Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քարոզարշավը գնալով որակազրկվում է», - արձանագրում է «Այբ-Ֆե» թերթը՝ նայելով այդպես էլ որեւէ նոր ու թարմ բան չգտնող մասնակիցների ամենօրյա միանման ճիգերին: Իսկ այս անցուդարձից մամուլում առանձնացող թիրախ են դարձել հատկապես անթաքույց ու համատարած ընտրակաշառքները: «Ընտրատարածքներում ընտրակաշառքն աշխատում է ողջ թափով», - փաստագրում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Միակ բանը, որ հասկացել են բոլոր քաղաքական ուժերը, այն է (եթե անգամ սա նախընտրական հաճոյախոսություն է), որ ժողովուրդն իմաստուն է եւ ճիշտ ընտրություն կանի։ Ժողովուրդն իսկապե՛ս իմաստուն է։ Հետեւաբար էլ այլեւս չի հավատում ոչ մեկի խոստումներին, այլ գերադասում է վաճառել իր ձայնը կոնկրետ կաշառքի դիմաց, քան թույլ տալ հերթական անգամ իրեն խաբել, այն էլ՝ անվարձահատույց»։

«Երկիր» թերթը հիշեցնում է. - «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ կետում շարադրված է. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»... Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ՝ դրանք կանխելու նպատակով, ինչպես նաեւ դատարան՝ տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար»: Բայց ամեն օր մեր հայրենակիցները հեռուստաեթերով, թերթերի էջերում եւ հրապարակային հանդիպումների ժամանակ տեսնում են օրենքի պահանջները խախտելու բազմաթիվ դեպքեր, եւ մինչ օրս որեւէ մեկը չի լսել, որ պատասխանատվության ենթարկվող լինի: «Եթե ընտրողն իր քվեն այսօր վաճառում է, արդյոք վաղը նա բարոյական իրավունք ունենալո՞ւ է իր ընտրած պատգամավորից ինչ-որ բան պահանջել կամ բողոքել իր հոգսերի հանդեպ պատգամավորի անտարբեր վերաբերմունքից». - դնելով նաեւ հռետորական այս հարցը, «Երկիր» թերթը եզրափակել է. - «Եթե չենք ուզում ավելի բարդացնել երկրի ու բոլորիս վիճակը, եկեք ո'չ կաշառենք, ո'չ էլ կաշառվենք»:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, ընտրություններից առաջ միանշանակ կարելի է պնդել, որ գործող ընտրական համակարգի պայմաններում ստանալու ենք ոչ թե բազմակուսակցական խորհրդարան, այլ բազմակուսակցականության փաստը պարզ շղարշի վերածող խոշոր գործարարների ու բանկիրների խորհրդարանական ակումբ. - «56 մեծամասնական ընտրատարածքներում, ուր փաստորեն որոշվելու է ընտրությունների ելքը, սուր մրցավեճում գործի դրվող հիմնական լծակներն են փողը, վարչական ռեսուրսները, քաղաքական վարկանիշը եւ թաղային կապերը: Դրանց շարքում երկրորդ գործոնի դերը սկսում է որոշ չափով նվազել՝ իշխանությանն աջակցող մեկից ավելի ուժերի ներկայության պատճառով, իսկ ահա երրորդ գործոնը ընդհանրապես մղվում է հետին պլան, քանի որ անկում է ապրել ե'ւ իշխանամետ, ե'ւ ընդդիմադիր ուժերի ընդհանուր վարկանիշը»: «Այսպիսով, ասպարեզում մնացել է միայն փողը», - բխեցնում-շեշտադրում է մեկնաբանը՝ կանխանշելով. - «Գալիք Ազգային ժողովը դառնալու է արտադրական ու բանկային կապիտալի մի քանի խոշոր խմբերի մրցասպարեզ, որոնց շահերը արդեն իսկ բախվում են ԱԺ ներկա ընտրապայքարում: Այդ խմբերը փաստորեն «կուլ են տալու» եւ լիովին «մարսելու» են պարզունակ սոցիալական պոպուլիզմի միջոցով քաղաքական ասպարեզում իրենց գոյությունը քարշ տվող կուսակցությունների մեծ մասին՝ նրանց դարձնելով սեփական շահերի պարզ սպասարկուներ: Իսկ ո՞վ է գալիք խորհրդարանում պաշտպանելու բնակչության շուրջ 95 տոկոսը կազմող աշխատավորության ու գործազուրկների շահերը... Նման շահերը գալիք ԱԺ-ում գրեթե ներկայացված չեն լինելու»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանում հանրապետական մեծամասնություն ունենալ չի ցանկանում, որովհետեւ հասկանում է՝ նախագահական խայտառակ ընտրություններից հետո վստահության ճգնաժամը որոշակիորեն կարող է մեղմել փոփոխությունների, մասնավորապես՝ կադրային փոփոխությունների միջոցով. - «Իսկ կառավարության կազմում էական փոփոխություններ հնարավոր կլինի մտցնել միայն այն դեպքում, երբ հանրապետականը խորհրդարանում մեծամասնություն չունենա, եւ ԱԺ իշխանական մեծամասնությունը կազմված լինի մի քանի կտորներից»: Իրադարձությունների ընթացքին կրկին նայելով Քոչարյան - Սերժ Սարգսյան որոշակի տարաբաժանման դիրքերից, մեկնաբանը ուրվագծում է. - «Սերժ Սարգսյանն էլ Ռոբերտ Քոչարյանի նման չի ցանկանա, որ հանրապետականը, կամ ավելի ճիշտ՝ Անդրանիկ Մարգարյանը, խորհրդարանում ունենա բացարձակ մեծամասնություն: Սարգսյանը կցանկանա, որ նման մեծամասնություն ունենան ինքը եւ Անդրանիկ Մարգարյանը: Ընդ որում, պաշտպանության նախարարին ցանկալի է այն տարբերակը, երբ խորհրդարանում ՀՀԿ-ն ունենա շուրջ 45-50 պատգամավոր, որոնցից առնվազն 20-ը լինեն իր անմիջական ազդեցության տակ, դրան գումարած՝ իր «դաբրոյով» մեծամասնականով անցած շուրջ 10-15 պատգամավորներ, դրան գումարած՝ «Օրինաց երկիրը», ՀԿԿ-ն ու «Ազգային միաբանությունը»: «Եթե պաշտպանության նախարարին հաջողվի ԱԺ նախագահ դառնալ հենց վերը նշված թվաբանության ֆոնին, ապա նա կարող է իր համար լիովին կառավարելի դարձնել թե՛ կառավարությունը եւ թե՛ գործող նախագահին... Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահ դառնալը երկրում կստեղծի բացարձակապես նոր քաղաքական իրավիճակ»: «Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն էլ տեղավորվում է Սերժ Սարգսյանի քաղաքական հետագա կարիերայի տրամաբանության մեջ», - շաղկապում է «Հայկական ժամանակ»-ը: - «Հենց նրա ձեռքում է հայտնվելու «վստահության հանրաքվեն»՝ որպես խաղաքարտ: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության դեպքում հենց նրան են անցնում նախագահի լիազորությունները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG