Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրությունները չեն անդրադարձել հարկահավաքի վրա


Հարկային պետական ծառայությունը կատարել է այս տարվա առաջին չորս ամիսների հարկային մուտքերի պլանը ու հավաքել մոտ 33 միլիարդ դրամի հարկեր։ Ըստ ծառայության պետ Երվանդ Զախարյանի, անցած նախագահական ընտրությունները չեն ազդել հարկահավաքի վրա:

«Սպասվող խորհրդարանական ընտրությունները նույնպես, մեր կարծիքով, չեն կարող ազդել հարկային մուտքերի վրա, եւ մենք մայիսի մուտքերը, հավանաբար, կապահովենք», - ավելացրեց Երվանդ Զախարյանը:

Հարկային ծառայության ղեկավարը ժխտեց, թե հիմնականում կուսակցական ընտրացուցակներով Ազգային ժողովի պատգամավոր դառնալ ձգտող խոշոր գործարարների (հետեւաբար նաեւ խոշոր հարկատուների)՝ ընտրվելու դեպքում վերջիններս հարկային արտոնություններ կկորզեն՝ նվազեցնելով բյուջեի մուտքերը:

«Նրանք որոշակի ազդեցություն կառավարության վրա չեն կարող ունենալ», - ասաց Զախարյանը՝ ավելացնելով, որ առողջ հարկային դաշտ ստեղծելու համար օգտագործվում են նաեւ գործարարների առաջարկություններն ու մոտեցումները:

Նրա խոսքերով, հարկային օրենքներին վերաբերող բոլոր փոփոխությունները քննարկվում ու համաձայնեցվում են գործարարների լոբբիստական կառույցների, մասնավորապես, Արդյունաբերողների եւ գործարարների միության հետ, ուստի, ըստ հարկային ծառայության պետի, կարիք չկա այդ նպատակով հատուկ Ազգային ժողովի մանդատի ձգտել:

Երվանդ Զախարյանի փոխանցմամբ, այս տարվա առաջին չորս ամիսներին մոտ 4 միլիարդով ավելի հարկ է հավաքվել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում՝ մի մասը տնտեսական աճի, իսկ մյուս մասը՝ ի հաշիվ խոշոր հարկատուների թաքցրած եկամուտների բացահայտման ու հարկման։

Մինչեւ 2001 թվականը Հայաստանի քիչ թե շատ կայացած բիզնեսների մեծ մասը, հիմնականում կեղծելով հաշվետվությունները, շահույթի փոխարեն վնաս ցույց տալով, խուսափում էր շահութահարկ վճարելուց։ 2000թ. արդյունքներով ընդհանուր վնասը 194 միլիարդ դրամ էր։ Երբ, սակայն, հարկային գերատեսչությունը ստեղծեց խոշոր հարկատուների վարչությունը եւ սկսեց հանձնաժողովների միջոցով մանրամասն հետեւել խոշոր գործարարների վարքագծին, կեղծ վնասները արագորեն փոխվեցին շահույթների։

Այնուամենայնիվ, վնասներ կան. այս տարվա հունվարի 1-ի դրությամբ դրանք շուրջ 94 միլիարդ դրամ են կազմել։ Հարկային ծառայության պետի տեղեկացմամբ, արդեն ամփոփվում են ընկերությունների ներկայացրած շահութահարկի հաշվետվությունները, ու մինչեւ հունիս վնասով աշխատող ընկերությունների ցուցակը վերստին կհրապարակվի։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG