Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան որոշ պաշտոնյաների դասական կանխանշումները, թե հաջորդ խորհրդարանը կլինի այնպիսին, ինչպիսին մեր երկիրն ու ժողովուրդն են, «Օրրան» թերթին մղել են վերհիշեցնելու նախագահական ընտրությունների առնչությամբ հնչած դիտորդական գնահատականը, որ մեր ժողովուրդը իշխանություններից առաջադեմ է: Եվ հաջորդ խորհրդարանն էլ բնավ այնպիսին չի լինի, ինչպիսին ժողովուրդն է, քանզի, «Օրրան»- ընգծմամբ, մեր ընտրությունների ժամանակ բոլոր ցենզերից գործում է միայն գույքային ցենզը, միայն ու միայն գույքային ցենզը՝ ոչ մի կրթական, ոչ մի բարոյական: Ըստ այդմ էլ՝ «ազգային, սոցիալական առումով անիմաստ, անբովանդակ ու խորթ գոյացություններից է հիմնականում գումարվելու մեր հաջորդ խորհրդարանը»:

Թափանցիկ քվեատուփերի անցած ուղին մեր իրականության մեջ «Առավոտ» թերթի խմբագրականում այսօր ներկայացվում է հետեւյալ ծիրային հանգրվաններով. «Այդ տուփերի տարողությունը փոքր էր ու թույլ չէր տալիս լցնել ցանկալի արդյունք ապահովող քվեաթերթիկներ»։ Սա հաշվի առնելով՝ մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կորցրեց հետաքրքրությունը դրանց նկատմամբ: «Հայրենական ընտրողի համար միեւնույն է՝ ուր գցի իր քվեաթերթիկը՝ թափանցի՞կ, թե՞ ոչ թափանցիկ արկղ։ Նախագահական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ թափանցիկ քվեատուփերի հետ թափանցիկ ընտրությունները ոչ մի լուրջ կապ չունեն»: Այսուհանդերձ, երբ միջազգային դիտորդներն ուղղակի հայտարարեցին, որ թափանցիկ քվեատուփեր օգտագործելուց ԿԸՀ-ի հրաժարվելը կգնահատեն որպես ժողովրդավարության ուղուց շեղում, այդ քվեատուփերը կրկին կյանքի իրավունք ստացան։ Ամեն դեպքում, «Առավոտ»-ի եզրահանգմամբ,՝ առաջիկայում էլ ընտրությունների արդարությունը ամենեւին էլ կախված չի լինելու դրանցից:

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, հանրապետության ղեկավարությունը շատ մոտ ապագայում մտադիր է ոչնչացնել 2003թ. նախագահական ընտրությունների փաստաթղթերը եւ, առաջին հերթին, քվեաթերթիկները: Ըստ թերթի աղբյուրների, այդ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ վերջնականապես ճշտվել է, որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, մտադիր է Եվրոդատարանում վիճարկել ընտրությունների արդյունքները: Ինչ վերաբերում է ոչնչացման իրավական հիմքերին, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը մեջբերում է կառավարության 1998 թվականի դեկտեմբերի մի որոշում, ըստ որի՝ «քվեաթերթիկները, ի տարբերություն մնացած ընտրական փաստաթղթերի, որոնց պահպանման համար նշված են հստակ ժամկետներ, պահպանվում են «մինչեւ անհրաժեշտության կորցնելը»: Իսկ համաձայն ՀՀ գործող օրենսդրության, նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման վերջին իրավական լուծումը Սահմանադրական դատարանն է, այսինքն՝ այս մարմնի համապատասխան որոշման կայացումից հետո քվեաթերթիկները կարող են համարվել իրենց անհրաժեշտությունը կորցրած: Ի դեպ, այս որոշման հիման վրա, դեռեւս տարիներ առաջ, ոչնչացվել են 1998թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ փաստաթղթերը»:

«Այբ-Ֆե» թերթն այսօր կրկին ուշադրություն է սեւեռում, որ իշխանությունը ոչինչ չի անում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն ու հրատապությունը հասարակությանը հասցնելու համար՝ դրանով իսկ կանխորոշելով հանրաքվեի տապալումը: Մեկնաբանը դա մատուցում է հետեւյալ երանգներով. - «Քոչարյանը ոչինչ չի անում, որ շարքային քաղաքացին գլուխ հանի սահմանադրական փոփոխություններից: Քոչարյանն ուզում է, որ մարդիկ դեմ քվեարկեն իր փոփոխություններին եւ դրա համար դիտավորյալ անօրինականության է գնում մինչեւ քվեարկությունը: Քոչարյանն ամեն ինչ անում է, որպեսզի հասարակությունը տեղեկանա ապօրինություններին, ոչ թե՝ սահմանադրական փոփոխություններին: Նա ուզում է Եվրախորհրդին հասկացնել, որ իր լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում մի երկրում, ուր մարդիկ դեմ են Եվրախորհրդի բարեհաճությունը վայելող սահմանադրական փոփոխությունների գաղափարին... Ընդհանուր առմամբ, Քոչարյանի համար միեւնույն է՝ կկեղծվե՞ն, թե՞ չեն կեղծվի հանրաքվեի արդյունքները: Կեղծվեն՝ լավ, չկեղծվեն՝ դարձյալ սարսափելի ոչինչ չի լինի»:

«Երկիր» թերթի խմբագրականի նյութը դարձյալ ընտրակաշառքներն են: «Եթե մինչեւ վերջերս որոշ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ հիմնականում իրենց գովազդային հոլովակներով փորձում էին քաղաքակիրթ ու բնականոն տեսք հաղորդել ընտրակաշառք կոչվող երեւույթին, ապա այս շրջանում փորձում են համոզել հանրությանը, որ այն, ինչ իրենք անում են, շատ հայրենանվեր գործ է, իսկ իրենց քննադատողները պարզապես ժողովրդի «լավը չեն ուզում», - նոր փուլ է արձանագրում «Երկիր»-ը՝ արձագանքելով. - «Ինչ խոսք, կարիքավորներին օգնելու մեջ ոչ մի վատ բան չկա: Ավելին՝ դա միանգամայն նորմալ է, մարդկային ու ողջունելի: Բայց երբ կարիքավորին օգնում են ոչ թե մարդասիրությունից դրդված, ոչ թե անվարձահատույց, այլ փոխարենը քվե ակնկալելով, դա արդեն ոչ թե օգնություն է, այլ առեւտուր, իսկ ավելի ճիշտ՝ քաղաքական աճպարարություն, խաբեություն,հանցագործություն: Այո, գյուղացուն պետք է պարարտանյութ, դպրոցներին հարկավոր են համակարգիչներ, եւ ընդհանրապես, շատ բան է պակասում: Բայց երեւի թե ամենից շատ պակասում են պարկեշտությունն ու ազնվությունը... Բոլոր նրանք, ովքեր այսօր ընտրակաշառք բաժանելով ուզում են մուտք գործել խորհրդարան, բարոյական իրավունք չունեն խոսելու օրինականության հաստատման, արդարության համար պայքարելու մասին, քանզի հենց իրենք, դեռեւս խորհրդարան չմտած, ամեն ինչ անում են երկրում անօրինականությունն ու անարդարությունը շատացնելու համար», - ամփոփված է «Երկիր»-ում:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն այսօր համադրել է, որ մի կողմից Միացյալ Նահանգները կրճատում է օգնությունը Հայաստանին՝ վկայակոչելով Հայաստանի տնտեսական աճի՝ պաշտոնապես գրանցվող հաջողությունները, մյուս կողմից՝ մեր ֆինանսների նախարարը օգնություն է ակնկալում երկրում աղքատությունը հաղթահարելու համար: «Ամերիկացիներն օգտվում են Հայաստանի ազգային վիճակագրական պետական ծառայության տվյալներից, որոնց համաձայն՝ Հայաստանում տնտեսական հրաշք է տեղի ունենում: Իսկ Վարդան Խաչատրյանը հո լավ գիտի, թե Հայաստանում ինչ է կատարվում», - նշում է մեկնաբանը: -«Բայց ամերիկացիները Վարդան Խաչատրյանի արցունքներին չեն հավատալու. նրանք հավատալու են Ստեփան Մնացականյանի թվերին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG