Մատչելիության հղումներ

Ձեռնարկվում է «Նաիրիտ»-ի վերագործակման եւս մեկ փորձ


Խորհրդային տարիների Հայաստանի քիմիական արդյունաբերության հսկա, կաուչուկի խոշորագույն արտադրող «Նաիրիտ»-ը վերագործարկելու երկրորդ փորձն է արվում։ Նոր հավակնորդները, ըստ պաշտոնյաների հավաստման, ռուսական ծագում ունեցող ընկերություններ են։ Առայժմ, սակայն, չի հրապարակվում, թե կոնկրետ որ ընկերություններն են հետաքրքրություն ցուցաբերել «Նաիրիտ»-ի նկատմամբ:

Անցած տարի, երբ բրիտանական «Ռանսաթ» ընկերությունը պաշտոնապես ստանձնեց «Նաիրիտ»-ի կառավարումը, գործադիր տնօրեն Անիլ Կումարը խոստացավ գործարանը կարճ ժամկետում վերագործարկելուց հետո ոչ միայն մարել ընկերության բոլոր պարտքերը, այլեւ առաջիկա հինգ տարվա ընթացքում կաուչուկի արտադրությունը հասցնել թողարկման առավելագույն հզորությանը։ Սակայն, ընդամենը 600 տոննա կաուչուկ արտադրելուց հետո, ձեռնարկությունը կրկին կանգնեց։ Պարտքերը ոչ միայն չմարվեցին, այլեւ նորերն առաջացան։ Իսկ երբ Հայաստանի բաշխիչ ցանցի նոր սեփականատերը պարտքերը վճարելու պահանջով անջատեց «Նաիրիտ»-ի հոսանքը, վերջինս ոչ միայն դադարեցրեց աշխատանքը, այլեւ գործարանի հիմնական պարտատիրոջ՝ «Հայկապ» բանկի պահանջով դատարանի որոշմամբ սնանկ ճանաչվեց ու այս տարվա ապրիլի 25-ին ամբողջությամբ դարձավ այդ բանկի սեփականությունը։ Եվ ահա «Հայկապ»-ը փորձում է նոր կառավարիչ բերել՝ արդեն Ռուսաստանից։

Մամուլում լուրեր եղան, թե նոր ներդրողը «Նաիրիտ»-ում նույնիսկ նոր գործադիր տնօրեն է նշանակել ու մայիսի 1-ից սկսել է նախապատրաստել ձեռնարկության վերագործարկումը։

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը օրերս հայտարարել էր, թե «Նաիրիտ»-ի հենքի վրա արդեն ստեղծվել է «Նաիրիտ-տրաստ» կառավարիչ-ընկերությունը:

Ինչ վերաբերում է «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը ռուսաստանյան ներդրողին փոխանցելու ժամկետներին, ապա, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, այդ հարցը կլուծվի «փուլային տարբերակով»՝ կախված նրանից, թե ռուսները ինչ ժամկետներում կմարեն «Հայկապ» բանկին «Նաիրիտ»-ի 14 միլիոն դոլարի պարտքը։ Որոշ տեղեկություններով, տարբեր պարտատերերին «Նաիրիտ»-ի ընդհանուր պարտքը շուրջ 27 միլիոն դոլար է: Պարտատերերի պահանջով սնանկ ճանաչված ընկերության բոլոր հաշիվների վրա կալանք է դրված, ու այժմ աշխատանք է տարվում այդ հաշիվները ապասառեցնելու ուղղությամբ՝ որպեսզի վճարվեն առաջին հերթին ձեռնարկության կոլեկտիվի աշխատավարձերի պարտքերը։ Սարգսյանի հավաստմամբ, ռուսաստանյան ընկերությունները արդեն 86 հազար դոլարով համալրել են «Հայկապ» բանկի կանոնադրական կապիտալը: Եվս 300 հազար դոլար փոխանցվել է նույն բանկում բացած իրենց հաշվին։

«Նաիրիտ»-ի վերագործարկման այս նոր փորձով, թերեւս, կլուծվի «Հայկապ» բանկի վերակենդանացման խնդիրը, քանի որ հենց այս սխեման է դրված գործարքի հիմքում։ Իսկ թե կվերականգնի՞ «Նաիրիտ»-ը իր երբեմնի հզորությունները՝ անշուշտ, կախված կլինի ներդրումների ծավալից։ Որոշ գնահատումներով, կաուչուկի թողարկումը տարեկան մինչեւ 40 հազար տոննայի հասցնելու համար, առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ կլինի «Նաիրիտ»-ում ներդնել մոտ 25 միլիոն դոլար։

Նախագահական ընտրարշավի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը խոստացավ «Նաիրիտ»-ի, ինչպես եւ «Հայէլկետրո»-ի համար լուրջ ներդրողներ գտնել, իսկ «Գրանդ» խմբի նախագահ Հրանտ Վարդանյանն էլ հավաստիացրեց, թե «Նաիրիտ»-ը անպայման կաշխատի: Նրա այդ հայտարարությունը, հարկ է ասել, որ թենահավատորեն ընդունեցին հանդիպմանը մասնակցող «Նաիրիտ»-ի աշխատակիցները: Առայժմ, այդուհանդերձ, դժվար է ասել, ծխախոտի եւ հրուշակեղենի բիզնեսում հաջողակ այդ գործարարը բաժնեմաս ունի՞ «Նաիրիտ-տրաստ»-ում, թե՞ ոչ։

Փորձագետները, սակայն, ավելի հոռետես, քան լավատես են առաջիկա տարիներին Ռուսաստանից դեպի Հայաստան ներդրումների մեծածավալ հոսք ակնկալելու հարցում: Մասնավորապես, Հայաստանի վիճակագրական գերատեսչության նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանովի կարծիքով, Ռուսաստանի տնտեսությունն ինքը ներկայումս տարեկան առնվազն 100 միլիարդ դոլարի ներդրումների կարիք ունի, մինչդեռ, կարողանում է ապահովել դրա ընդամենը կեսը:

Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG