Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչո՞ւ ենք սրտի նման թրթիռով սպասում մեր ընտրություններին հետեւող դիտորդների եզրակացություններին, եթե դրանից ոչինչ չի փոխվում», - տարակուսում է «Առավոտ» թերթը՝ խմբագրականում ի մի բերելով. - «Եվրոպական դիտորդները նախագահական ընտրությունները միանշանակ «անբավարար» էին գնահատել, սակայն խորհրդարանական ընտրությունների հեռանկարով մեզ վերաքննության հնարավորություն էին տվել։ Ավաղ, մենք այս վերաքննությունն էլ տապալեցինք։ Նորից «երկու» ստացանք՝ բայց շատ փոքրիկ մխիթարանքով՝ «գումարածով»։ «Գումարածը» կարելի է համարել ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունների համատեղ նախնական այն գնահատականը, թե խորհրդարանական ընտրությունները նախագահականից մեկ քայլ առաջ էին»: «Էլի չեն հասկանում մեր մենթալիտետը», - հեգնում է «Առավոտ»-ը։ Օրինակ՝ որ մեր ընտրողների 8 տոկոսը ընտրությունների կարող է նետվել հանկարծ վերջին րոպեներին, մանավանդ, երբ պետք է մասնակցության՝ 50 տոկոսից ավելի մեծ թիվ նկարել:

Ընտրության վերջնագծում ընտրողների թվի առասպելական աճը նաեւ այլ թերթերի հատուկ ուշադրությանն է արժանացել: «Սահրադյան համը հանում է», - ձեւակերպել է «Այբ-Ֆե» թերթը: Ընդհանուր առմամբ, «Օրրան» թերթի պատկերմամբ՝ «Նկարեցին, ծաղկեցին, կաշառեցին, ահաբեկեցին, կերուխում արեցին, կրակեցին, հաջորդ օրը վազեվազ մի անգամ էլ գնացին առեւտրի, վերջնականապես նախագահի գլխավորությամբ նկարվեցին, որպես ազգընտիրներ»:

«Հայոց Աշխարհ» թերթի արժեվորումներով, մասնավորապես, Ազգային ժողովի ներկա ընտրություններն ուրվագծում են Հայաստանում առկա քաղաքական ուժերի մի այնպիսի դասավորության սխեմա, որի ներսում առաջ է եկել ակնհայտ անհավասարակշռություն ու անհամապատասխանություն՝ իշխանության եւ ընդդիմության ճամբարների միջեւ: «Կարծում ենք, Ազգային ժողովի ներկա ընտրություններում ընդդիմության կրած միանգամայն կանխատեսելի պարտությունը նրա ներքին համախմբման ու որակական փոփոխությունների սկիզբն է դառնալու», - գրում է մեկնաբանը: «Եկել է քարերը հավաքելու ժամանակը՝ հարաբերությունների բարելավման, փոխզիջումների պահը», - ընդգծվում է «Հայոց Աշխարհ»-ի մեկ այլ վերլուծականում, սակայն՝ հետեւյալ կտրվածքով. - «Պետական ու ազգային բարձրագույն շահերի տեսանկյունից գաղափարապես մոտ ու քաղաքականապես միեւնույն դաշտում գտնվելով, Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը ներկայումս որեւէ այլընտրանք ուղղակի չպետք է ունենան»:

«Իրավունք» թերթի հետընտրական ամփոփումն էլ «բազարների» եւ կոալիցիոն կառավարության ուրվականի շուրջ է: «Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց ստեղծել «կարկատանային» խորհրդարանի պատկեր, որտեղ ոչ ոք չունի թելադրող դիրք, եւ որտեղ իրեն հիմնականում կհաջողվի ստանձնել «արբիտրի» դերը», - բանաձեւված է «Իրավունք»-ում:

Ռամկավարների «Ազգ» թերթը տրտնջում է, թե «հաջորդաբար երրորդ անգամ ՀՌԱԿ-ին չթույլատրվեց մաս կազմելու Ազգային ժողովին», ըստ այդմ էլ՝ գնահատում. - «Ժողովրդավարության զարգացման ճանապարհին խոչընդոտներն առավել մեծացան եւ ընտրական խարդախությունների մթնոլորտը խորացավ երկրում»։ «Այս անգամ ՀՌԱԿ-ին չօգնեցին անգամ Արա Աբրահամյանի փողերն ու Լյուդմիլա Պուտինայի «դաբրոն», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Մնում է Ռուբեն Միրզախանյանին հաջողություններ մաղթել դպրոցները կոմպյուտերիզացնելու գործում»:

«Հայկական ժամանակ»-ում շեշտադրված են այս ընտրության եւս մի քանի փաստագրում. - «Ամենամեծ անակնկալը մատուցեց Գուրգեն Արսենյանի Միավորված աշխատանքային կուսակցությունը: Սա, թերեւս, երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ԱԺ-ում խմբակցություն է ձեւավորվում բացառապես փողի շնորհիվ»: Մեկ այլ մեկնաբան շաղկապում է. - «Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը ապագա կառավարությունում ավելի շատ ներկայացված կլինեն, քան ներկայացված են ԱԺ-ում: Այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է խուսափել ընտրությունների շուրջ այն աղմուկից, որը պատրաստվում են բարձրացնել Դաշնակցությունն ու «Օրինաց երկիր»-ը»: Այս ընտրության արդյունքներով նախանշվում է եւ առանձին պաշտոնյաների հետագա ճակատագիրը: «Հայկական ժամանակ»-ում մասնավորապես առանձնացված է. - «Դեռեւս ընտրություններից առաջ հայտնի էր, որ Ռոբերտ Քոչարյանը Հենրիկ Քոչինյանին զգուշացրել է, որ եթե Վիկտոր Դալլաքյանը հաղթի ընտրություններում՝ Քոչինյանը պետք է գնա Շնողում գյուղապետ աշխատելու: Վիկտոր Դալլաքյանը հաղթեց, իսկ Քոչինյանի հետագա ճակատագիրը սպասում է լուծման, եւ որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան առաջարկվել է Շնողի գյուղապետարանի քարտուղարի պաշտոնը... Այս ընտրատարածքում տեղի ունեցածը վկայում է, թե Լոռու ժողովուրդն ինչքան է զզվել սույն թուրքմենբաշիկից, որը փորձում է ահաբեկչության ու սարսափի տակ պահել ողջ մարզը»: Ասվածի վկայությունն է եւ, որ մարզի մեկ այլ ընտրատարածքում ջախջախիչ պարտություն է կրել Հենրիկ Քոչինյանի եղբայրը: «Լոռիում Քոչինյանի ժամանակն ավարտվեց», - ձեւակերպել է «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG