Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը «շատ մեծ» է գնահատում իր հնարավորությունները


Մայիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր 9 քաղաքական ուժեր միավորող «Արդարություն» դաշինքի լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե դաշինքը միասնական է եւ այդ տրամադրությամբ էլ գնում է ընտրությունների:

«Արդարություն» դաշինքի հնարավորություններն այդ ընտրություններում «շատ մեծ են», - ասաց Խաչատրյանը:

Դաշինքի խոսնակը թվեր չնշեց՝ համարելով դա «ոչ կոռեկտ» եւ «անիմաստ»: Նա նաեւ «ակնհայտ» ու «կասկածից վեր» համարեց, որ «իշխանությունների կողմից ամեն ինչ արվելու է, որպեսզի հնարավորինս այդ շանսերը չիրականացվեն»:

Անդրադառնալով ընթացող քարոզարշավին, Ռուզան Խաչատրյանը (առանց, սակայն, մասնավորեցնելու) ասաց, թե իշխանամետ ուժերի կողմից արդեն իսկ կիրառվում է «սեւ PR»: «Որոշ քաղաքական ուժեր նույնիսկ հպարտանալով են հայտարարում, թե՝ մեկ-երկու օրվանից անցնելու ենք սեւ PR-ի», - ասաց նա՝ միաժամանակ զգուշացնելով, թե դա «բումերանգի էֆեկտ» է ունենալու:

«Արդարություն» դաշինքի խոսնակը անդրադարձավ նաեւ հանրային հեռուստատեսության եթերի օգտագործմանը քարոզարշավում: Նրա խոսքերով, իրենք ստացել էին հրավեր Հանրային հեռուստատեսության ծրագրերից մեկից: «Մենք առաջարկեցինք, որ դա կայանա [քարոզարշավի] վերջին օրերին: Ասացին, որ դա անհնար է»: Խաչատրյանի մեկնաբանությամբ, մերժման պատճառն այն է, որ վերջին օրերին հեռուստաեթերը տրամադրվելու է իշխանական թեկնածուներին:

Ռուզան Խաչատրյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելուն՝ անցած նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ՀԺԿ նախագահի հայցի մերժման կապակցությամբ, հարկ համարեց շեշտել, որ դա անձի դեմ ներկայացվելիք հայց չէ լինելու: Ստեփան Դեմիրճյանը ներկայումս խորհրդակցում է իրավաբաների հետ՝ որպեսզի ներկայացվելիք հայցը չվնասի մեր պետության հեղինակությունը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG