Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Շատերին զարմացրել ու զայրացրել է այն փաստը, որ այս տարվա ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը դարձել էր նախընտրական գովազդի ատրիբուտ», - անդրադառնում է այսօր «Հայկական ժամանակ» թերթը: - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ, հուշահամալիրի ֆոնին ցեղասպանության մասին հեռուստացույցով խոսելով, նախընտրական աչոկներ էին հավաքում եւ չէին էլ փորձում թաքցնել իրենց ելույթների նախընտրական բնույթը»: Թերթի հայացքով, ամբողջ խնդիրն այն է, որ այսօր նախընտրական վիճակում գտնվող քաղաքական ուժերից շատերն ասելիք չունեն, ոչ էլ՝ անելիք: Մյուս կողմից՝ «ակնհայտ է, որ չի կարելի դուրս գալ նախընտրական արշավի ու այդպես էլ որեւէ բան չասել: Եւ ահա ասելիք չունեցողի համար ապրիլի 24-ը որեւէ բան ասելու ամենահարմար ժամանակն է»: «Արդեն մոտ մեկ դար մեր ժողովուրդը ցեղասպանության մասին նույն բանն է ասում, եւ բառացիորեն անուղեղ պետք է լինել՝ այդ ամենն անգիր արած չլինելու համար: Իսկ սեփական գիտելիքները հարազատ կուսակցության քաղաքական պայքարին չծառայեցնել, հասկանում եք՝ չի կարելի», - հեգնում է «Հայկական ժամանակ»-ը:

«Օրրան» թերթում էլ ընդգծված է. - «Այս ապրիլի 24-ին կուսակցական ոգին ազատորեն թեւածում էր ու ավելի տիրական էր, քան հայրենիքի ոգին: Մեր քաղաքական ուժերը համակված չէին միակ հայրենիքի ժողովող գաղափարով: Ոչ մի գաղափարով էլ համակված չէին, լցված էին մանր ու շիկացած կրքերով, եւ նրանց երթը դեպի Ապրիլյան պանթեոն արշավ էր՝ քարոզարշավ դեպի մայիսի 25-ը»:

«Բոլոր այդ քարոզարշավները, համամասնական ու մեծամասնական ցուցակները, դիտորդները, հանձնաժողովները, բողոքարկումները, հանրահավաքները ներքաշեցին մեր հասարակությանը յուրօրինակ հորձապտույտի մեջ՝ չթողնելով ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ուժ որեւէ այլ բանի համար», - արձանագրում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը: - «Մենք աններելիորեն կորցնում ենք իսկապես ճակատագրական հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ տեմպն ու ժամանակը»։ «Պետական մեքենան խարխլված է, նրա շարժիչը՝ գործադիր իշխանությունը, աշխատում է հաճախակի խափանումներով։ Չինովնիկները զբաղվում են գործունեության նմանակմամբ՝ հաճախ մոռանալով, թե ինչ բան է պատասխանատվությունն ու ծառայողական կարգապահությունը։ Նման պայմաններում մարդիկ, իհարկե, չեն կարող լրջորեն հույս դնել ո՛չ օրենքի ուժի, ո՛չ էլ իշխանության մարմինների արդարության վրա», - շեշտադրում է մեկնաբանը։ - «Միայն՝ իրենք իրենց։ Բայց այդ դեպքում ինչների՞ն է պետք իշխանությունը»:

«Այսօր անարդարության դեմ պայքարի պատրաստակամություն են հայտնում մարդիկ, ովքեր բոլորիս աչքի առաջ են անարդարություններ գործել», - իր հերթին մատնանշում է «Երկիր» թերթի մեկնաբանը։ - «Այսօր ժողովրդավարությունից են խոսում չկայացած բռնապետերը, պետության բյուջեն ավելացնելու մասին խոսում են գանձագողերն ու հարկերից խուսափողները»։ «Դժվար է պատկերացնել երկրում ժողովրդավարություն պաշտպանող մեկին, որն իր հարազատ միջավայրում, իր գործընկերների պարագայում չի հանդուրժում այլակարծություն», - շեշտադրում է մեկնաբանը։ - «Դժվար է պատկերացնել մի քաղաքական կազմակերպություն կամ անհատ, որն իրոք կարող է արդարություն հաստատել երկրում, եթե ինքն իր մեջ, իր շրջապատում, իր կազմակերպության ներսում արդար չէ»։ «Երկիր»-ում այսօր տրվում է նաեւ այսպիսի գնահատական. - «Նախորդ ընտրությունների հետ համեմատելու դեպքում անգամ զգալի է քարոզչական եւ ծրագրերի ներկայացման առումով առաջընթացի բացակայությունը, ինչը վկայում է, որ ասելիքը ժողովրդին սպառված է»:

Նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արտաշես Թումանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Ինձ երբեմն հարցնում են՝ դուք վարչապետի պաշտոնում կաշխատե՞ք։ Իսկ ինչու պետք է ինձ պատերով տամ եւ ասեմ՝ ոչ։ Կարող է այնպիսի հանգամանք ստեղծվի, որ աշխատեմ, չէ՞։ Բայց ես կամ որեւէ մեկը այնքան անհամեստ եւ միամիտ չպետք է լինենք, որ չհասկանանք՝ վարչապետի պաշտոնը մի քանի կարեւոր հանգամանքների հետ է կապված։ Նախագահն ինքը պետք է ուզենա որեւէ մեկի հետ աշխատել... առանձնապես երջանիկ բան էլ չի՝ լինել վարչապետ մի հասարակության մեջ, որտեղ սոցիալական լուրջ դժգոհություն, բեւեռացում կա, եւ ապագա 4-5 տարիներին ոչ մի կառավարության չի հաջողվելու արմատապես փոխել իրավիճակը», - ավելացնում է Արտաշես Թումանյանը: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններում ընդդիմության շանսերին. - «Կարծում եմ, «Արդարություն» դաշինքը զգալի ներկայություն կունենա խորհրդարանում։ Իրար հետ համաչափելի կլինի Դեմիրճյանի եւ Գեղամյանի ղեկավարած ուժերի ներկայությունը։ Ի դեպ, ես նույնիսկ չեմ զարմանա, որ ՀՀՇ-ն, եթե, իհարկե, լավ աշխատի եւ կարողանա այնպիսի քարոզչություն ծավալել, որ դառնա աջ ուժերի դրոշակակիրը՝ կարողանա հաղթահարել 5 տոկոսի արգելանքը»։ Ընդհանուր առմամբ, նախագահի աշխատակազմի ղեկավարի կանխատեսմամբ, հարաբերական այնպիսի մեծամասնություն, որը տեւական լարվածություն կստեղծի, իշխանափոխության համար անհրաժեշտ տեսակարար կշիռ ընդդիմությունը չի ունենա, բայց այնպիսի ներկայություն կունենա, որով ընդդիմությունը կարող է գործադիր իշխանության գործունեությունը պահել լուսարձակների տակ»։

Հանրային հեռւստատեսության եւ ռադիոյի խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում նշել է. - «Նախագահական ընտրարշավի առնչությամբ ես հիմնականում ընդունում եմ մեր հասցեին հնչած քննադատությունը, այդ թվում՝ դիտորդական առաքելությունների կողմից... Խորհրդարանական ընտրարշավում կփորձեմ լրատվական-վերլուծական բլոկի նոր կողմնորոշիչները ներդնել՝ լրատվության անկողմնակալություն, հրատապություն»: «Հ1»-ը երբեւէ համապատասխանելո՞ւ է իր կոչմանը՝ քարոզչամիջոցից դառնալո՞ւ է լրատվամիջոց. այս հարցին Ալեքսան Հարությունյանը մասնավորապես պատասխանում է. - «Կարծում եմ, այս անկախության տարիներին լրատվությամբ հագեցվածության եւ անկողմնակալության առումով Հայաստանում կայացած միակ լրատվամիջոցը, որ արժեձող է հաստատել կամ բարձրացրել, «Ազատություն» ռադիոկայանն է: Գոնե մինչեւ վերջերս այդպես էր»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG