Մատչելիության հղումներ

Նախագահ Քոչարյանը գնահատում է ընթացող քարոզարշավը


Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների ավարտվող քարոզարշավը, չնայած տեղ գտած որոշ թերություններին, նորմալ է գնահատում: Հայաստանի նախագահը շեշտում է նախընտրական շրջանում ակտիվ համագործակցությունը միջազգային դիտորդական առաքելությունների հետ:

«Կփորձենք ամեն ինչ անել, որ նաեւ ընտրությունների ընթացքը ամսի 25-ին եւ ընտրություններից հետո, ամեն ինչ լինի նույնպես հանգիստ», - կառավարության նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողներին ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Ընտրվելիք Ազգային ժողովի կազմին վերաբերող հարցին ի պատասխան, Քոչարյանը կրկնեց մեկ անգամ արդեն հնչեցրածը, թե ակնկալում է, որ ընտրվելիք խորհրդարանը, «ի վիճակի է լինելու համագործակցել նախագահի հետ»:

«Ակնկալում եմ, որ ինձ սատարող քաղաքական ուժերը իմ ընտրությունների ժամանակ բավարար ձայներ, բավարար մանդատներ կունենան Ազգային ժողովում, ինչը հնարավորություն կտա լայնածավալ աշխատանքներ կատարել նախընտրական խոստումների, ծրագրերի իրականացման համար», - ասաց երկրի նախագահը՝ խոստանալով առաջիկա 3 տարիներին կատարել ավելին, քան անցած 5 տարիների ընթացքում:

«Ավելի հավանական է, որ կունենանք կոալիցիոն կառավարություն հետագայում, եւ տվյալ դեպքում վարչապետի պաշտոնը կապված է լինելու ամենամեծ ֆրակցիայի կարծիքից», - ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, թե Ազգային ժողովի նախագահի դեպքում էլ «տրամաբանությունը նույնն է»:

Նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանին սատարած ուժերի միջեւ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում ի հայտ են եկել որոշակի տարաձայնություններ: Պատասխանելով հարցին, թե կպառակտվե՞ն արդյոք այդ ուժերը, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Ինձ սատարող քաղաքական ուժերի միջեւ հնարավորություն մենք ունենալու ենք եզրեր գտնել լուրջ համագործակցության համար»:

Նախագահը կտրականապես հերքեց ընդդիմադիր մամուլի հրապարակումները, թե մի քանի օր առաջ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել ու որոշվել է, թե քաղաքական որ ուժին որքան տոկոս է տրվելու:

Քոչարյանը խուսափեց հստակ պատասխանել հարցին, թե նախարարներից ովքեր են մնալու կազմավորվելիք կառավարության կազմում:

Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեին, Ռոբերտ Քոչարյանը ասաց. - «Սա այն դեպքն է, երբ մենք անցնելու կամ չանցնելու պարագայում կորուստներ չենք ունենալու: Ես համոզված եմ»: Նա ավելացրեց, թե կցանկանար, որ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեով ընդունվեին, բայց հատուկ նպատակ չի դրվելու, որ «անպայման, ամեն գնով մարդկանց պարտադրել, որ այս նոր խմբագրությամբ Սահմանադրությունը ընդունվի»:

Նախագահը էթիկայի առումով ճիշտ չհամարեց պատասխանել Հեյդար Ալիեւի մահից հետո Ադրբեջանում հնարավոր զարգացումներին վերաբերող հարցին:

Ռոբերտ Քոչարյանը այսօր նաեւ հրապարակեց ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների տնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ արդյունաբերության աճը կազմել է մոտ 14 տոկոս, կապիտալ շինարարության աճը՝ ավելի քան 40 տոկոս, արտահանման ծավալներն ավելացել են 15 տոկոսով:

«Ունենք 12,1 տոկոս տնտեսական աճ, որը նորմալ ցուցանիշ եմ համարում՝ հատկապես հաշվի առնելով ընտրությունների հետ կապված բոլոր հանգամանքները: Եվ եթե այսպես գնա, ապա բոլոր կանխատեսումները կարող ենք մենք ունենալ, որ տարին կփակենք երկնիշ թվով», - ասաց նա:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG