Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխությունները չստացան ժողովրդի քվեն


Խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվեի էին դրվել նաեւ նախագահ Քոչարյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունները: Ու թեեւ առայժմ միայն նախնական արդյունքներն են հրապարակվել, կարելի է, այդուհանդերձ, վստահ պնդել, որ փոփոխությունները չեն ստացել ժողովրդի քվեն:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները: Ըստ այդմ՝ հանրաքվեին մասնակցած 1 216 581 քաղաքացուց նախագահ Քոչարյանի առաջարկված փոփոխություններին կողմ են քվեարկել 563 205-ը:

Ի դեպ, ըստ «Հանրաքվեի մասին» օրենքի, հանրաքվեի վերջնական արդյուքները պետք է հրապարակվեին քվեարկությունից 72 ժամ հետո, սակայն ԿԸՀ-ում «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ հանրաքվեի արդյուքները ստուգելու պահանջով դիմում-բողոք է ներկայացվել թիվ 54 ընտրատարածքում: Իսկ դա նշանակում է, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն միայն ստուգումներից հետո, սակայն ոչ ուշ, քան քվեարկության ավարտից վեց օր հետո:

Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները բացասական են, քանի որ դրանք հաստատելու համար պահանջվում է ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների առնվազն մեկ երրորդի (ավելի քան 700 հազար մարդու) դրական քվեն:

Երեկվանից երկրի գրեթե բոլոր ընտրատարածքներում անցած խորհրդարանական ընտրություններում թեկնածուների վստահված անձանց ներկայացրած դիմում-բողոքների հիման վրա բացվում եւ ստուգվում են նաեւ բազմաթիվ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները: Ստուգվում են ոչ միայն մեծամասնական, այլեւ համամասնական ընտրությունների արդյունքները, ու չի բացառվում, որ Ազգային ժողովում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը հաղթահարի եւս մեկ կուսակցություն՝ Հայաստանի ժողովրդավարական-ազատական միությունը (ՀԺԱՄ)՝ Սեյրան Ավագյանի գլխավորությամբ:

ՀԺԱՄ-ի նախընտրական շտաբում, ամեն դեպքում, լավատեսորեն են տրամադրված: Նախնական արդյունքներով, կուսակցությունը ստացել է ձայների 4.69 տոկոսը: «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր ՀԺԱՄ-ի՝ խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունը չբացառեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը. - «Հավանական է մեկ կուսակցություն էլ անցնի 5 տոկոսի սահմանը»:


Կարինե Քալանթարյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG