Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի քվերակությունն ընթանքի մեջ է


Կիրակի առավոտյան Հայաստանի բոլոր 1885 ընտրատեղամասերում սկսված՝ խորհրդարանական ընտրությունների եւ սահմանադրական հանրաքվեի քվեարկությունն ընթանում է նախորդած նախագահական ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումների կրկնության՝ չփարատված մտահոգությունների մթնոլորտում:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ովքեր ձգտում են պահպանել վերահսկողությունը Ազգային ժողովի նկատմամբ, հայտարարել են, թե նվազագույնի են հասցնելու ընտրախախտումները: Հիմնական ընդդիմադիր դաշինքը եւ որոշ իշխանամետ կուսակցություններ, մինչդեռ, հայտարարում են, թե արդեն իսկ Ընտրական օրենսգրքի խախտումների բազմաթիվ ահազանգեր են ստացել:

«Պետք է խուսափենք հնարավոր խախտումներից», - Կենտրոն համայնքի ընտրատեղամասերից մեկում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը: - «Ամեն ինչ պետք է անենք, որ պրոբլեմները քիչ լինեն»:

Վարչապետ Մարգարյանը, ում գլխավորած Հանրապետական կուսակցությունը կրկին մեծ ներկայություն է ակնկալում խորհրդարանում, նույնպես հուս հայտնեց, որ քվեարկությունը կանցնի պատշաճ ձեւով:

Այդ հավաստիացումներին, սակայն, միանգամայն հակադիր հայտարարություն արեց ընդդիմադիր հիմնական ուժի՝ «Արդարություն» դաշինքի առաջնորդ, Հայաստանի ժողովրդական կուսակության (ՀԺԿ) ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ընտրատեղամասերի բացումից երեք ժամ անց նա լրագրողներին ասաց, թե իրենց շտաբը արդեն ընտրախախտումների մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել վստահված անձանցից:

Դեմիրճյանի խոսքերով, «միամտություն» կլիներ ակնկալել, թե ներկա իշխանությունները կարող են կազմակերպել առանց օրինախախտումների ընտրություններ : «Բայց մենք պայքարելու ենք», - ասաց նա:

Ահազանգ է հնչեցրել նաեւ Քոչարյանին սատարող ուժերից Հայ հեղափոխական դաշնակցությունը: Դաշնակցության շտաբից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ իրենց վստահված անձինք մոտ մեկ տասնյակ գյուղական ընտրատարածքներում արձանագրել են «բաց քվեարկության» դեպքեր: Դաշնակցության ներկայացուցիչների պնդմամբ, Գեղարքունիքի մարզում զինծառայողները իրենց քվեաթերթիկների վրա նշումներն անում են կանաչ թանաքով, որպեսզի հրամանատարները հետագայում հնարավորություն ունենան համոզվելու, որ իրենք «ճիշտ թեկնածուների» օգտին են քվեարկել:

Ներկայիս կառավարությունում ներկայացված Դաշնակցությունը լուրջ մարտահրավեր է նետել Մարգարյանի Հանրապետական կուսակցությանը եւ ձգտում է շոշափելիորեն ամրապնդել իր ներկայությունը Հայաստանի ղեկավարության կազմում: Հանրապետականները իրենց հերթին ձգտում են պահպանել «իշխանության կուսակցության» իրենց ոչ պաշտոնական կարգավիճակը:

Իշխանական ճամբարում այս երկու խոշոր ուժերի հետ մրցակցում է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Նրանց՝ լավ ֆինանսավորված ու հաջող ընտրարշավը անցել է հիմնականում ընդդիմադիր դիրքերից: Վերջին տարիներին երկրով մեկ տեղական կառույցների ցանց ձեւավորած այս կուսակցությունը նախընտրական շրջանում անցկացված հարցումներով երկրորդ տեղում էր՝ «Արդարություն» դաշինքից հետո:

Նախագահ Քոչարյանը այսօր մեկ անգամ եւս բարձրաձայնեց նախագահամետ կուսակցություններից կազմված կոալիցիոն կառավարություն կազմելու իր մտադրությունը: Նախագահը հրաժարվեց լրագրողներին ասել, թե դրանցից որին է տվել իր ձայնը:

«Իհարկե, այն կուսակցություններից մեկին, որի հետ եւ համագործակցել եմ եւ որոշ աջակցություն ինքս ունեցել եմ», - ասաց նա՝ միաժամանակ բացառելով ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկումը ապագա կառավարության կազմում. - «Չի կարող ընդդիմությունը լինեն կոալիցիայի մեջ»:

Ստեփան Դեմիրճյանը, իր հերթին, կրկին հայտարարեց, թե վստահ է, որ իր գլխավորած դաշինքը հաղթելու է. - «Քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում ես վստահ եմ, որ «Արդարություն» դաշինքը հաղթելու է»:

Ընտրողների մասնակցությունը այս քվերակությանը տեսալիորեն ավելի ցածր է նախորդից: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարած տվյալների, առաջին երեք ժամվա ընթացքում քվեարկել է 2,4 միլիոն ընտրողների շուջ 5 տոկոսը միայն:


Էմիլ Դանիելյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG