Մատչելիության հղումներ

Հայկոմկուսը համալրում է անցած ընտրությունները քննադատողների շարքերը


Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը անցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով չի հաղթահարել 5 տոկոսի շեմը, ուստի ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում, այսօր հրավիրած ասուլիսում «անարդար» որակեցին անցած ընտրությունները, որոնց ընթացում «խախտվել են կոմունիստ ընտրազանգվածի իրավունքները»:

«Զանգվածային կեղծիքների նկատմամբ իշխանության ցուցաբերած թողտվությունը պարարտ հող ստեղծեց, որպեսզի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները եւս անցնեն խարդախությունների, բացահայտ կամայականությունների եւ ընտրակաշառքի մթնոլորտում: Հերթական անգամ թույլ տրվեցին իշխանական ուժերի քվեների զանգվածային հավելագրման դեպքեր», - ասված է Հայկոմկուսի կենտկոմի այսօր տարածած հայտարարության մեջ:

Կուսակցության ղեկավարների Սանատրուկ Սահակյանի խոսքերով, իրենց հաշվարկներով, 5 տոկոսի սահմանագիծը Հայկոմկուսը անցել էր: Հրապարակված նախնական տվյալներով, հիշեցնենք, Հայկոմկուսը վաստակել էր 2,5 տոկոս ձայն: Սանատրուկ Սահակյանը հայտարարեց նաեւ, որ ընդդեմ կոմկուսի աշխատել են «բոլորը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ»:

Ասուլիսում կոմունիստները հին, փորձված միջոցների դիմելու ակնարկներ արեցին՝ նորից որոշակիորեն ներկայանալով որպես բոլշեւիկյան հեղափոխական կուսակցություն: «Ես, իհարկե, համոզված եմ, որ ժողովուրդը այս ամենից հետո համապատասխան հետեւություններ կանի եւ պայքարի ձեւերն ու միջոցները կփոխի», - հայտարարեց Սանատրուկ Սահակյանը՝ ավելացնելով, թե օրենքի ու Սահմանադրության շրջանակներում մղվող պայքարով հնարավոր չէ արդյունքի հասնել:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG