Մատչելիության հղումներ

Հացը շարունակում է թանկանալ


Հացի եւ հացամթերքների գները շարունակել են աճել: Մեկ պարկ ալյուրի գինը արդեն մոտենում է 13 հազար դրամի սահմանագծին՝ փաստորեն կրկնապատկվելով (Ազգային ժողովի ընտրություններից առաջ ալյուրի պարկը 6,5 - 7 հազար դրամ էր)։ Չնչին կենսաթոշակով կամ աղքատության նպաստով ապրողների համար հացի 20 - 30 դրամ թանկացումը խիստ շոշափելի է:

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի փոխանցմամբ, հացի գների թանկացումը թեեւ կառավարության ասօրվա նիստում չի քննարկվել, սակայն վերջին օրերին հարցը քննարկվում է վարչապետի եւ տարածքային կառավարման նախարարի մակարդակով:

Ինքը՝ Զադոյանը դա հիմնականում բացատրում է Ռուսաստանում վերջին ամիսների ընթացքում հացահատիկի գների թռիչքով. 7 ամսվա ընթացքում սննդային հացահատիկի գները այդ երկրում իսկապես աճել են մոտ 70 տոկոսով։ Զադոյանը հերքեց, թե հացի թանկացումը ներքին պատճառների հետեւանք կարող է լինել (խոսքը հացահատիկի ներկրման բիզնեսում առաջատար 2-3 գործարարների կողմից ստեղծված արհեստական դեֆիցիտի կամ պայմանավորվածության մասին է), թեեւ ընդունեց, որ անցած ընտրությունները որոշակի ազդեցություն հացի շուկայի վրա ունեցել են:

«Դուք սպասում եք, որ ես ասեմ անպայման քաղաքական այս միջոցառումները նաեւ խանգարեցին: Չի բացառվում, որ դա էլ խանգարեց», - ասաց գյուղնախարարը:

Ըստ Զադոյանի, ներկայումս մեր շուկայում մոտ 9 հազար տոննա հացահատիկի դեֆիցիտ կա, որը ծածկելու է Ռուսաստանի հարավից ներկրումների հաշվին, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ հարավային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Կազանցեւի եւ վարչապետ Մարգարյանի օրերս կայացած հանդիպման ժամանակ:

Գյուղնախարարի հավաստմամբ, թանկացումը կդադարի հաջորդ ամսվա կեսերից, երբ կհասունանա տեղական հացահատիկը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե դրանից հետո գները կվերադառնա՞ն արդյոք նախկին մակարդակին:

«Համենայն դեպս, իջեցում կլինի», - ասաց նա: - «Բայց մեկնարկայինի կվերադառնա թե ոչ, շատ դժվար հարց է: Չեմ կարողանում պատասխանել»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG