Մատչելիության հղումներ

Հայաստանը, ըստ ամերիկյան «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, հետընթաց է ապրել մամուլի ազատության առումով


«Ֆրիդոմ Հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության՝ երեկ գիշեր հրապարակված զեկույցում, աշխարհի 193 երկրներից 11-ը՝ այդ թվում Հայաստանը, անցած տարի հետընթաց են ապրել մամուլի ազատության առումով՝ հայտնվելով «ոչ ազատ» կատեգորիայում:

Զեկույցում հայաստանյան մամուլի ազատության վրա ազդող գործոններ են դիտվում քաղաքական ազդեցությունը, փոքր-ինչ պակաս՝ օրենսդրական դաշտը: Ազդող գործոն են դիտվել նաեւ տնտեսական ճնշումները:

Բացատրելով «մասնակիորեն ազատ» կատեգորիայից «ոչ ազատ» կատեգորիա Հայաստանին տեղափոխելու պատճառները, զեկույցի հեղինակները գրում են. - «Դա առաջատար անկախ հեռուստաընկերությունը փակելու արդյունք է, եւ մամուլում քննադատությունը խեղդելու՝ իշխանությունների շարունակվող փորձերը»:

Զեկույցի հեղինակները գրում են, որ իրավապահ պաշտոնյաները հաճախ են անպատժելի թողնում լրագրողների դեմ իրագործված հարձակումները՝ նշելով նման պայմաններում լրագրողների ինքնագրաքննության մասին:

«Իշխանություններին հաճախ քննադատած «Ա1+»-ի հեռարձակումը չվերականգնվեց ո'չ նախագահի, ո'չ խորհրդարանի ընտրություններից առաջ», - ասված է «Ֆրիդոմ Հաուս» իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Լրատվամիջոցների մասին առանձին բաժին կա նաեւ հրապարակված ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցում: Դիտորդները Հայաստանի նախագահի ընտրարշավի ընթացքում հեռուստաընկերություններից դիտարկել էին Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաեւ մասնավոր «Պրոմեթեւս», «Արմենիա», «ԱԼՄ» եւ «Շանթ» հեռուստաընկերությունների եթերը, իսկ տպագիր մամուլից՝ «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ», «Հայոց Աշխարհ», «Գոլոս Արմենիի», «Առավոտ», «Օրրան» թերթերի հրապարակումները: Նրանցից որեւէ մեկի աշխատանքը քարոզարշավի ընթացքում անկողմնակալության գնահատականի չի արժանացել:

Նշելով, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ օրենքին հավատարիմ, քաղաքական գովազդի անվճար եթերաժամի իրավունք է ընձեռել բոլոր թեկնածուներին, զեկույցն ավելացնում է, որ ամեն դեպքում, իր տեղեկատվական եւ վերլուծական հիմնական թողարկումներում գործող նախագահ եւ թեկնածու Ռոբերտ Քոչարյանն առաջին փուլի քարոզարշավում ստացել է ժամանակի 41 տոկոսը, հիմնականում՝ ոչ որպես գործող նախագահ, այլ որպես թեկնածու: Միաժամանակ, լուսաբանումը եղել է դրական կամ չեզոք երանգներով: Մինչդեռ ընդդիմադիր թեկնածուներինը՝ բացասական:

Զեկույցի հրատապ առաջարկներում նշում է, որ Հանրային հեռուստաընկերությունն ու «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ Ընտրական օրենսգիրքը խախտելու եւ թեկնածուներին հավասար քարոզարշավի պայմաններ չընձեռելու համար պետք է պատժվեն, իսկ իշխանություններն էլ՝ երաշխավորեն նրանց չեզոքությունը խորհրդարանի ընտրությունների ընթացքում:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG