Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մեզանում արդեն վաղուց գաղտնիք չէ, որ նախընտրական սոցիոլոգիական վարկանիշերը պատվիրում են ընտրվողները՝ համապատասխան գումարով (ցանկալի է՝ կանխիկ): Որքան շոշափելի է պատվիրատուի (ընտրվողի) ներդրած գումարը, համապատասխանաբար շոշափելի են արարվում նրա վարկանիշն արտահայտող թվերը: Եվ գլխավորապես դա է պատճառը, որ մեր մի «սոցիոլոգի» հետազոտած ու ի հայտ բերած թվերը բոլորովին «չեն խոսում» ու համընկնում մեր մեկ այլ «սոցիոլոգի» ի հայտ բերած թվերի հետ», - արձանագրում է այսօր «Այբ-Ֆե» թերթը եւ ի մի բերում. - «Եթե այսպես շարունակվի, շատ մոտ ապագայում մեր «սոցիոլոգները» վերջնականապես կզրկվեն իրենց «մի կտոր հացից»:

Երբ թվերի հանդեպ հավատը մեռած է, մնում են միայն խոսքեր: Ու երբ խոսքերն էլ նույնն են՝ ամեն պատահականություն կամ անակնկալ կարող է գնացվել: Մանավանդ, ինչպես փաստագրում է «Հայոց Աշխարհ» թերթը՝ «համամասնական ընտրակարգով պայքարի մեջ մտած քաղաքական ուժերի խտությունը աննախադեպ է մեզանում ցայսօր կայացած բոլոր խորհրդարանական ընտրությունների համեմատ»: Ըստ «Հայոց Աշխարհ»-ի, առայժմ պարզ է միայն հետեւյալը. - «Ապագա խորհրդարանում լինելու է իշխանամետ ուժերի հստակ մեծամասնություն եւ ընդդիմադիր՝ նույնպես հստակ փոքրամասնություն, որոնց շարքերում տեղ գրավելու իրական հնարավորություն ունեն Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Օրինաց Երկիր»-ը, «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն»-ը... Այս իրավիճակում խիստ բարդ է որոշել, թե որ կուսակցություններն են միանալու 5 տոկոսը հաղթահարելու բոլոր շանսերն ունեցող առաջին հնգյակին, մանավանդ որ նրանք իրենց հավակնություններով ամենեւին էլ չեն զիջում առաջատարներին: Օրինակ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքը հավակնում է ընտրողների 14,5 տոկոսի ձայներին, ՀԺԱՄ-ը՝ 7-10 տոկոսին եւ այսպես շարունակ»: «Ստացվում է, որ ներկայումս ծավալվող հավակնությունների տոկոսակռիվը գտնվում է մոտ 400 տոկոսի սահմանագծի վրա: Ակնհայտ է դառնում, որ ընտրապայքարի եզրափակիչ փուլը եւ մանավանդ քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացը վերածվելու է 5 տոկոսի սահմանագծի վրա տատանվող «երկրորդ էշելոնի» ներկայացուցիչների դաժան գոտեմարտի», - ամփոփել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը: - «Այն լինելու է ավելի լարված ու անկանխատեսելի, քան առաջին հինգ հավակնորդների՝ առաջատարների մրցապայքարը»:

Մի քանի նոր ուշագրավ ձեւակերպումներ է անում Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում. - «ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որ ե՛ւ նախագահական ընտրարշավի, ե՛ւ այս քարոզարշավի ընթացքում միանշանակ եւ անվերապահ աջակցություն է հայտնում նախագահին... Ընդդիմությունը լավ կամ վատ չի լինում, այն կա՛մ կա, կա՛մ չկա: Եթե հանրաքվեն տապալվի, դրա պատասխանատվությունը կրելու է նաեւ ընդդիմությունը», - ասում է Գալուստ Սահակյանը:

«Առավոտ» թերթի հարցազրույցում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ձգտում է ապագա խորհրդարանում ունենալ ի'ր մեծամասնությունը, վերջինս ասում է. - «Կարծում եմ, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ եթե ես այդպիսի ցանկություն ունենայի, այն իրականացնելու շատ ավելի հեշտ ճանապարհ կար՝ միավորել բոլոր փոքր, ոչ խորհրդարանական կուսակցություններին, լինել ցուցակում առաջին համարը, ընտրել քարոզչության այլ ձեւ, եւ կասկած չունեմ, որ որոշակի հաջողություն կունենայի։ Բայց, քանի որ ես մտել եմ կոնկրետ կուսակցության ցուցակ՝ 2-րդ համարով, ինչի՞ մասին է խոսքը, եթե մեծամասնություն ունենա, ունենալու է Հանրապետական կուսակցությունը»: «Ձեր՝ ՀՀԿ-ի ցուցակում լինելը, եւ Ռոբերտ Քոչարյանի մերձավորների հայտնվելը ՀՅԴ ցուցակում հարցեր է առաջացնում, արդյո՞ք ճամբարների բաժանում կա եւ հակասություն ձեր միջեւ». այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Բոլորովին այդպիսի բան ես չեմ տեսնում, միշտ էլ փորձել են ինչ-որ հակասություններ գտնել իմ եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Եթե լինի հակասություն, ես այստեղ անելիք չունեմ, որովհետեւ Քոչարյանն առաջին հերթին հանրապետության նախագահ է, հետո միայն իմ ընկերը։ Երկրորդ՝ ես որեւէ առանձնակի ջերմ վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի կողմից Դաշնակցության հանդեպ չեմ տեսել։ Պիտի ասեմ, որ նա, ի պատիվ իրեն, հավասարաչափ վերաբերմունք է դրսեւորում իրեն սատարող կուսակցություններին, բնական է՝ առաջին հերթին խորհրդարանական, հետո՝ ոչ խորհրդարանական կուսակցություններին, որովհետեւ երեւի կշռի, վաստակի հարց կա... Իսկ ես երբեք հակադաշնակցական չեմ եղել եւ ոչ էլ եղել եմ Դաշնակցության երկրպագուն»: Թղթակիցը հարցնում է. - «Ինչպե՞ս կանցնեն խորհրդարանական ընտրությունները, արդյո՞ք մեր «ազգային մենթալիտետին» համապատասխան, եւ ինչքա՞ն ձայն կստանա «Արդարություն» դաշինքն ապագա խորհրդարանում»: «Այդ բառերը ես շատ մտածված եմ ասել, ուղղակի փորձել են խեղաթյուրել։ Այո, մեր ազգային մենթալիտետն այն է, որ մենք ընկերական-բարեկամական հարաբերությունները վեր ենք դասում քաղաքական հարաբերություններից», - արձագանքում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Ինչ վերաբերում է «Արդարության» տոկոսին, չեմ կարծում, որ կարող են շատ մեծ, սենսացիոն տոկոս վերցնել, որովհետեւ բոլոր դեպքերում նախագահին սատարող քաղաքական ուժերը իրենց բաժին տոկոսն անպայման կստանան»:

«Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հակասությունները
մտացածին չեն», - շարունակում է պնդել այսօր «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը: - «Ավելին, գործող նախագահի եւ պաշտպանության նախարարի հակասությունները հետզհետե ավելի են խորանում ու դեռ խորանալու են: Եվ դրա պատճառները, մեծ հաշվով, օբյեկտիվ են: Այս երկու գործիչները հայտնվել են բացարձակապես տարբեր իրավիճակներում: Ռոբերտ Քոչարյանն իր համար ինչ-որ վիճակ արդեն իսկ կարողացել է ֆիքսել՝ նա գտնվում է նախագահի նստավայրում: Չնայած դրան, Քոչարյանը լավ է հասկանում իր դիրքերի խախուտությունը, եւ միակ խնդիրը, որ այս փուլում նա դնում է իր առաջ՝ անել այնպես, որ իր չկամեցողների, կամ ավելի ճիշտ՝ քաղաքական ընդդիմախոսների բանակը չմեծանա: Իսկ այս խնդիրը հնարավոր է լուծել միայն խորհրդարանական մանդատները «արդարաբար» բաժանելով այն ուժերի միջեւ, որոնք նախագահական վերջին ընտրությունների ժամանակ սատարել են իրեն... Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանի՝ քոչարյանական տարբերակով ձեւավորման դեպքում առաջին եւ հարյուրտոկոսանոց զոհն է լինելու»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, «նրան բավարար չէ այն, որ ինքը կարող է եւ չլինել պոտենցիալ զոհերի թվում, նա ուզում է հարյուր տոկոսանոց երաշխիքներ ունենալ», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ը: - «Իսկ նման երաշխիք իրեն կարող է տալ միայն յուրային խորհրդարանական մեծամասնությունը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG