Մատչելիության հղումներ

Նշվեց Խաղաղության եւ հաղթանակի օրը


Մայրաքաղաքում մայիսի 9-ը՝ Խաղաղության եւ հաղթանակի տոնը նշանավորող միջոցառումները անցնում են հիմնականում «Հաղթանակ» զբոսայգում: Այստեղ գտնվող Անհայտ զինվորի հուշաքարին են ծաղկեպսակներ դնում երկրի ղեկավարները, զինվորականները, Հայրենական պատերազմի վետերանները:

Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակն ու 1992-ին Շուշիի ազատագրումը միավորող տոնի կապակցությամբ ուղերձներ են հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգայի ժողովի նախագահը, վարչապետը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանից բացի, որը մեկնել է Ղարաբաղ, Հայաստանի գրեթե ողջ ղեկավարությունը այսօր նախ այցելել էր Եռաբլուր, ապա «Հաղթանակ» զբոսայգի. Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, նախարարներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:


«Մայիսը մեր ժողովրդի հաղթանակների ամիսն է», - լրագրողներին ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: - «Շուշի, Բեռլին, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ, Ավարայր: Մենք պետք է կարողանանք այս բոլորի շարքում յուրաքանչյուրին արժեքավորել՝ հույս ունենալով, որ ապագայում, եթե նմանատիպ խնդիրներ առաջանան մեր ժողովրդի առջեւ, կարողանանք ե'ւ սերունդ դաստիարակել, ե'ւ մենք դաստիարակված լինենք»:

Ազգային ժողովի նախագահը այսօր, հաղթական տրամադրությունը զարգացնելով, հայ ժողովրդին մաղթեց նաեւ այլ հաղթանակներ. - «Ոչ միայն պատերազմի հաղթանակ, ոչ միայն ազատագրական հաղթանակ, նաեւ մեր տնտեսական ոլորտում թող հաղթանակներ լինեն, քաղաքական ոլորտում, որպեսզի մենք կարողանանք քաղաքականությամբ ամրապնդել մեր ռազմական հաղթանակները»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ե՞րբ ենք տոնելու ժողովրդավարության հաղթանակը, Արմեն Խաչատրյանը ասաց. - «Դեմոկրատիայի հաղթանակը միանգամից չի լինում: Դեմոկրատիայի հաղթանակը ես էլ եմ երազում, որ լինի: Տա Աստված, որ ամեն մի քայլ մեզ մոտեցնի այդ հաղթանակին»:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի ղեկավարներից Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը այլ ոլորտում հաղթանակների տիրույթից «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ժողովուրդը, անշուշտ, հաղթանակներ է սպասում տնտեսության ասպարեզում. - «Բայց ես կարծում ե, որպես նախադրյալ տնտեսական հզորացման, պետք է լինեն քաղաքական կառուցվածքային փոփոխություններ, [ձեւավորվի] վստահության մթնոլորտ Հայաստանում, որպեսզի հնարավոր լինի փոռթկում կատարել նաեւ տնտեսական ասպարեզում»:

Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե կառավարությունը, պետությունը պետք է հնարավորինս օգնեն՝ լուծելու վետերանների սոցիալական խնդիրները: Հարցին, թե կառավարությունն ինչ է անում ողջ մնացած սակավաթիվ վետերանների համար, Անդրանիկ Մարգարյանը ասաց. - «Ինչ որ եղել է գոնե չենք կրճատել»:

Հայաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընդամենը 13 հազար վետերան է մնացել, որոնցից 9 հազարը հաշմանդամ են: Վետերանները սոցիալական նպաստներ չեն ստանում, ինչը սոցիալական ապահովության նախարարությունը բացատրում է նրանց բարձր կենսաթոշակներով: Մյուս թոշակառուների համամետ, որոնք ամսական միջինը 5-7 հազար դրամ են ստանում, պատերազմի վետերանների թոշակները կազմում են 16-25 հազար դրամ է, ինչը, սակայն, անբավարար է արժանապատիվ ապրելու համար:

«Ես իմ գոյությունը հազիվ են պաշտպանում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վետերաններից Սանդրիկ Հակոբյանը: - «Ռուսաստանում վետերանները ստանում են 150 դոլար, իսկ մենք այստեղ ստանում ենք 30»:

Երեւանի փողոցներում տարեց անցորդները կարոտով հիշում էին խորհրդային տարիները, երբ ավելի մեծ շուքով, շքերթներով էր նշվում հաղթանակի տոնը: Իսկ հիմա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները մոռացվել են: «Ո՞վ է հիշում այդ բանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց 85-ամյա Գեւորգ Համազասպյանը: - «Ոչ ոք: Մի ժամանակ էլ նույնիսկ ասում էին, թե՝ ինչո՞ւ եք կռվել: Բայց եթե մենք չկռվեինք, թուրքերը կմտնեին Հայաստան»:

Երիտասարդները, մինչդեռ, հպարտանում են ե'ւ համաշխարհայինի, ե'ւ Շուշիի հաղթանակով: Հնչեց, օրինակ, հետեւյալ կարծիքը. - «Ամբողջ Ղարաբաղյան կռվին կռվեց ամբողջ ազգը: Որովհետեւ ժողովուրդը դիմացավ մթությանը, սովին՝ հանուն այն բանի, որ Հայրենիքը կռվի մեջ է»:


Հրաչ Մելքումյան եւ Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG