Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայոց Աշխարհ» թերթի, ներկա ընտրապայքարի խորքում առկա հիմնական վտանգը միանգամայն հաշվարկված ու կանխամտածված սադրանքների կազմակերպման հավանականությունն է՝ սեփական պարտության մեջ համոզված արմատականների կողմից: Սրանից հետո նոր «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը անդրադառնում է մեծամասնական ընտրատարածքներում ծավալվող «գլադիատորական մարտերին» եւ ավելացնում. - «Ներքաղաքական կյանքում արձանագրվող անցանկալի երեւույթների բնորոշ օրինակ է նաեւ միջկուսակցական պայքարում ներկայումս աննախադեպ չափերի հասած փոխադարձ վիրավորանքների ու վարկաբեկման ալիքը: Այդ գործընթացը ավելի շատ ծավալվում է իշխանությանն աջակցող ուժերի շրջանում»: «Այս երեւույթի բացասական նստվածքը ընտրություններից հետո կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ապագա խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու հարցում», - նախանշում է «Հայոց Աշխարհ»-ը՝ ընդհանուր առմամբ ընդգծելով. - «Պետությունը պարտավոր է երաշխավորել կարգ ու կանոնի խստագույն պահպանումը, անհապաղ կասեցնել իրավիճակն արհեստականորեն սրելու փորձերը՝ ում կողմից էլ դրանք ձեռնարկվեն: Այս պայմաններում ընտրությունների կազմակերպման հիմնական՝ քաղաքական երաշխավորի դերակատարությունը պետք է իր վրա վերցնի երկրի նախագահը»:

«Իրավունք» թերթը քաղաքական ընթացքից այսօր առանձնացնում-շեշտադրում է Ռոբերտ Քոչարյանի երկու հենարանների՝ Հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության մրցակցությանը՝ այն որակելով «կատաղի», միաժամանակ, սակայն, ճշգրտում է, թե «նախագահական ընտրությունների ընթացքը ցույց տվեց, որ հիմնական հենարանը ոչ թե այդ ուժերն էին, այլ հիմնականում ապաքաղաքականացված շահամոլ տարրը, որ այսօր պահանջում է վարձահատույց լինել»: «Իրավունք»-ի վերլուծությամբ, հիմա ընտրատարածքներում պայթյունավտանգ իրավիճակներ որպես կանոն ստեղծվում են «Քոչարյանին ձայն բերած» թեկնածուների միջեւ, այլ ոչ թե իշխանամետների ու ընդդիմադիրների. - «Եվ ակնհայտ է, որ ընտրություններից հետո նույն հենարան կոչեցյալների մեծամասնությունը դժգոհ է լինելու Քոչարյանից, քանզի միեւնույն է, ընտրությունների ընթացքում հնարավոր կլինի բավարարել դրանց միայն մի մասի ախորժակները: Սակայն ընտրատարածքներում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը, որը հղի է վտանգավոր բախումներով, կարծես թե առանձնապես չի էլ մտահոգում Ռոբերտ Քոչարյանին», - համակցում է մեկնաբանը:

«Ազգային ժողովի ընտրությունների քաղաքական ներկապնակն այնքան խայտաբղետ է, որ նրա ապագա գույնը կարող է գուշակել թերեւս նորահայտ մի Նոստրադամուս», - նշում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը՝ արձանագրելով իշխանական ճամբարի ներքին սուր մրցակցություն եւ մեծ պատկերի մեջ ուրվագծելով. - «Նույնը վերաբերում է եւ ընդդիմությանը, որն իր չհամադրված գործողություններով այնպես մասնատեց բողոքական ընտրազանգվածը, որ նոր ԱԺ-ում ակնկալել քիչ թե շատ լուրջ ընդդիմություն, կարծես իրատեսական չէ։ Կուսակցություններից ետ չեն մնում նաեւ մեծամասնականները։ Վերջիններիս մոտ գործում է Ջունգլիի օրենքը՝ ամեն մեկը՝ իր համար... Ընտրությունները կամաց-կամաց վերածվում են ֆարսի։ Քանի որ բոլորն ասում են մի բան, անում տրամագծորեն հակառակը։ Եվ ոչ մի կերպ հնարավոր չէ գլուխ հանել՝ ով ում բարեկամն է, ում թշնամին, ով է պաշտպանում նախագահին, ով՝ ոչ, ով է իրական ընդդիմությունը, ով՝ կեղծ»։

Այլ թերթերի հետ «Այբ-Ֆե»-ն այսօր տարակուսանքով մատուցում է, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը դուրս է եկել ընտրապայքարից՝ ասելով. - «Հիմնական դրդապատճառն այն է, որ «Արդարություն» դաշինքը, մասնավորապես ՀԺԿ-ն, առաջնորդվեց ոչ թե քաղաքական տրամադրությամբ, այլ իրադրային շարժառիթներով»: Այս բազմաշերտ խառնակության ֆոնի վրա այսօր միաժամանակ մի քանի թերթում էլ հարցազրույցներով հանդես է գալիս ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ հայտարարելով. - «Ինչ լավ բան արվել է այս երկրում՝ արվել է ՀՀՇ-ի օրոք» («Օրրան»):

«Նշաձողի այսպիսի ցածր մակարդակ մեզանում չէր արձանագրվել», - գնահատում է «Երկիր» թերթի խմբագրականը։ - «Ստացվում է, որ ոչ թե ժողովրդի հիմնական զանգվածը պետք է հասնի իրեն ղեկավարելու հավակնություն դրսեւորողների մակարդակին, այլ ընտրություններին մասնակցող քաղաքական կազմակերպությունների եւ գործիչների հիմնական զանգվածը պետք է արժանի լինի իրեն ընտրողների մակարդակին»; Ինչ վերաբերում է թվերին, «Երկիր»-ը հրապարակել է մայիսի 5-10-ը անցկացված մի սոցիոլոգիական հարցման արդյունքներ, համաձայն որի՝ մայիսի մայիսի 25-ին առավել մեծ թվով հայաստանցիներ՝ մոտ 19 տոկոս, պատրաստվում են իրենց ձայնը տալ «Արդարություն» դաշինքին, 16,5 տոկոսը՝ Դաշնակցությանը, գրեթե նույնքանն էլ՝ «Ազգային միաբանություն» կուսակցությանը: Հաջորդում են «Օրինաց Երկիր»-ը՝ շուրջ 11 տոկոսով, եւ Հանրապետական կուսակցությունը՝ 7 տոկոսի չափ ձայներով:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG