Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Քարոզարշավն ավարտվում է, եւ բոլոր թերթերում էլ զգացվում է այդ ամբողջ աղմուկից վերջապես ազատվելու ուրախությունը: Ինչ վերաբերում է բովանդակությանն ու արդյունքներին, «Հայկական ժամանակ» թերթը, մասնավորապես, ընդգծում է. - «Քարոզարշավի ողջ ընթացքում Հայաստանի ապագային վերաբերող որեւէ լուրջ եւ ամբողջական բանաձեւ այդպես էլ չառաջադրվեց: Ակնհայտ է, որ երկրի, այսպես կոչված, քաղաքական էլիտան ի վիճակի չէ ընկալել երկրի առաջ ծառացած լրջագույն խնդիրները եւ դրանց համապատասխան լուծումներ առաջարկել: Քաղաքական էլիտայի շրջանում հիմնական արժեքը շարունակում է մնալ փողը, իսկ ասելիքը՝ հայրենասիրությունը... Այսուհանդերձ, ցանկացած իրավիճակից ելքը ընտրությունն է, եւ մենք իսկապես պիտի ընտրենք նրանից՝ ինչ ունենք», - ուղենշել է «Հայկական ժամանակ»-ը: «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի ամփոփմամբ էլ՝ ժողովրդին ո՛չ ծրագիր է ներկայացվել, ո՛չ էլ գաղափար, առավել եւս՝ դրանք իրագործելու մեխանիզմներ։ «Այսինքն՝ ոչինչ էլ չի քարոզվել։ Փոխարենն ընտրողին ներկայացվել է հեշտ մարսվող, սիրտ շահող գովազդ։ Որոշակիորեն կարելի է եզրահանգել, որ ոչ թե քարոզարշավ է իրականացվել, այլ՝ գովազդարշավ», - բնորոշված է «Հայոց Աշխարհ»-ում։

Անդրադառնալով օրերս Հանրապետական կուսակցության խորհրդակցության ժամանակ Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի նախանշումներին, «Իրավունք» թերթի մեկնաբանը բխեցնում է. - «Քանի որ կոչը շատ կոնկրետ էր՝ աշխատել նույն կերպ, ինչպես աշխատել են նախագահական ընտրություններում, մնուն է գալ այն պարզ եզրակացության, որ Հանրապետական կուսակցությունը որոշել է առանց միջոցների խտրության ցանկացած գնով վերցնել մանդատների բացարձակ մեծամասնությունը»: «Ընտրությունների օրը փոխադարձ վերահսկողությունը լինելու է բավականին ուժեղ, եւ դա հնարավորություն է ստեղծում, որ կեղծիքների քանակը համեմատաբար քիչ լինի: Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, որ հենց այդպես էլ կլինի, քանզի իշխանության ներսում պատգամավորական մանդատների համար պայքարը չափազանց սուր բնույթ ունի, եւ բավական մեծ հավանականություն կա, որ իշխանության տարբեր թեւերը իրար աչքի առջեւ ամենակոպիտ ձեւով «լավ եմ անում» սկզբունքով անսքող կեղծարարությամբ զգաղվեն», - գրում է մեկնաբանը: - «Այդ դեպքում կեղծիքների մասին նյութն այնպիսի անսպառ քանակով կլինի, որ եվրոպական դիտորդների եզրակացությունը կլինի ավելի անբարենպաստ, քան նախագահական ընտրությունների պարագայում»:

Վարչապետ Մարգարյանն այսօր ամփոփիչ գնահատականներ է տալիս «Հայոց Աշխարհ» թերթում. - «Այս ընտրապայքարում մթնոլորտն ավելի տանելի էր, քան նախագահական ընտրությունների ժամանակ։ Բայց այս անգամ այդ տանելիի մեջ ամենածանրը Հանրապետականի վիճակն էր... Ինչպես նախագահական ընտրությունների ժամանակ գործում էր ինը՝ մեկի դեմ, այնպես էլ այսօր Հանրապետականն է, մեկը՝ քսանի դեմ... ՀՀԿ-ն հանձնաժողովներում մեկ տեղ ունի։ Հետեւաբար, եթե կասկածելու խնդիր կա, ապա առաջին հերթին ես էլ պիտի կասկածեմ, որ այն մնացածն 5-ն են ինչ-որ բան արել Հանրապետականի դեմ, մեր ձայներից են «տարել» եւ իրենց չեղած տոկոսները բարձրացրել»։ Այս ամենով հանդերձ, վարչապետ Մարգարյանն ասում է. - «Հանրապետականը վստահ է, որ խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար կլինեն, ընտրարշավի այս ընթացքը ցույց է տալիս, որ լարվածություն չկա»: «Կարծում եմ, որ կլինի քաղաքական համաձայնությունների կառավարություն, որին կոալիցիոն էլ կարող ենք անվանել», - հետագային է նայում Անդրանիկ Մարգարյանը՝ այս առումով զգուշացնելով, որ մյուս քաղաքական ուժերը իրենց պահվածքով այս ընթացքում համագործակցության բոլոր կամուրջները չայրեն. - «Դեռ Հանրապետականի համբերության բաժակը չի լցվել, բայց քիչ է մնացել»:

Քարոզարշավի ավարտին «Օրրան» թերթը շեշտադրում է. - «Ժողովուրդը չի մոռացել եւ ոչ մի բան չի կարող նրան մոռացնել տալ, թե մի երկու ամիս առաջ, երբ ինքը պայքարի էր ելել իր իրավունքների պատշպանության համար, ով էր իր կողքին, իր հետ, եւ ով էր իր դեմ ու գլխավերեւում մահակ ճոճում... Այսպես գողունի, այսպես փութկոտ ժողովրդական հանրաքվեի չի դրվում ոչ մի հարց, ուր մնաց երկրի Սահմանադրությունը... Մեր կյանքի ամենահիմնական, ամենալուրջ օրենքի նկատմամբ այդպիսի անլուրջ վերաբերմունքը ոչ միայն վիրավորանք է մեր ու մեր պետության հասցեին, այլեւ անվստահության հասնող լրջագույն կասկածների տեղիք է տալիս»:

«Առավոտ» թերթի խմբագրի վերլուծությամբ, խորհրդարանական ընտրարշավին մասնակցող կուսակցություններին եւ դաշինքներին կարելի է պայմանականորեն բաժանել 3 խմբի. - «1. Նրանք, ովքեր պնդում են, թե թագավորը (Քոչարյանը) լավն է, բարի է եւ ազգասեր, եւ նույնքան լավն են «իշխանները»: Այդպես է քարոզում ՀՀԿ-ն: 2. Նրանք, ովքեր գտնում են, որ թագավորը լավն է, իսկ «իշխանները»՝ վատը: Այ, եթե պալատականները լինեն իրենց թիմից, երկիրը վերջնականապես կծաղկի: Այդ գաղափարն են հասարակությանը մատուցում ՀՅԴ-ն, «Օրինաց երկիր»-ը, «Ազգային միաբանություն»-ը եւ շատ-շատ այլ կուսակցություններ: 3. Նրանք, ովքեր վատն են համարում թե՛ թագավորին, թե՛ «իշխաններին», եւ գտնում են, որ երկուսն էլ պետք է լինեն իրենց թիմից: Այդպես է կարծում «Արդարություն» դաշինքը»: Խմբագրի հայացքով, երեք մոտեցումներն էլ որեւէ կապ չունեն իրական քաղաքական գործունեության եւ գաղափարական պայքարի հետ. - «Ակներեւ է նաեւ, որ ճշմարիտ ընդդիմություն կարելի է համարել միայն նրանց, ովքեր հասարակությանն են առաջարկում երկրի զարգացման այլընտրանքային ճանապարհներ: Եվ այդ իմաստով այսօր իրար բզկտող բոլոր «ընդդիմադիրները» կեղծ են: Նրանք պատրաստվում են շարունակել ներկայիս իշխանության քաղաքականությունը, սակայն խոստանում են լինել ավելի պարկեշտ, պրոֆեսիոնալ եւ ժողովրդասեր, ինչին հավատալը, անկեղծ ասած, դժվար է»: Եթե այսօրվա Հայաստանում լիներ իսկական ընդդիմություն, ապա, ըստ «Առավոտ»-ի խմբագրի, այն մասնավորապես կհայտարարեր. - «Մոտակա տասնամյակում Հայաստանի նպատակն է դառնալ Եվրամիության անդամ՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ միասին: Նույն ժամանակահատվածում Հայաստանը պետք է դառնա նաեւ ՆԱՏՕ-ի անդամ: Մեկ տարվա ընթացքում ԼՂՀ-ի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ պետք է գտնել ղարաբաղյան խնդրի փոխադարձ ընդունելի տարբերակ եւ վերսկսել բանակցությունները: Պետք է անցկացնել հարկային արմատական բարեփոխումներ՝ էապես իջեցնելով հարկերը: «ԱրմենՏել»-ը պետք է անհապաղ զրկվի արտոնագրից եւ բջջային կապը մրցույթով բաշխվի առնվազն 3 օպերատորների միջեւ: Պետք է բացառել ոստիկանության եւ ազգային անվտանգության՝ տնտեսական գործունեությանը միջամտելու բոլոր օրինական հիմքերը... Քանի որ ընտրություններին մասնակցող 21 կուսակցություններից ու դաշինքներից ոչ մեկը չի համարձակվում նման դրույթներ առաջ քաշել, պետք է ենթադրել, որ դրանցից ոչ մեկն ընդդիմություն չէ», - եզրափակված է «Առավոտ»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG