Մատչելիության հղումներ

Ընտրությունները չեն անդրադարձել Համաշխարհային բանկ - Հայաստանի կառավարություն հարաբերությունների վրա


Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնի խոսքերով, տարվա սկզբից Հայաստանում ծայր առած ընտրական գործընթացները, թեեւ որոշ չափով շեղել են կառավարության ուշադրությունը դեպի քաղաքականություն, համագործակցությունը Համաշխարհային բանկի եւ կառավարության միջեւ «մնացել է նույն՝ բարձր մակարդակի վրա»:

«Ընտրությունները որեւէ կերպ չեն անդրադարձել դոնորների իրականացրած ծրագրերի վրա, մասնավորապես կրթության եւ առողջապահության բնագավառներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Ռոբինսոնը՝ ավելացնելով նաեւ, որ ընտրությունների ավարտը եւ նոր կառավարության ձեւավորումը հնարավոր են դարձնում նաեւ Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի գործադրումը։

Հարցին, թե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում խորհրդարան եկած բազմաթիվ խոշոր գործարարներ փորձե՞ն իրենց շահերի օգտին վերանայել-վերաձեւել տնտեսական օրենսդրությունը՝ ի հաշիվ մյուս հասարակական շերտերի ու պետության, Ռոջեր Ռոբինսոնը, ասելով, որ վերջին տարիներին Հայաստանում գործարար միջավայրը որոշակիորեն բարելավվել է, պատասխանեց. - «Ինձ թվում է, որ այս բիզնեսի մարդկանց ներկայությունը խորհրդարանում կարող է նաեւ դրական լինել, քանի որ այս մարդիկ հստակ շահագրգռվածություն պետք է ունենան բիզնեսի զարգացման եւ գործարար մթնոլորտի բարելավման հարցում»: Նա ավելացրեց, թե որոշակի դեր ունենալով վերջին տարիների տնտեսական աճի մեջ, այս մարդիկ նաեւ պետք է տնտեսական կայունությանը հետամուտ լինեն։

Նոր կառավարության համար հաջորդ բյուջետային տարվանից որոշակի բարդություններ կարող է հարուցել երկրի 860 միլիոն դոլարանոց արտաքին պարտքի սպասարկումը. այդ տեսանկյունից բանկի ներկայացուցիչը ինչպե՞ս է գնահատում իրավիճակը։

«Արտաքին պարտքի բեռը Հայաստանի վրա այնքան էլ մեծ չէ՝ թե տոկոսադրույքների եւ թե վճարման առումով։ Սա նույնիսկ արտահանման 1,5 տոկոսից փոքր գումար է ու չեմ կարծում, թե պարտքի սպասարկումը կառավարության համար մեծ խնդիր պիտի դառնա, ինչպես նաեւ հարկային բեռը, որը կլինի բավարար։ Հաջորդ տարի արտաքին պարտքի առումով երկրին մեծ ցնցում չի սպասում», - պատասխանեց Ռոջեր Ռոբինսոնը ու միաժամանակ շեշտեց, թե ինքը տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխության անհրաժեշտություն չի տեսնում. - «Զարգացման մարտահրավերները նույնն են՝ աշխատատեղեր ստեղծել բոլորի համար եւ բարեհաջող կառավարել մակրոտնտեսական միջավայրը»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG