Մատչելիության հղումներ

«Ար» հեռուստաընկերությունը եթեր է վերադառնում


Շուրջ մեկ տարի առաջ հեռարձակումը դադարեցրած «Ար» հեռուստաընկերությունը, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը այլեւս պատկանում է «Գրանդ հոլդինգ»-ի, այսուհետեւ նաեւ «Ար» հեռուստաընկերության նախագահ Հրանտ Վարդանյանին, մայիսի 15-ից կրկին կհեռարձակվի ՝ առայժմ միայն Երեւանում եւ Արարատի մարզում: Առայժմ ցուցադրվելու են միայն ֆիլմեր, որոնք երկու անգամ կընդմիջվեն լրատվական թողարկումներով:

Հեռուստաընկերության վերաբացման առիթով հրավիրված ասուլիսում Հրանտ Վարդանյանը հավաստիացրեց, որ «Ար»-ը «որեւէ կուսակցության, որեւէ քաղաքական ուժի, որեւէ խմբավորման չի ծառայելու»: Նա հիշեցրեց, թե երկու տարի առաջ, երբ հիմնում էր «Հայրենիք» մանկական հեռուստաընկերությունը, քչերն էին հավատում, թե այն զերծ կմնա քաղաքականությունից:

Հարկ է հիշեցնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հրանտ Վարդանյանի գլխավորած Հայ աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ նրա որդին ընդգրկված են Դաշնակցության համամասնական ցուցակում:

Նոր «Ար»-ը, Վարդանյանի խոսքերով, ավելի «լուրջ եւ բարդ աշխատանք» է կատարելու: Որդեգրված սկզբունքներն են, Վարդանյանի խոսքերով՝ հեռուստադիտողին մատուցել անաչառ եւ օպերատիվ տեղեկատվություն, սոցիալական խնդիրներում լինել ժողովրդի հետ, պաշտպանել անպաշտպաններին, անհանգստացնել չափազանց պաշտպանվածներին եւ այլն:

«Մենք միայն ծառայելու ենք մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր պետության եւ պետականության անվտանգությանը», - հայտարարեց Հրանտ Վարդանյանը:

«Գրանդ հոլդինգ»-ը մոտ 250 հազար դոլար է տրամադրել հեռուստաընկերության տեխնիկական վերազինմանը, եւս 190 հազար դոլարով մարվել են ինչպես աշխատավարձի, այնպես էլ Արդշինբանկին հեռուստաընկերության ունեցած պարտքերը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG