թուրքական կողմը Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը չէր առանձնացնում: Իսկ ներկայումս, ըստ այդ աղբյուրների, Թուրքիայի իշխող շրջանակներում, կառավարությունում հնարավոր է համարվում, որ սահմանը բացվի առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG