Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի հայացքով, դասական տրամաբանության օրենքները ժամանակակից Հայաստանում վերջնականապես գլխիվայր են շրջվել: Իսպառ մոռանալով երկրի ու ժողովրդի մասին, քաղաքական ուժերը բաժանվել են երկու ճամբարի ու զբաղված են բացառապես սեփական խնդիրներով: Մի կողմը, մասնավորապես, բաժանում է իշխանությունը: «Անամոթությունը դարձել է ժամանակի խորհրդանիշը», - գրում է խմբագիրը։ - «Այն ամենը, ինչ նախկինում տեղի էր ունենում բեմի հետեւում հանդիսատեսի աչքից հեռու՝ գզվռտոցը, զրպարտությունը, հետապնդումները, ստորությունները, որոնց օգնությամբ էլ պոկվում էին տեղերը կառավարությունում, այժմ դուրս է եկել լույս աշխարհ: Անվերադարձ անցել են ժամանակները, երբ կարող էին ամաչել ինչ-որ բանից։ Այժմ հարկավոր է շտապ տեղեր զավթել գործադիր իշխանության կազմում՝ գործելով աներեսաբար, կտրուկ ու ագրեսիվ։ Բաշխվում են ֆինանսական հոսքերը, որոնք, անկեղծ ասած, այնքան էլ շատ չեն մնացել մեզանում», - մատնանշում է «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը: - «Իշխանության եւ քաղաքականության հանդեպ ատելությունից բացի, ուրիշ ի՞նչ պիտի զգան հասարակ քաղաքացիները՝ տեսնելով, թե ինչպես են իրար միս կրծում կուշտ, տռուզ, ընտիր հագնված մարդիկ` արդարացնելով սույն գզվռտոցը հայրենիքի գերագույն շահերով»։

«Մեր երկրում վաղուց սովորույթ է դարձել պետական նշանակության կարեւոր հարցերը քննարկել ոչ թե գրասենյակներում, այլ տարբեր զվարճավայրերում եւ հատկապես «Պարտեզ» ռեստորանում, որը գտնվում է Էրեբունի համայնքի տարածքում։ Այստեղի սիրամարգերը, աղվեսներն ու արջերը հավանաբար ներշնչանքի աղբյուր են մեր պետական գործիչներից շատերի համար, իսկ ոգելից մթնոլորտը նպաստում է նրանց ուղեղի ավելի արագ աշխատանքին». - այս նախաբանի շրջանակում «Ազգ» թերթը փոխանցում է. - «Երեքշաբթի գիշեր հենց «Պարտեզում» է ճոխ սեղանի շուրջ կայացել մի կարեւոր հանդիպում, որի ընթացքում վճռվել է նոր Ազգային ժողովի նոր խոսնակի ինքնության հարցը։ Ամենայն հավանականությամբ այդ պաշտոնը կզբաղեցնի «Օրինաց երկիր» կազմակերպության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։ Վերջինիս սեղանակիցները հիշյալ գիշեր եղել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը»։ «Ազգ» թերթի տեղեկություններով, գոնե այս դեպքում կայացել է ազգային եռյակ միաբանությունը՝ որոշվել է Գեղամյանին դարձնել ԱԺ փոխխոսնակ։

«Շուկայում ալյուրի գնի շարունակվող թանկացման պատճառով, հաց արտադրող միջին եւ մանր ձեռնարկությունների մի մասը այս օրերին արտադրանք չի տալիս, ինչի արդյունքում տեղ-տեղ հացի դեֆիցիտ է առաջանում: Ակնհայտ է, որ Հայաստանի հացի շուկայում ինչ-որ տարօրինակ եւ տագնապալի իրադարձություն է տեղի ունենում», - ուշադրություն է սեւեռում «Հայկական ժամանակ» թերթը: - «Տպավորությունը, թե այս իրավիճակում իշխանությունը անելիք չունի, մեղմ ասած, թյուր է: Նախ, հացահատիկի եւ ալյուրի ներմուծումը հիմնականում վերահսկվում է իշխանական կլանների կողմից, մյուս կողմից էլ՝ այս իրավիճակում, երբ, ըստ էության, վտանգված է երկրի պարենային անվտանգությունը, ՀՀ օրենսդրությամբ կառավարության վրա դրված են խիստ կոնկրետ պարտականություններ»: «Հայկական ժամանակ»-ում փաստագրված է, որ ալյուրի ու ցորենի ներկրման ավելի քան 70 տոկոսը իշխանության հովանավորությունը վայելող երկու գործարարներինն է՝ Սամվել Ալեքսանյան («Աստղացոլք» ընկերություն) եւ Միկա Բաղդասարով («Վիկտորիա Թրեյնինգ» ընկերություն): «Հայոց Աշխարհ» թերթի հավաստմամբ, ցորենի կամ ալյուրի ներկրման ու մեծածախ իրացման ոլորտում մենաշնորհի գոյության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, իսկ գների բարձրացման հիմնական պատճառը արտաքին՝ ռուսական շուկայում հացահատիկի մանրածախ գների կտրուկ աճն է: Այսուհանդերձ, այս թերթում էլ ընգծված է. - «Ճիշտ է՝ գործադիր իշխանությունը ներկայումս ոտով-գլխով զբաղված է ընտրություններին հաջորդող պաշտոնների վերադասավորմամբ: Այնուհանդերձ, նման իրավիճակներում կառավարությունը պետք է ջանա առաջին հերթին հանրությանը պարզորոշ եւ մատչելի բացատրել, թե ինչո՞ւ է տեղի ունեցել թանկացումը: Ապաեւ պետք է հայտներ, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում հացի գնային աճի հարվածի հետեւանքները քիչ թե շատ մեղմելու համար»:

«Հայաստանի հետընտրական եռուզեռը թույլ չտվեց մեր քաղաքական ուժերին արժանի ուշադրության արժանացնել ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ հնարավոր պատերազմի վտանգը», - անդրադառնում է այսօր «Առավոտ» թերթը: - «Իրանը մեզ համար Իրաք չէ՝ թեկուզ հաշվի առնելով անմիջական հարեւանությունը եւ սերտ տնտեսական կապերը: Չնայած դրան, կոմպլեմենտարիզմն այստեղ էլ է իր գործն անում, եւ հայրենի մեկնաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ իրավիճակի վրա Հայաստանը որեւէ ազդեցություն ունենալ չի կարող։ Բացառված է, որ մենք հարաբերություններ փչացնենք Իրանի հետ, ուր, բացի ամեն ինչից, ապրում է մոտ 700 հազար հայ: Նույնքան հնարավոր չէ, որ Հայաստանը հակադրվի ԱՄՆ-ին, ինչն, ի դեպ, չի անում նույնիսկ Ռուսաստանը»: «Բայց եթե ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, հարձակվի մեր հարեւանի վրա, Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանա չեզոք մնալ եւ կհայտնվի առնվազն երկու կրակի արանքում», - գնահատում է «Առավոտ»-ը։ - «Խնդիրներ, անկասկած, կառաջանան, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա՝ օգտվելով Ադրբեջանի տրամադրած տարածքից։ Վերջինս էլ, որպես վարձատրություն, կփորձի ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը Ղարաբաղի հարցում։ Կարճ ասած, եթե մենք հույսներս ինչ-որ բանի վրա պիտի դնենք, ապա միայն այն բանի, որ պատերազմ, ամեն դեպքում, չի լինի»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG