Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ», «Օրրան», «Այբ-Ֆե» թերթերում համառոտ ներկայացված են նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության վերջնական զեկույցի հիմնական հատվածները: Մեկնաբանությունները շատ քիչ են: «Ամբողջ զեկույցը», - գրում է «Այբ-Ֆե»-ն, - «ծայրից-ծայր նախատինք է՝ ուղղված ՀՀ իշխանություններին»: Մեջբերելով մի դրական գնահատական, այն է՝ «երկրորդ փուլում միակ դրական զարգացումը երկու թեկնածուների միջեւ հեռուստաբանավեճն էր»՝ «Այբ-Ֆե»-ն հավելում է. - «Փաստորեն Ստեփան Դեմիրճյանը պարզերես է արել Հայաստանի իշխանություններին»:

«ԵԱՀԿ-ում, թերեւս, գիտակցել են, որ գորտի եւ անձրեւի մասին առածը խիստ հատկանշական է ընտրությունների օրինականության համար պատասխանատու ՀՀ պաշտոնյաների մենթալիտետին, եւ քաղաքակրթության ընդունված չափանիշներից անցել են լեզվի, որով կարելի է խոսել հանցագործի հետ: Էջեր շարունակ տեղամաս առ տեղամաս նկարագրված են քրեական հանցագործություններ», - մատուցում է «Առավոտ» թերթը: - «Վերջապես, ո՞րն է այս համատարած կեղծարարությունը պատժելու ուղին: Անշուշտ այն, որը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իր զեկույցում մատնանշել է լորդ Ռասել Ջոնսթոնը՝ ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելը»:

«Ընտրություններով հագեցած գարունը մի տեսակ վերածվել է այս տարվի հինգերորդ եղանակի՝ ընտրություններով սկսվող, ընտրություններով ավարտվող: Այս այն եղանակն է, որի քմահաճույքները բավարարելու համար օգտակար է ցանկացած գործիք: Հատկապես, որ այսօր քաղաքական դաշտում եւս սանմաքրման աշխատանքների անհրաժեշտություն կա», - դրոշմված է «Հայաստանի Հանրապետություն» թերթի ճակատին:

Խորհրդարանական ընտրապայքարը բնորոշելով որպես «Իշխանամետաընդդիմադիր աջաբսանդալ»՝ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Իշխանամետ ուժերի գերակշիռ մասը փոխել է իր նախորդ «քաղաքական ամպլուան» եւ սկսել է հանդես գալ այնպիսի արմատական-ընդդիմադիր դիրքերից, որոնց կարող է նախանձել ցանկացած արմատական ընդդիմություն: Իսկ ընդդիմություն համարվող երկու հիմնական ուժերը՝ «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունը», նկատելիորեն մեղմել են իրենց նախորդ՝ խիստ արմատական կեցվածքը եւ փաստորեն անցել են չափավոր ընդդիմության դիրքերը»: Ըստ թերթի՝ ե՛ւ առաջինի, ե՛ւ երկրորդի ողջ դժբախտությունն այն է, որ քաղաքական պատասխանատվության դաշտը մեզանում չի հստակեցվել:

«Մենք միշտ էլ ասել ենք, որ իշխանափոխության հասնելու մի քանի ճանապարհ կա, որոնցից մեկն էլ դանդաղ, բայց հիմնավոր ճանապարհն է: Մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այս առումով ԱԺ ընտրությունները խիստ կարեւոր են, եւ մենք վստահ ենք, որ ապագա խորհրդարանում ունենալու ենք ուժեղ ներկայություն», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նշում է «Արդարություն» դաշինքի շտաբի պետ Ստեփան Զաքարյանը: - «Մեր մինիմալ ծրագիրն է՝ ԱԺ-ում ունենալ այնպիսի ներկայություն, որ ընդդիմությունը, ցանկացած պահի, կարողանա գումարել արտահերթ նիստ եւ ցանկացած պահի կարողանա դիմել ՍԴ: Իսկ մեր մաքսիմալ ծրագիրը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալն է: Վստահ եղեք, որ մենք իշխանափոխության կհասնենք ավելի շուտ, քան ներկա չընտրված նախագահը կիշխանավորի իր ժամկետի կեսը», - հավաստիացնում է Ստեփան Զաքարյանը:

«Դատաիրավական համակարգի պատասխանատուների թեթեւ ձեռքով խորհրդարանական ընտրությունները վերածվում են խեղկատակության: Դատարանները ըստ ցանկության հաստատում կամ մերժում են առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը, իսկ ոստիկանությունն էլ ըստ ցանկության թեկնածուներին տալիս կամ չի տալիս մշտական բնակության վայրի մասին տեղեկանք», - ընդգծված է ՀՅԴ «Երկիր-օր» պաշտոնաթերթում: Անդրադառնալով Արամ Կարապետյանի խնդրին՝ մեկնաբանը նշում է. - «Կարծում ենք, առկա է հանցակազմ, եւ դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել ու պատասխանատվության ենթարկել կա'մ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կա'մ ոստիկանության համապատասխան պաշտոնյաներին»: Քանի որ, ըստ թերթի՝ «կա'մ ԿԸՀ-ն է թույլ տվել ապօրինություններ եւ առանց համապատասխան տեղեկանքի ՀՀ նախագահի ընտրություններում գրանցել Արամ Կարապետյանի թեկնածությունը, կա'մ ոստիկանությունն է թույլ տվել պաշտոնական կեղծիք եւ կեղծ տեղեկանք տրամադրել հունվարին կամ ապրիլին»:

«Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի այս հիմարությունների կամ իրավախախտումների անվերջանալի շարքի համար, որոնք վարկաբեկում են մեր երկրի հեղինակությունը», - իր հերթին վրդովվում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը, որի համար մի բան պարզ է. - «Հրապարակավ պետք է հայտնել մեղավորների անունները եւ պատժել»:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Էրեբունու թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի հաջորդ զոհը, Էդուարդ Մադաթյանից եւ Արամ Կարապետյանից հետո, լինելու է «ԱԼՄ հոլդինգ»-ի ղեկավար, թիվ 17-ում պատգամավորության թեկնածու Տիգրան Կարապետյանը. - «Նրա գրանցումը չեղյալ հայտարարելու համար պետք է հիմք ծառայեն Վոլգոգրադ կատարած հարցման արդյունքները»: Թղթակցի հետ զրույցում Կարապետյանը չի ժխտել, որ 1996-ին եղել է Վոլգոգրադի քաղաքապետի թեկնածու, սակայն հայտարարել է, որ որեւէ մեկը չի կարող անվավեր ճանաչել իր թեկնածությունը, քանի որ դրա համար որեւէ հիմք չկա: «Շատերը կերազեին իմ թեկնածությունն անվավեր ճանաչել. ասենք նրանց ողորմի», - թերթի թղթակցին ասել է Տիգրան Կարապետյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG