Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընտրություններին նվիրված երեկվա սեմինարի ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի որոշ ձեւակերպումներ մի շարք թերթերում հատուկ ուշադրության առարկա են դարձել՝ դիտարկվելով որպես այդ հանձնաժողովի անգործության ու անկարողության խոստովանություն: Ըստ այդմ էլ նախանշվում է, որ առաջիկա ընտրություններում եւս խախտումների ու կեղծիքների առջեւն առնել չեն կարողանալու:

«Օրրան» եւ «Հայկական ժամանակ» թերթերում շեշտադրվում է Հանրապետական կուսակցության ու Դաշնակցության մրցակցության էլ ավելի սրումը: «Մեծ «կռիվ» է սպասվում», - նշում է «Օրրան»-ի մեկնաբանը՝ միաժամանակ հավաստիացնելով, թե «Սահմանադրության եւ համամասնականի քվեներով-տոկոսներով քվեաթերթիկները արդեն պարկերի մեջ դասված են, եւ գիշերը կփոխանակվեն, որպեսզի բացառեն լցոցին, ոստիկանների ակտիվ միջամտությունը, ծեծը, ջարդը»: «Օրրան»-ում նաեւ դիտարկում կա, որ ժողովուրդը ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին էլ արդեն նայում է այնպես, «ինչպես գրեթե մնացած քաղաքական ուժերին, քանզի իրեն նախագահ էր պետք՝ նախեւառաջ, իր ուզած, հետո նոր՝ պատգամավորներ»:

«Չի երեւում ընտրակեղծարարներին պատժելու գործընթաց, դատախազությունը, ըստ էության, չի էլ ցանկանում կատարել կեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի հանձնարարությունը: Դա նշանակում է, որ որեւէ խոչընդոտ չկա՝ նույն ընդգրկմամբ կեղծիքներ Ազգային ժողովի ընտրություններում կրկնելու համար», - վերլուծում է «Իրավունք» թերթը: Ավելին. - «նախագահական ընտրությունների խոշորագույն կեղծարարներն ամենուրեք պահանջում են իրենց մատուցած ծառայության համարժեք փոխհատուցումը՝ պատգամավորական մանդատների եւ գործադիր լծակների տեսքով, ինչը առաջացնում է ներիշխանական հսկայական լարումներ»: Իրավիճակն առավել սրվում է հենց այդ դաշտի ներսում, եւ «մի շարք ընտրատարածքներում շատ հավանական է իշխանամետ տարբեր թեկնածուների թեկնածուների միջեւ ուղղակի, անգամ զինյալ բախումների սցենարը», - ուրվագծում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ այս առումով ավելացնելով. - «Այս իրավիճակում ընդդիմության առջեւ ծառանում է եւս մեկ առաքելություն՝ կատարել կայունացնող դեր այն պարագայում, երբ իշխանության տարբեր թեւեր բզկտում են ե'ւ իրար, ե'ւ երկիրը»:

«Ասպարեզը գրաված քաղաքական ուժերից դուրս է հորդում փաստորեն նույնանման բովանդակություն, որը առանձին կուսակցությունների մոտ ի հայտ է բերում միայն աննշան, ոչ էական տարբերություններ: Ստացվում է, որ գործ ունենք ոչ թե իրական, այլ անվանական բազմազանության եւ փաստացի միօրինակության հետ: Այսինքն՝ քաղաքական ուժերի ու գաղափարախոսությունների շղարշի տակ հանդես է գալիս նույն բովանդակությունը՝ սոցիալական պոպուլիզմը», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, որի գնահատականով՝ պարզունակ այս մարդորսության մրցավազքում արդեն նշմարվել են այնպիսի բացահայտ լիդերներ, որոնց համեմատ անցած նախագահական ընտրություններից մեզ ծանոթ ընդդիմադիր «փրկիչները» հավասարակշռված եւ լուրջ քաղաքական գործիչներ կարող են թվալ»:

Ընդդիմության թեւի ներկայիս փոխհարաբերությունների շուրջ «Իրավունք»-ում այսօր ներկայացված է Հայաստանի ժողովրդական կուսակցության լրատվության պատասխանատու Ռուզան Խաչատրյանի հետեւյալ արձագանքը. - «Նախագահական ընտրություններից հետո «Ազգային միաբանության» տարբեր գործիչներ հրապարակայնորեն հանդես գալիս տարօրինակ մեղադրանքներով Ստեփան Դեմիրճյանի, ինչպես նաեւ «Արդարություն» դաշինքի հասցեին: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք պայքարում են ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Ստեփան Դեմիրճյանի դեմ: Իբրեւ մեղադրանքներ բերվում են փաստեր, որոնք չեն համապատասխանում իրականությանը»:

Կեղծ ընդդիմության թեմայով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն էլ «Հայկական ժամանակ»-ում ասում է. - «Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո «Ազգային միաբանությունն» ու կոմկուսը որդեգրեցին խիստ կասկածելի մարտավարություն, դրանով իսկ մատնելով իրենց կեղծ ընդդիմադիր լինելը: Սակայն այսօր զավեշտն այնտեղ է հասել, որ բացի Գեղամյանից եւ կոմկուսից, կեղծ ընդդիմության շարքերը համալրել են նաեւ ընդամենը վերջերս խիստ իշխանամետ կուսակցությունները, մասնավորապես՝ «Օրինաց երկիրը», որն այսօր ամենաբարձրն է գոռում իշխանությունների արատների մասին»:

«Փաստելուց, թե Հայաստանում խոսքի ազատությունը կոպտորեն հետապնդվում է իշխանությունների կողմից, ոչինչ էլ չի փոխվում», - առանձնացնում է այսօր «Առավոտ»-ի խմբագրականը։ Հիմա էլ, ըստ թերթի, Ռոբերտ Քոչարյանը գործնականում չի արձագանքի նաեւ միջազգային կազմակերպությունների արձանագրումներին, որ Հայաստանում ազատ մամուլ չկա, քանզի «իրեն չափից դուրս պետք է այնպիսի Ազգային ժողով, որը, իր իսկ խոստովանությամբ, որեւէ խնդիր չի առաջացնի։ Իսկ այդ նպատակին հասնելու համար նրան հարկավոր են միայն այնպիսի զանգվածային լրատվամիջոցներ, որոնց հետ նույնպես ինքը չի ունենա խնդիրներ։ Նրան հաջողվեց այնպիսի վիճակ ստեղծել, երբ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ների մեծ մասն այժմ սպասարկում է իշխանություններին եւ կտրականապես ժխտում, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG