Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Շաբաթներ շարունակ ականատեսը եղանք սննդամթերքի, վառելիքի, համակարգիչների, անվճար ծառայությունների տեսքով բաժանվող ընտրակաշառքի, որը պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողները երեւի թե դիտարկում էին որպես ժողովրդին բաժանվող «հաց»: Իսկ այս վերջին օրերին նույն անձինք եւ քաղաքական կազմակերպությունները անցել են «զվարճալիքներին», - փուլային հանգրվան է արձանագրում այսօր «Երկիր» թերթը: - «Տպավորություն է ստեղծվում , որ Հայաստանում ոչ թե խորհրդարանական ընտրությունների քարոզարշավ է, այլ էստրադային փառատոն»: «Երկիր»-ի շեշտադրմամբ, սույն համերգարշավի փաստն ինքնին վկայությունն է գեղեցիկ ծրագրերով ու լուսավոր ապագայի մասին հեքիաթներով ներկայացող շատ կուսակցությունների ու քաղաքական գործիչների գաղափարական, ծրագրային եւ քաղաքական սնանկության: «Քանի դեռ ընտրություններին մասնակցող եւ ժողովրդին ղեկավարելու հավակնություններ ունեցող կուսակցությունների ու անհատների ճնշող մեծամասնությունը նախընտրական քարոզարշավը դիտարկում է որպես ժողովրդին կաշառելու, հիմարացնելու, խաբելու կամ զվարճացնելու առիթ, դժվար է հավատալ, որ երբեւէ ժողովրդի ճնշող մեծամասնությունն էլ քաղաքական ուժերին ու գործիչներին կդիտարկի որպես իր եւ պետության կյանքում որեւէ լուրջ դերակատարում ունեցող գործոն», - բխեցնում-եզրափակում է «Երկիր»-ը:

Մամուլում հնչող բազմաբնույթ մեղադրանք-բացահայտումների շարքում թերեւս առավել թարմություն է պատմական կեղծիքի առնչվող հետեւյալը. «Հայկական ժամանակ» թերթը փոխանցում է. - «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Ջորջ Հակոբյանը առնվազն անբարոյական է համարում ՀՌԱԿ քարոզչական տեսանյութերում հնչող հայտարարությունները, թե ՀՌԱԿ-ը 118-ամյա կուսակցություն է, եւ այդ կուսակցությունը մասնակցել է 20-րդ դարասկզբի ինքնապաշտպանական մարտերին: «Եթե ռամկավարները չգիտեն իրենց պատմությունը, ապա ուզում եմ նրանց հիշեցնել, որ ՌԱԿ-ը ստեղծվել է 1921 թվականին, երբ բոլոր հայտնի ինքնապաշտպանական մարտերն ավարտվել էին, եւ իրենք գոնե այդ պատճառով չէին կարող մասնակցել դրանց», - ասում է հնչակյանների ատենապետը: - «1921թ.-ից մինչ այսօր անցել է 82 տարի եւ ոչ թե 118, ինչպես փորձում են ներկայացնել իրենք»:

«Միայն ՀՀԿ-ի ինտերնետային պաշտոնական էջում զետեղված նյութերը բավական են, որ այդ կուսակցությանն «Ընտրական օրենսգիրքը» խախտելու համար ԿԸՀ-ն զրկի գրանցումից», - մատնանշում է «Առավոտ» թերթի մեկնաբանը՝ մեջբերելով բազմաթիվ օրինակներ, երբ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ առաջնորդները ընտրողներին խոստանում են մատուցել զանազան ծառայություններ եւ տալ ապրանքներ, ու նաեւ՝ որ օգտագործվել են վարչական լծակները: Մյուս կողմից, Հանրապետական կուսակցության քաղաքական գովազդում, որ այսօր հրամցվում է «Ազգ» թերթում, շեշտված է. - «ՀՀԿ-ի քարոզարշավի առանձնահատկությունն է ընտրական շրջանի համար այնքան սովորական մի երեւույթի՝ պոպուլիզմի բացակայությունը: Կուսակցությունը խոստանում է միայն այն, ինչի իրագործումը իրատեսական է համարում»:

«Այբ-Ֆե» թերթում ընդգծված ներկայացվում է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանի՝ երեկվա ասուլիսում ասածը՝ «Դիտորդի գործը դիտելն է, ուրիշ ոչինչ: Ինչ ուզում են՝ գրեն»: Սահակյանը գտնում է, որ դիտորդական առաքելություններից յուրաքանչյուրն իր աշխարհաքաղաքական շահից դրդված գնահատականներ է տալիս, եւ պետք չէ դրանց լուրջ վերաբերել:

Վերջերս մի կարծիք հայտնվեց, թե նախագահի ընտրություններին հետեւող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերն ԱԺ ընտրություններին հետեւելու չի եկել, որովհետեւ նախորդ անգամ ավելին ջանաց, քան ակնկալում էին Եվրոպայում: Այս առումով ԵԱՀԿ ներկայիս դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին «Առավոտ»-ի թղթակցին ասել է. - «Իհարկե, դա ճիշտ չէ: Այդ հաշվետվությունը կազմել էր Եվրախորհրդր խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության հետ համատեղ՝ Վարշավայում ԵԱՀԿ գրասենյակը: Իսկ թե եվրոպական երկրներն ինչպես էին վերաբերում այդ ընտրություններին, երեւաց այն դեմարշից, որը եղավ դրանց արդյունքում: Դա նշանակում էր, որ Եվրոպան հիասթափվել է ոչ թե Այքերից, այլ՝ Հայաստանի իշխանություններից»: Ինչ վերաբերում է այս նախընտրական շրջանից Բերրիի տպավորություններին՝ «Կարծում եմ, Հայաստանի քաղաքական, ներառյալ՝ իշխանական կուսակցությունների առաջնորդները, իսկապես ցանկանում են ավելի լավ ընտրություններ անցկացնել: Միաժամանակ ճիշտ է այն դիտարկումը, թե ավելի շատ մրցակցություն կա «իշխանամետ» կոչվող բլոկի ներսում: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների մեջ ընտրապայքարն ամենաթեժն է, բայց, երբ գործը հասնում է այդ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուին, շատ հաճախ չկա վերահսկողություն ոչ կուսակցությունների կողմից, ոչ նույնիսկ իշխանությունների: Հենց մեծամասնական ընտրապայքարին է, որ մենք ուշադրությամբ պետք է հետեւենք»:

«Հայոց Աշխարհ» թերթի փաստագրմամբ, քարոզարշավի թափն ու լարվածությունը նկատելիորեն անկում է ապրել եւ դրա մասնակիցները կարծես արդեն ձանձրացել են գրեթե նույն՝ անբովանդակ կարգախոսներն ու խոստումները կրկնելուց: «Սակայն բուն ընտրապայքարի լարվածության անկման հետ մեկտեղ ներքաղաքական մթնոլորտը ոչ թե լիցքաթափվում, այլ ավելի է սրվում: Պատճառն այն է, որ ընտրապայքարի մասնակիցների նշանակալի մասը կարծես թե դադարել է իր գործով զբաղվել՝ ողջ ուշադրությունն ու ժամանակը կենտրոնացնելով մայիսի 25-ի քվեարկության արդյունքների, այդ թվում եւ յուրաքանչյուր կուսակցության ստանալիք տոկոսների ու տեղերի շուրջ «վերեւներում» իբր թե նախապատրաստվող տարաբնույթ «սցենարների» քննարկման վրա», - նշում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: Այս ելակետից էլ ուրվագծվում է. - «Վերեւներում նախապատրաստվող ինչ-ինչ «սցենարների» մասին հորինվածքներով արհեստականորեն շիկացվող ներքաղաքական իրավիճակը անկասկած էլ ավելի է լարվելու քվեարկության, ձայները հաշվելու եւ արդյունքները հրապարակելու ժամանակամիջոցում: Միանալով այդ գործընթացի մեջ այս կամ այն չափով ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց մեջ կուտակվող հույզերին ու սպասումներին, նման բամբասանքները կարող են ստեղծել դժգոհության այն կրիտիկական զանգվածը, որը խիստ անհրաժեշտ է որոշակի ուժերի ու գործիչների կողմից բողոքի ցույցեր, հանրահավաքներ, երթեր եւ այլ քայլեր սադրելու համար»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG