Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հետաքննում է ընդդիմադիր շաբաթաթերթի լրագրողի նկատմամբ հարձակումը


Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունքում քրեական գործ է հարուցվել երեկ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի լրագրող Մհեր Ղալեչյանի նկատմամբ կատարված հարձակման առնչությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության ծառայության լրատվական վարչության պետի տեղակալ Արմեն Չարենցը, միջադեպի մասնակիցները, մասնավորապես, Գեղամ Պետրոսյանը ներկայացել է քննչական բաժանմունք:

Մհեր Ղալեչյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե ինքը Գեղամ Պետրոսյանի հետ զրուցել էր նախորդ օրը, եւ վերջինս պահանջել էր հերքում տպագրել «Չորրորդ իշխանության» մի հրապարակման կապակցությամբ՝ թե դրանում հիշատակված տնամերձ հողամասը կապ չունի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Կառլոս Պետրոսյանի հետ, այլ պատկանում է իրեն, եւ ինքը Կառլոս Պետրոսյանի ազգականը չէ:

Տպագրված հերքումը, հավանաբար, չէր բավարարել Գեղամ Պետրոսյանին, եւ նա մեկ այլ անձի հետ երեկ շաբաթաթերթի խմբագրությունում ծեծի էր ենթարկել Ղալեչյանին:

Արմեն Չարենցի փոխանցմամբ նույնպես, Գեղամ Պետրոսյանը հերքում է որեւէ ազգակցական կապ Կառլոս Պետրոսյանի հետ: «Արարքի իրավական որակավորումը կտրվի ընթացող քննությունից հետո», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արմեն Չարենցը:

«Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթը, մինչդեռ, տարածել է հայտարարություն, որով կատարվածի համար մեղադրում է իշխանություններին: «Ներկայիս անօրինական եւ կոռումպացված ռեժիմը մեկ անգամ էլ ցուցադրեց, որ միտված է մեր երկրում ազատության վերջին մնացորդներն անգամ ոչնչացնելուն», - ասված է հայտարարության մեջ:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի, ասաց, թե տեղյակ չէ երեկվա միջադեպին: «Մեր երկրում գործում է օրենքը, եւ, ըստ իս, լրագրողը պետք է դիմի դատարան», -ասաց Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ լրագորղի շահերը կպաշտպանվեն:


Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

(Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG