Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, նախօրեին կայացած «Արդարություն» դաշինքի առաջին համաժողովը ցույց տվեց, որ նախագահական ընտրությունների ժամանակ համախմբված եւ քաղաքական որոշակի կապիտալ ձեռք բերած հայաստանյան ընդդիմության մի հատվածը խորհրդարանական ընտրությունների կտրվածքով փաստորեն ո՛չ լուրջ ասելիք ունի եւ ո՛չ էլ լուրջ անելիք: «Դեռեւս լիովին չձեւավորված «Արդարություն» դաշինքը արդեն հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ, ճգնաժամ, որը Հայաստանում առկա մեկ այլ՝ ավելի լայն ու խորը ճգնաժամի՝ արդարության ճգնաժամի միայն մի մասն է», - գրում է մեկնաբանը: - «Արմատականների ճգնաժամը հետեւանք է այն ակնհայտ իրողության, որ նախագահական ընտրություններում անձերի դիմակայության մոդելի վրա հիմնված «Դեմիրճյանի ֆենոմենը» խորհրդարանական ընտրությունների պարագայում ծավալման ու ժողովրդականացման խիստ սահմանափակ հնարավորություններ ունի: Հետեւաբար, բացի այդ «ֆենոմենից», «Արդարություն» դաշինքին անհրաժեշտ է էլի ինչ-որ բան՝ գաղափար, որը համախմբում է հասարակությանը: Բայց հենց սա է, որ իսպառ բացակայում է»: Մեկնաբանի գնահատականով՝ «այս իրավիճակում արմատականների դաշինքը դարձել է ոչ թե ընդդիմության հիմնական շարժիչ ուժը, այլ քաղաքական գործընթացների ծավալման ճանապարհի վրա ընկած այն մեծ քարը, որը փակում է լուրջ ընդդիմության ձեւավորման ճանապարհը»: Մինչդեռ «աշխարհում ներկայումս սկիզբ է առել որակապես բոլորովին նոր մրցակցություն՝ ազգերի ու պետությունների միջեւ, որի մարտահրավերներն ընկալելու ու դրանք Հայաստանի քաղաքական դաշտ եւ այնտեղից էլ՝ իշխանության բարձունքներ տեղափոխելու համար մեր երկրին որակապես նոր ընդդիմություն է հարկավոր»:

Ընդհանուր առմամբ, մամուլում այսօր առավել քննարկվողը «ո՞վ է իրական ընդդիմություն» հարցն է: Արտաշես Գեղամյանի գլխավորած ցուցակում ընտրությունների գնացող Հմայակ Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. - «Արդարություն» դաշինքում չկան համախոհներ, չկա ծրագիր եւ չի կարող լինել որեւէ դրական արդյունք: Այս համատեքստում «Արդարություն» դաշինքի գոյությունը քաղաքական անհեթեթություն է, եւ չափազանց լրջորեն վտանգում է մեր երկրի ապագան»: Նրա մեղադրանքներն ու որակումները ներկայացված են նաեւ «Հայկական ժամանակ» թերթում: Մյուս կողմից, «Արդարություն» դաշինքի նախընտրական շտաբի պետ Ստեփան Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ում հակադարձում է. - «Հմայակ Հովհաննիսյանն ու նրա նմանները շատ ավելի վատն են, քան նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը»: «Արդարություն» դաշինքի լիդերները վստահ են, որ ընդդիմության մեջ ընդամենը երկու կլասիկ «քցող» կան՝ Գեղամյանն ու կոմկուսը:

Քարոզարշավի ներկա ընթացքին նայելով, «Օրրան» թերթի մեկնաբանն էլ ձեւակերպել է. - «Ոչ ոք ինքնագովության մակարդակով չի հասնի համայն հայության ազգափրկիչ Գեղամյանին... Մեկ դերասանի թատրոն է»: Արտաշես Գեղամյանը «Առավոտ»-ի թղթակցին ասել է, որ չեն ուզում այդ թերթը լուսաբանի իրենց «Ազգային միաբանություն» կուսակցության քարոզարշավը: Այս կապակցությամբ «Առավոտ»-ը նշում է. - «Ընտրազանգվածը հիասթափված է քաղաքական ուժերից ընդհանրապես, «Ազգային միաբանություն»-ից՝ մասնավորապես, որովհետեւ քիչ թե շատ վերլուծական միտք ունեցող ընտրողի համար այլեւս գաղտնիք չէ, որ «Ազգային միաբանությունը» ընդդիմություն է այնքանով, որքանով դա հարմար է իշխանություններին... «Ազգային միաբանության» հանդեպ ժողովրդի վերաբերմունքը փոխվեց հատկապես այն ժամանակ, երբ Գեղամյանը խախտեց ընդդիմադիր 16 քաղաքական ուժերի հետ պայմանավորվածությունը եւ չպաշտպանեց 2-րդ փուլ անցած ընդդիմության թեկնածուին։ Գաղտնիք չէ, որ «Ազգային միաբանության» հանդիպումները հանրապետության մարզերում անցնում են սակավամարդ եւ առանց էնտուզիազմի: Այդ պատճառով խուսափում են ընտրողներին հանդիպել լրատվամիջոցների ներկայությամբ։ Միայն «Հայլուր»-ին է տրված «Ազգային միաբանության» քարոզարշավը լուսաբանելու «պատիվը», վերջինս էլ իր ռեպորտաժներում ցուցադրում է նախագահական ընտրությունների արդեն հնացած կադրերը՝ իբր հանդիպումները բազմամարդ են»։

«Երկիր» թերթի խմբագրականում այսօր առավել առաջ են մղված հետեւյալ հարցերը. - «Մի՞թե այս մարդիկ ու կազմակերպությունները, որ այսօր ոսկու սարեր ու մեղրի գետեր են խոստանում, առաջին անգամ են հանդես գալիս ընտրողների առջեւ: Մի՞թե այդ անձինք ու քաղաքական կազմակերպությունները նույն բառերը չէին արտասանում 1995 թվականի, 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ ի՞նչ, կատարեցի՞ն իրենց խոստումները.... թե՞ առաջին իսկ առիթով դավաճանեցին ե'ւ իրենց հռչակած գաղափարներին, ե'ւ տրված խոստումներին, ե'ւ իրենց վստահած ու քվե տված ընտրողներին: Իսկ ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում հիշյալ մարդկանց ու քաղաքական կազմակերպությունների մոտ: Արե՞լ են արդյոք մի բան, որ հիմք է տալիս ենթադրելու, թե այս ընտրություններից հետո էլ նրանք չեն դավաճանելու ընտրողներին»:

Անդրադառնալով հերթական անգամ անորոշ ժամանակով «Հոկտեմբերի 27»-ի դատավարության հետաձգմանը, Դեմիրճյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը «Այբ-Ֆե» թերթում դա միանշանակ կապում է ընտրությունների հետ: «Առաջ գոնե հասկանալի էր՝ ասենք, դատավորի հիվանդություն: Իսկ հիմա առանց կասկածի կարելի է ասել, որ դատաքննությունը ձգձգելու պատվեր կա», - ասում է նա: - «Բայց թե ինչը պետք է խանգարեր կամ ինչ պետք է լիներ դատարանում, որ ազդեցություն ունենար ընտրությունների վրա, իրոք չեմ կարողանում հասկանալ»: Ընդհանուր առմամբ, փաստաբանի բանաձեւմամբ՝ «Մայր գործը կոտրեցին, անջատվածն էլ կկարճեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG