Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահական քարոզարշավի ժամկետի կեսն արդեն սպառված է: Քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, ում դիմել է «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը, հիմնականում փաստագրում են, որ այս ընթացքում էական խոչընդոտների չեն հանդիպել, եւ իրենց հնարավորությունները մնում են մեծ: Ինչ վերաբերում է թվերին, կոմկուսից պատգամավոր Ֆրունզե Խառատյանի կարծիքով, օրինակ, 5 տոկոսի պատնեշը հաղթահարելու իրական հնարավորություն ունեն Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, Հայկոմկուսը, «Ազգային միաբանությունը», «Արդարություն» դաշինքը, «Օրինաց երկիրը»: «Ազգային միաբանությունը» հավանականություն ունի ստանալու մեր հայրենակիցների 30 տոկոսի աջակցությունը», - ասում է այդ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: «Մոտենում ենք 10 տոկոսի սահմանագծին եւ, կարծում ենք, որ գնալով այդ միտումը կաճի», - իր հերթին հավաստիացնում է «Հզոր Հայրենիք»-ի ղեկավարներից Վարդան Վարդապետյանը: Իսկ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանն առայժմ նշում է. - «Ակնհայտ է, որ հանրապետության նախագահին աջակցող հիմնական կուսակցությունները 5 տոկոսի պատնեշը հաղթահարելու հնարավորություններ ունեն, ինչպես նաեւ ընդդիմության երկու հիմնական ուժերը: Թե ինչպիսի համամասնություն կարձանագրվի, այս պահին կանխատեսելը դժվար է»: Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը համոզված է, որ այս առումով «շուտով կհրապարակվեն քիչ թե շատ հավաստի տեղեկություններ»: Միաժամանակ նա ընդգծում է. - «Հանրապետական կուսակցության նկատմամբ կիրառվում են սեւ քարոզչության տեխնոլոգիաներ: Եւ որքան էլ տարօրինակ հնչի, գոնե առայժմ հիմնական հարվածները հասցվում են ոչ արմատական ընդդիմության կողմից»:

«Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում Հանրապետականների նախընտրական շտաբի պետ Գալուստ Սահակյանն էլ արձանագրում է. - «Այս փուլում ՀՀԿ-ի հարաբերությունները թե' «Արդարություն» դաշինքի եւ թե' Գեղամյանի կուսակցության հետ շատ ավելի քաղաքակիրթ են, քան մեր հարաբերություններն իշխանական ճամբարի կուսակցությունների հետ»: Սահակյանի բնորոշմամբ, հիմա որոշ ուժեր սկսել են «հաճույք պատճառել միաժամանակ թե' ժողովրդին, թե' իշխանություններին եւ հայտնվել են կուրտիզանուհիների վիճակում»: «Մենք գնում ենք հանուն գաղափարի, իսկ մյուս քաղաքական ուժերի նպատակն իշխանությունն է», - իրենց առանձնահատկություններն է մատուցում Գալուստ Սահակյանը: - «Եթե որոշ ուժեր արդեն ընկել են տվայտանքների մեջ եւ մտածում են, թե իշխանական աթոռները կարող են համատեղել իրենց քաղաքական հայացքների հետ, ապա չարաչար սխալվում են... Ցանկացած ուժ, ոչ միայն Դաշնակցությունը, եթե կարողացավ գործադիր կամ օրենսդիր իշխանությունը վերցնել, դա հենց հիմք է հանդիսանալու երկրի ապակայունացման համար, որովհետեւ ցանկացած այլ ուժի հետ մնացած ուժերը չեն ցանկանում համագործակցել»:

Լրանում է Անդրանիկ Մարգարյանի կառավարության երեք տարին, եւ այս կապակցությամբ «Հայաստանի Հանրապետություն» թերթում լայնածավալ ներկայացված է արվածն ու անելիքը՝ հետեւյալ շեշտադրումներով. - «Ներկայիս կառավարության գործունեությունը գալիս է փաստելու, որ թեպետ նախընտրական ծրագրերը, դժբախտաբար, առավելապես թղթային վերջնական ճակատագիր են ունենում, բայց երկրի նախագահի, վարչապետի ու կառավարող քաղաքական ուժի պարագայում ծրագիրը տեսականից վաղուց արդեն վերածվել է գործնական քայլերի... Իրականացվող բարեփոխումները ավելի ու ավելի են ուղղորդվում անմիջականորեն դեպի մարդը՝ երկրի քաղաքացին... Անդրանիկ Մարգարյանի հասարակական վստահության քվեն, թերեւս, կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությանը ժողովրդի կողմից տրվելիք նախապատվությունը»: Անդրանիկ Մարգարյանի կառավարության ձեռքբերումների շարունակականությունն է այսօր արժեվորվում նաեւ ռամկավարների «Ազգ» թերթում:

Հասարակագետի հայացքով նայելով քարոզարշավին ու ձեւավորվելիք խորհրդարանին, Հրանուշ Խառատյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նշում է. - «Ես չորս քաղաքական ուժերի՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Արդարություն» եւ «Օրինաց երկիր», տալիս եմ 12-18 տոկոսի հնարավորություն։ Եւ որեւէ մեկը բացարձակ մեծամասնություն չի ունենա։ Մյուս կողմից՝ մեծամասնություն կկազմեն այն կուսակցությունները, որոնք սատարել են նախագահին։ Ընդհանուր առմամբ, նրանք չեն հակադրվի քաղաքական կուրսին, թեպետ իրենց ներսում հակասություններ կունենան»: Ազգագրագետի կարծիքով, հասարակության քանակական մեծամասնության շահը չի ձեւավորված եւ այդ շահը ներկայացնողը հավակնորդների մեջ գործնականում չկա։ Ինչ վերաբերում է ներքին լարման միտումներին՝ «հասարակության մեջ բացի խիստ կուսակցականացված անձանցից, խորհրդարանին ռեալ իշխանության դեր վերապահողներ չկան։ Եւ վերջինիս հանդեպ վստահության բացակայությունն ինքնին արդեն բեւեռացվածության հիմք չի տալիս... Բացի այդ, հասարակության այն մասը, որը նախագահի ընտրության արդյունքով բավարարված չէ, հեռանում է երկրից։ Այս հատվածի համար արդեն այնպիսի իներտ վիճակ է ձեւավորվել, որ այլեւս հուսախաբ, դադարել են ակտիվորեն արտահայտել իրենց կարծիքը։ Այսինքն՝ ոչ թե համերաշխություն, այլ իներտություն է առաջ եկել»։

Ըստ «Առավոտ» թերթի, այսօր խոսել, թե պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելը կնպաստի Ազգային ժողովի որակի բարձրացմանը, առնվազն նախընտրական պոպուլիզմ է։ «Քանզի այսօր մեր հասարակության առաջին խնդիրը ոչ թե քրեական տարրերի առաջ ԱԺ մուտքը փակելն է, այլ ԱԺ-ում ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունը։ Քաղաքակիրթ աշխարհում պատգամավորի անձեռնմխելիությունն ընդունվել է նախեւառաջ ընդդիմությանն իշխանությունների քաղաքական հետապնդումներից ազատելու նպատակով», - ընդգծվում է «Առավոտ»-ի խմբագրականում։ - «Մեզ մոտ, եթե հաշվի առնենք մեր իշխանության ավտորիտար բնույթը, որը հատկապես դրսեւորվեց նախագահի ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունները լիուլի ցույց տվեցին իրենց անզուսպ ձգտումը՝ հաշվեհարդար տեսնել այլախոհների հետ, պատգամավորի անձեռնմխելիությունը օրենսդիր մարմնի հնարավոր անկախության թող որ փոքր, բայց երաշխիք է»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG