Մատչելիության հղումներ

Հայէկոնոմբանկը շահաբաժին է վճարում բաժնետերերին


Հայաստանյան իրականության մեջ խիստ հազվադեպ երեւույթ տեղի ունեցավ այսօր, երբ Հայէկոնոմբանկի սեփականատարերերը 2002 թվականի շահույթի մոտ մեկ հինգերորդը որպես շահաբաժին հատկացրին բաժնետերերին:

Հայէկոնոմբանկը, որի բաժնետոմսերի վերահսկիչ ծրարը պատկանում է «ՍԻԼ» կոնցեռնի սեփականատեր Սուքիասյան եղբայրներին, այսօր գումարված բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում 2002 թվականին ստացած 490 միլիոն դրամի զուտ շահույթից 90 միլիոնը հատկացրեց բանկի բաժնետերերին։

Կոնցեռնի նախագահ Խաչատուր Սուքիասյանի հավաստմամբ, ստացած շահույթներից շահաբաժին հանելու պրակտիկան իրենք մտադիր են տարածել նաեւ բաց բաժնետիրական ընկերություններ հանդիսացող իրենց արտադրական ձեռնակությունների վրա:

Հայէկոնոմբանկի մեկ բաժնետոմսն այժմ արժե 3510 դրամ։ Յուրաքանչյուր բաժնետոմսի հաշվով կճարվի 150 դրամ շահաբաժին։ Շահաբաժինը կվճարվի տարեկան 6 տոկոս եկամտաբերության հաշվարկով։ Բանկի սեփականատերերը համոզված են, որ շահաբաժինների վճարումը կնպաստի բանկի բաժնետոմսերի շուկայական արժեքի հետագա աճին, ինչը նոր բաժնետերեր կներգրավի։

Հայաստանում, ուր տնտեսության ռեալ հատվածում գործում են ավելի քան 1300 բաց բաժնետիրական ընկերությունները, պոտենցիալ մանր բաժնետերերը չեն ցանկանում գնել խոշոր ընկերությունների արժեթղթերը, քանի որ չեն հավատում, թե սեփականատերը իրենց դիվիդենտ կվճարի։

Խաչատուր Սուքիասյանն համոզված է որ առաջին քայլը պետք է սեփականատերերը անեն: «Ինստիտուցիոնալ համակարգերը պետք է գործեն: Հայաստանի Հանրապետությունում բաժնետիրական ընկերությունները պետք է գործեն ոչ թե թղթի վրա, այլ իրականում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի համոզմամբ, շահաբաժիններ վճարելով ոչ միայն ավելանում է մանր բաժնետերերի քանակը, այլեւ մեծանում է բանկի նկատմամբ վստահությունը:

«Հուսով եմ եւ արդեն նախադրյալներ կան, որ 2003-ն էլ մենք կփակենք շահույթով, եւ հնարավորություն կունենանք պահպանել շահաբաժինների վճարման ինստիտուտը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Օսիպյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG