Մատչելիության հղումներ

Հրանտ Վարդանյանը պնդում է, որ չի ֆինանսավորում Դաշնակցության քարոզարշավը


«Գրանդ Հոլդինգ»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը, որը թեեւ անձամբ չի առաջադրվել Դաշնակցության համամասնական ցուցակում, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններում աջակցում է ՀՅԴ-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պնդեց, թե ֆինանսավորում է միայն մեծամասնականով առաջադրված՝ իր ղեկավարած Համահայկական աշխատավորական կուսակցության անդամներին:

Այս կուսակցության ներկայացուցիչները ընդգրկված են նաեւ Դաշնակցության համամասնական ցուցակում, որտեղ ութերորդ եւ տասներկուերորդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Գրանդ Քենդի»-ի գործադիր տնօրեն, անկուսակցական Արմենուհի Հովհաննիսյանը եւ Հրանտ Վարդանյանի որդին՝ նույնպես անկուսակցական, «Ինտերնեշընըլ Մասիս Տաբակ»-ի գործադիր տնօրեն Միքայել Վարդանյանը:

«Չեմ կարծում, որ մենք պետք է Դաշնակցությանը այդ ցուցակի համար գումարներ տրամադրենք», - ասաց Հրանտ Վարդանյանը: - «Ավելի շուտ՝ թող իրենք մեզ տրամադրեն, մեզ օգնեն: Իրենք հզոր կառույց են, 113 տարվա կուսակցություն են: Հնարավոր չէ, որ հնարավորություններ չունենան»:

Հրանտ Վարդանյանին գոնե արտաքուստ, այնքան էլ չի վրդովեցրել, որ ընտրողների հետ հանրապետականների հանդիպումներից մեկի ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իրեն կամ իր աջակցած Դաշնակցությանը հավաքական՝ «Տոբակո» անունով է հիշել, ակնարկներ արել իրենց հասցեին: «Պարզապես ընտրություններում նախագահ Քոչարյանին աջակցած երկու ուժեր են, որոնք տարբեր ծրագրեր, մոտեցումներ ունեն», - ասաց նա: - «Մենք աշխատանքն ու արդարությունը մեր ձեւով ենք պատկերացնում, իրենք՝ իրենց ձեւով: Ով է ավելի ճիշտ, ով է ավելի ազգային, ում ծրագիրն է ավելի նպատակային ծառայելու մեր ժողովրդին, մեր անկախությանը, մեր պետությանը՝ դա կյանքը ցույց կտա»:

Վարդանյանը չհերքեց, որ իր Դաշնակցության ներկայացուցիչների հետ մի հավաքում խիստ արտահայտություններ հնչել են ոմանց հասցեին: «Արտահայտություններ եղել են ոչ միայն Հանրապետականի վերաբերյալ», - ասաց նա: - «Արտահայտություններ եղել են բոլոր կուսակցությունների վերաբերյալ... Ե'վ լավ արտահայտություններ են եղել, ե'ւ վատ արտահայտություններ: Ես էլ եմ խիստ արտահայտություններ արել՝ ոչ միայն Հանրապետականի հասցեին»:

Պատասխանելով հարցին, թե իր ղեկավարած կուսակցությունը ինչո՞ւ դաշինք կազմեց հենց Դաշնակցության հետ, Վարդանյանը ասաց. - «Շփվելով Դաշնակցության հետ նաեւ աշխարհի տարբեր համաժողովներում, պարզ երեւաց, թե ինչքան հզոր եւ ինչքան ազգային կուսակցություն է Հայ հեղափոխական դաշնակցությունը»:

Հարցին, թե ինքն անձամբ ինչու չի առաջադրվում, Հրանտ Վարդանյանը պատասխանեց. - «Որեւէ գործարար ֆիզիկապես հնարավորություն չունի հա'մ իր գործը վարի, հա'մ գնա, նստի պառլամենտում կամ նախարար աշխատի»:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG