Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վերջին տասնօրյակը բնորոշ էր ընդդիմադիր կամ իշխանության համար ոչ յուրային պատգամավորության թեկնածուների չգրանցման շքերթով», - ձեւակերպում է «Իրավունք» թերթը: Նկարագրելով ընդդիմադիր թեկնածուների դուրսմղման տեխնոլոգիաները, մեկնաբանը եզրահանգում է. - «Կարելի է պնդել, որ նախընտրական բեսպրեդելի քաղաքականությունը իշխանության ամենաբարձր օղակներում ընդունված քաղաքական որոշումների ուղղակի հետեւանք է»:

«Ռոբերտ Քոչարյանի «սեւ ցուցակը» ընդգծված վերնագրի տակ նույն թերթում խտացված է. - «Ըստ քաջատեղյակ աղբյուրի, դեռեւս ապրիլի կեսերին Ռոբերտ Քոչարյանի մերձավորագույն շրջապատը քաղաքական որոշում էր ընդունել ցանկացած գնով թույլ չտալ Հայկ Բաբուխանյանի, Արամ Կարապետյանի, Աղասի Արշակյանի եւ Մանուկ Գասպարյանի մուտքը խորհրդարան»:

«Առավոտ»-ը եւս, անդրադառնալով մերժվածների շարքին, մեջբերում է նրանցից մեկի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Վարդան Մկրտչյանի արձագանքը. - «Այն, ինչ կատարվում է այսօր ընտրական հանձնաժողովներում, ցույց է տալիս, որ իշխանություններին ոչ հաճո թեկնածուներից փորձում են ազատվել դեռ ընտրությունները չսկսված, դատարաններն առանց հիմնավորման վճիռներ են կայացնում հօգուտ իշխանական թեկնածուների»: «Ինչո՞ւ նույն հանձնաժողովը ապրիլի 20-ին գրանցեց Արամ Կարապետյանին, եւ ընդամենը վեց օր անց փոշմանեց եւ որոշեց չեղյալ համարել իր իսկ կողմից ընդունած որոշումը... Ինչպե՞ս հասկանանք, որ ընդամենը երեք ամիս առաջ պարոնայք մերժողների վերադասը՝ ԿԸՀ-ն, գրանցեց նույն Արամ Կարապետյանին որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ընդ որում, այս դեպքում պահանջվում էր ոչ թե հինգ, այլ տասը տարվա մշտական բնակություն: Այսինքն, ստացվում է, որ Արամ Կարապետյանը վերջին տասը տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում, իսկ վերջին հինգ տարում՝ ո՞չ», - հարցնում է «Իրավունք»-ի մեկնաբանը՝ իրողությունը ներկայացնելով որպես կատարյալ աբսուրդ: Արամ Կարապետյանը «Իրավունք»-ին փոխանցել է. - «Սա ոչ այլ ինչ է, քան կատարյալ անհեթեթություն»: Կարապետյանը թեեւ չի հավատում հայաստանյան դատարանների անաչառությանը, այնուամենայնիվ, սույն որոշումը բողոքարկելու է առաջին ատյանի դատարանում:

«Իրավունք»-ի մեկ այլ հրապարակման մեջ նույն խնդրին վերաբերող կարծիքներ են բերված իշխանամետ եւ ընդդիմադիր ճամբարներից: «Արդարություն» դաշինքի հանդեպ ակնհայտ միտում եմ տեսնում», - ասել է դաշինքի շտաբի պետ Ստեփան Զաքարյանը: «Կատարվածը շատ բացասական եմ գնահատում», - ասում է Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Առավել եւս այն պարագայում, երբ որոշակի մեղադրանքներ են հնչում Հանրապետական կուսակցության վերաբերյալ՝ որպես կենտրոնական քաղաքական ուժի: Կարծում եմ՝ քաղաքական տեսանկյունից, համենայն դեպս, նման լուծումը նպատակահարմար չէր»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, Շենգավիթի թիվ 13 ընտրատարածքային հանձնաժողովը խիստ զավեշտական պատճառաբանությամբ չէր գրանցել պատգամավորության թեկնածու առաջադրված Սարգիս Հովհաննիսյանին, որը «Յոնջըլախում» հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականունով: «Հանձնաժողովին կասկածելի էր թվացել, որ «Կադիլակը» չի հայտարարագրել «Կադիլակ» մակնիշի ավտոմեքենան: Նախորդ ուրբաթ ավարտված դատաքննությունը, սակայն, պարզել է, որ Հովհաննիսյանը թեեւ պահպանում է «Կադիլակ» մականունը, սակայն իր «Կադիլակը» վաղուց վաճառել է, ուստի պետք է գրանցվի որպես պատգամավորի թեկնածու»:

Հանրապետական կուսակցության քարոզարշավից «Հայոց Աշխարհ»-ում մեջբերված են մասնավորապես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերը. - «Հանրապետական կուսակցությունը պատրաստ է ազնիվ պայքարում հաղթել, գոտկատեղից ներքեւ հարվածներ չտալ: Բայց, իհարկե, եթե մեր նկատմամբ կատարվեն ոտնձգություններ, ապա ձեր օգնությամբ դրա դեմն էլ կառնենք»: Լրագրողի մատուցմամբ, ուշագրավ է Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը, թե Հայաստանն արդեն փոսից դուրս է եկել ու կամաց-կամաց առաջ է շարժվում: Հանրապետականների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում նշում է. - «Մենք երբեք չենք գնալու նրան, որ ԱԺ այս ընտրությունները վերածվեն առճակատման։ Բայց, կարծում եմ, ի վերջո, այս ընտրություններում էլ առճակատում լինելու է»։ «Եղած տրամադրություններով նախագահական ընտրություններից գրեթե անմիջապես հետո հաջորդ ընտրարշավում մեկնարկելն, իհարկե, իր կնիքը թողնելու է խորհրդարանական ընտրությունների վրա։ Այնուհանդերձ, հույս ունեմ, որ վիճակը կհանդարտվի», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Օրրան»-ի մեկնաբանի հայացքով՝ «Սերժ Սարգսյանը դառնում է հետաքրքիր»: «Այնուհանդերձ, խորհրդարանական ընտրություններում ամենաանսպասելին Սերժ Սարգսյանի սրընթաց եւ վերջնականապես քաղաքականության մեջ մխրճվելն էր», - ընդգծում է մեկնաբանը, ըստ որի՝ «գիտությամբ թե անգիտությամբ, կամա թե ակամա՝ հանձին Սերժ Սարգսյանի՝ ուժեղանում է բեւեռը, որը պետք է հավասարակշռի մեզանում դաշնակցական «մենթալիտետը»: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե պետք է, որ իրեն սատարող ուժերը Ազգային ժողովում մեծամասնություն կազմեն, «Արդարություն» դաշինքի առաջնորդներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում մեկնաբանում է. - «Քաղաքականությունից գոնե ինչ-որ բան հասկացող նախագահն ընդամենը մեկ բան պետք է ասեր՝ որ ինքն ապահովելու է ժողովրդի կամքի արդար եւ ազատ արտահայտությունը: Ավելին ասելը՝ իրեն անհրաժեշտ քաղաքական ուժերին ուղղորդելը եւ ազատ գործելու «դաբրո» տալը, քաղաքական առումով, ուղղակի համարում եմ ոչ ճիշտ։ Նմանատիպ հայտարարություններով նա ընդամենն իրեն սատարող ուժերին հերթական անգամ երաշխիք տվեց, որ կարող են գործել այնպես, ինչպես գործել են նախագահական ընտրությունների ժամանակ»։

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի հայացքով, թեեւ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը արդեն բոլորել է իր առաջին շաբաթը, բայց տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք ավարտված նախագահական ընտրությունների պարզ իներցիայի հետ. - «Նույն պարզունակ քննադատությունը իշխանության հասցեին, նույն ինքնագոհ-փրկչական կեցվածքները, նույն հանդիպումները մարզերի բնակչության հետ՝ ամենքիս արդեն ծանոթ ու ձանձրացրած մանրամասներով հանդերձ»:

Մամուլն արդեն ներկայացնում է հարցումների արդյունքներ: «Եթե Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի, ո՞ւմ օգտին կքվեարկեիք». կենտրոններից մեկի այս հարցմանը մասնակցել են 600-ից ավելի երեւանցիներ: Ըստ «Հայկական ժամանակ»-ում ներկայացված արդյունքների, «Արդարություն» դաշինքը ստացել է մոտ 15,5 տոկոս, «Օրինաց Երկիր»-ը՝ 10,5, «Ազգային միաբանություն»-ը՝ 6,5, ՀՅԴ-ն՝ 4,2 եւ Հանրապետական կուսակցությունը՝ 3,2 տոկոս:

«Ազգ»-ում տպագրված է ապրիլ ամսվա Հայաստանի ամենաազդեցիկ գործիչների ցանկը: Առաջին տեղում երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդում՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, երրորդում՝ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նախագծի հեղինակի պարզաբանումներով, վերջին երկու տարիների ընթացքում անցկացված հարցումներում առաջին անգամ փոփոխություն է գրանցվել առաջին եռյակի կազմում՝ երրորդ հորիզոնականում հայտնվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլ դուրս եկած ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG