Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Առավոտ» թերթի խմբագրի, մայիսի 25-ից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մոտավորապես հետեւյալ տոկոսները. Հանրապետական կուսակցություն - 35%, ՀՅԴ - 25%, «Ազգային միաբանություն» - 15%, «Արդարություն» - 10%, «Օրինաց երկիր», ՀՌԱԿ, «Հզոր Հայրենիք» - 5-ական տոկոս: «Բնականաբար, այդ պատկերը բավականին հեռու կլինի ընտրողների կամքի իրական արտահայտությունից», - ընդգծում է խմբագիրը՝ հաշվարկելով. - «Հանրապետական կուսակցության համար կլցոնեն ու կնկարեն այդ կուսակցության իրական ձայներից մոտավորապես 7 անգամ ավելի: ՀՅԴ-ին «կշնորհվի» իր իրական ռեյթինգից 2 անգամ ավելի տոկոս: Գեղամյանը կստանա իր տոկոսները, եթե շարունակի կառավարել ընդդիմության իր խաղը: «Արդարություն» դաշինքին կզրկեն իր ստացած ձայների 2/3-ից՝ մինչեւ ընտրությունները փորձելով ձերբակալել Արամ Զավենի Սարգսյանին, որովհետեւ առանց վերջինիս այդ մի ընդդիմությունը նույնպես ձեռնասուն դարձնելը երկու ամսվա խնդիր է: «Օրինաց երկիրը» կզրկվի իր վաստակած ձայների կեսից՝ թեեւ քոչարյանական է, բայց կան ավելի մեծ ախորժակ ունեցող եւ ազդեցիկ քոչարյանականներ: 2-3 տոկոսով կձգեն ՀՌԱԿ-ն ու «Հզոր Հայրենիքը»: Առաջինը՝ հանուն հայ-ռուսական դարավոր եղբայրության, երկրորդը՝ որպես հարգանքի տուրք Սերժ Սարգսյանին»:

«Իրավունք» թերթի մեկնաբանի հայացքով, նկատվում է «իրար չսիրող իշխանամետ կուսակցությունների աճի միտում»: «Ինչ-որ չափով իրար չսիրելու միտումներ են դրսեւորվում նաեւ ընդդիմադիր դաշտում: Օրինակ, երանգներ են երեւում, որ Արտաշես Գեղամյանն ու նրա թիմակիցները ավելի հակված են քննադատել «Արդարություն» դաշինքին, քան իշխանություններին»: Ինչ վերաբերում է այս ընտրությունների արդյունքով որոշվելիք գործնական առաջնային խնդրին՝ ով կդառնա վարչապետ, մեկնաբանը գրում է. - «Հանրապետական կուսակցության հաղթանակի դեպքում վարչապետությունը պահպանած Անդրանիկ Մարգարյանը հազիվ թե կարողանա Արեւմուտքից վարկ բերող եւ վերջինիս վստահությունը վայելող վարչապետի դերակատարություն ունենալ: Նույնը վերաբերում է եւ Դաշնակցության հաղթանակի դեպքում վարչապետություն ստանձնող Արտաշես Թումանյանին: Պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու է խճանկարային խորհրդարանի ձեւավորումը, քանզի այդ պարագայում նա ազատ կլինի վարչապետ նշանակելու հարցում եւ կկարողանա այդ պաշտոնը հանձնել արեւմտամետ որեւէ գործչի... Ինչպես 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ էր ծառացել միաժամանակ ե'ւ Արեւմուտքի, ե'ւ Հայաստանի բնակչության բարեհաճ վերաբերմունքը վայելող վարչապետ ճարելու խնդիրը, որը հանգուցալուծվեց Արմեն Սարգսյանի կարճատեւ պաշտոնավարմամբ, նույնանման խնդիր է ծառացել Ռոբերտ Քոչարյանի առջեւ», - զուգահեռում է «Իրավունք»-ը:

Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար, հանրապետական Գալուստ Սահակյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. - «Ինչքան էլ տարօրինակ է, ընդդիմությունը մեզ ավելի քիչ հարվածներ է հասցնում, քան իշխանամետ դաշտը, որը հաճախ ընդդիմությունից ավելի է ընդդիմադիր դառնում... Մեր քաղաքական դաշտում ի հայտ են եկել շանտաժային կեցվածք ընդունած նորելուկներ, ովքեր ժողովրդին հրահրում են, թե քաղաքական դաշտում նոր դեմքեր պետք է ի հայտ գան: Նման շանտաժային գործելաոճը ժողովրդի վրա ազդում է, ինչը ես շատ վտանգավոր եմ համարում», - անհանգստացած է Գալուստ Սահակյանը: Վերջինիս բանաձեւմամբ՝ «ընդդիմադիր դաշտն արդեն ունի իր ընտրազանգվածը, այնտեղից հնարավոր չէ ձայն տանել», ուստի իշխանամետ դաշտը ցեխ է շպրտում հանրապետական կուսակցության վրա, որպեսզի ձայներ կորզի իրենցից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը «Հայոց Աշխարհ» թերթում ներկայացնում է, թե ինչպես է մերժել ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարիի պահանջները, որ տեղամասային հանձնաժողովները բոլոր արդյունքները ներկայացնեն 12 ժամ հետո, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ բոլոր նախնական տվյալները տրամադրի գրաֆիկներով: «Ինքնըստինքյան հասկանալի է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները ի վիճակի չեն լինի ընտրությունների բարդ եւ ուժերի գերագույն լարում պահանջող ընթացքից հետո, օրենքով նախատեսված 12 ժամում ամփոփել ընտրության ու հանրաքվեի արդյունքները», - ասում է Արտակ Սահրադյանը: Այնպես որ՝ նրանք ընտրությունների ու հանրաքվեի ավարտից հետո, նախ՝ կամփոփեն ընտրությունների արդյունքները առաջին 12 ժամերի ընթացքում, նոր միայն՝ հաջորդ 12 ժամերին, կկատարեն հանրաքվեի արդյունքների հաշվարկը: - «Եթե այսպես չանենք, ապա հանձնաժողովները ոչ միայն չեն հասցնի կատարել իրենց աշխատանքը, այլեւ հանձնաժողովի անդամները, գերհոգնածության, անքնության ու լարվածության հետեւանքով, ակամայից սխալներ ու վրիպումներ կարող են կատարել: Սա իր հերթին, շահարկումների նոր առիթ կարող է ստեղծել: Ուստի ամեն կերպ խուսափելու ենք անտրամաբանական ու չարդարացված քայլերից», - կապակցել է Սահրադյանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG