Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վարչական կալանք չկիրառել


«Օրենքի իմիտացիա» վերնագրով Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ուրբաթ օրը հրապարակել է ծավալուն մի զեկույց, որն ամբողջությամբ նվիրված է անցած նախագահական ընտրություններում վարչական կալանքի կիրառմանը Հայաստանում:

Ի հեճուկս հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ տարբեր առիթներով արած ակնարկներին, թե «մենք մեր մենտալիտետին համապատասխանող դեմոկրատիա ունենք» կամ ձեւակերպումներին, թե «դիտորդի գործը դիտելն է եւ ուրիշ ոչինչ», Նյու Յորքում տեղակայված Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել փաստորեն մի նոր «նախազգուշացմամբ»:

«Խորհրդարանական ընտրությունները պետք է զերծ լինեն վարչական կալանքներից», - հայաստանյան իշխանություններին կոչ է անում զեկույցը՝ նշելով, որ նախագահական ընտրությունների օրերին ձերբակալվել է ընդդիմության ավելի քան հարյուր ակտիվիստ, իրավապահները կիրառել են վարչական կալանք, ինչը լայն տարածում ուներ դեռ խորհրդային տարիներին: Իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանին կոչ է անում անպայման բարեփոխել վարչական իրավախախտումների օրենսգիրքը:

«Հայաստանի իշխանությունները կիրառում են հասարակական կարգը խախտելու մասին հնացած օրենքը՝ որպես քաղաքական ճնշումներ բանեցնելու լծակ», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Էլիզաբեթ Անդերսենը՝ ավելացնելով. - «Այս շաբաթավերջին կայանալիք ընտրությունները ցույց կտան, թե արդյո՞ք իշխանությունները պատրաստ են հրաժարվել նման գործելակերպից»:

Զեկույցում ասվում է, թե հարյուրից ավելի ակտիվիստներ դատապարտվել են մինչեւ 15 օր ազատազրկման՝ փետրվարից մարտ ընկած ժամանակաշրջանում՝ չարտոնված ցույցերի մասնակցելու եւ հասարակական կարգը խանգարելու մեղադրանքով: Կարճատեւ եւ դռնփակ դատավարությունների ընթացքում ամբաստանյալները զուրկ են եղել փաստաբանի օգնությանը դիմելու եւ վճիռները բողոքարկելու հնարավորությունից:

Այս տարվա մարտին Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին վերստին հորդորել է փոխել օրենսգիրքը եւ դատապարտել է չարաշահումները: Ապրիլի 16-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը ձերբակալություններն ապօրինի է որակել եւ ընդունել է, որ դրանք ազդել են ընտրությունների վրա: Արդարադատության խորհուրդը, որը ենթարկվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մերժել է Սահմանադրական դատարանի կոչը՝ վարչական կալանքների վճիռների օրինականությունը քննության առնելու մասին: Ապրիլի 23-ին մեկ ուրիշ ատյան՝ Դատարանների նախագահների խորհուրդը ընդունել է արձանագրություն, որով օրինական եւ հիմնավորված է որակել վարչական կալանքի մասին որոշումները:

«Խիստ մտահոգիչ է, որ իշխանությունները կարող են վարչական կալանքի լծակը կիրառել նաեւ գալիք ընտրություններում», - ասել է Անդերսենը:

Human Rights Watch-ը միջազգային համայնքին հորդորում է վարչական կալանքի համակարգի բարեփոխումը դարձնել խնդրո առարկա՝ Հայաստանի կառավարության հետ հարաբերություններում:


Արմեն Քոլոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG