Մատչելիության հղումներ

Ջոն Օրդուեյը կարեւորում է Անցումային շրջանի արդարադատության կենտրոնի զեկույցը


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ասաց, որ Միացյալ Նահանգները միշտ կողմ են բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը այս ուղղությամբ արվող ձեռնարկումներից մեկն է:

«Կարծում եմ այն զեկույցը, որը հայ-թուրքական հանձնախմբի խնդրանքով պատրաստել էր Նյու Յորքի Անցումային շրջանի արդարադատության կենտրոնը հանդիսացավ այն ամուր հիմքը, որը կարող է որոշակի առողջ եւ ամուր ներդրում ունենալ Հայաստանի եւ Թուրքիայի, հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսության զարգացման համար», - ասաց նա:

Այդ կենտրոնի տված եզրակացությամբ, 1915 թվականի հայկական ջարդերը համապասխանում են ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի բնորոշումներին:

Հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համատեքստում Ջոն Օրդուեյը նաեւ նշեց, որ երկխոսություն սկսելու եւ զարգացնելու համար որոշակի դերակատարություն պետք է ունենան նաեւ 2 երկրների կառավարությունները:

2001 թվականի ապրիլի 24-ի ուղերձում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հայերի ցեղասպանությունը բնորոշել էր որպես «պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը», 2002 թվականի ուղերձում՝ «20-րդ դարի ահավոր ողբերգություն»: Այս տարվա ուղերձի բնորոշումն է՝ «ահավոր ողբերգություն»: Նախորդ տարիների ուղերձներում ինչ-որ ձեւով նշվում էր հայ անմեղ զոհերի 1,5 միլիոն թիվը: Այս տարի նա օգտագործել է «անհամար թվով հայեր» բառերը:

«Անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է անցնում, ես կարծում եմ, որ 1915 թվականի ողբերգական իրողությունները չեն փոխվում, եւ այս առումով թույլ տվեք ասել, որ տարեցտարի չի փոխվում նաեւ մեր մոտեցումը այդ իրողությունների հանդեպ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Ջոն Օրդուեյը: Նրա կարծիքով, ճիշտ չի լինի, եթե փորձենք տեքստային վերլուծություն անել եւ համեմատել 3 տարիների ընթացքում նախագահ Բուշի ուղերձներում օգտագործված բառերը: - «Փաստը մնում է այն, որ այս իրողությունները 20-րդ դարի ողբերգական իրողություններից են, եւ մենք բոլորս պետք է ջանք չխնայենք, որպեսզի նման դեպքերն ապագայում այլեւս չկրկնվեն»:

Ջոն Օրդուեյի խոսքերով, տվյալ հարցի կապակցությամբ եւ ընդհանրապես տարվող քաղաքականության հանդեպ կարող են լինել տարբեր մոտեցումներ: «Մենք ունենք մեր մոտեցումը, եւ դա արդեն արտացոլվել է նախագահ Բուշի այս տարվա ուղերձում», - ասաց նա՝ ավելացնելով նաեւ, որ «շատ ուշադիր» նայել է այդ ուղերձը եւ «ամերիկյան քաղաքականության որեւէ չի նկատել, որ կոնկրետ արտացոլված լինի այդ ուղերձում»:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը խուսափեց պատասխան տալ հարցին, թե ի վերջո, ԱՄՆ-ի նախագահը շնորհավորե՞լ է Հայաստանի նախագահին վերընտրվելու կապացությամբ, ինչպես հաղորդել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ծառայությունը, թե՞ չի շնորհավորել, ինչպես պնդում են ոչ պաշտոնական աղբյուրները:

«Ինչ վերաբերում է նախագահ Բուշի կողմից ուղարկված այդ նամակին կամ ուղերձին, որքանով ես տեղեկացված եմ, իշխանությունների կողմից դրա տեքստը չի հրապարակվել», - ասաց նա: - «Այնուամենայիվ, այդ կապակցությամբ թույլ տվեք ասել, որ դա մասնավոր ուղերձ է, որը մի երկրի ղեկավարի կողմից ուղարկված է մյուս երկրի ղեկավարին, եւ տվյալ դեպքում հրապարակելը միայն Հայաստանի իշխանությունների իրավասությունն է: Թույլ տվեք որեւէ մեկնաբանություն չանել»:

Պատասխանելով հարցին, թե կփոխվե՞ն արդյոք հայ-ամերիկյան հարաբերությունները, եթե խորհրդարանական առաջիկա ընտրություններն էլ անցնեն նախագահական ընտրությունների պես, Ջոն Օրդուեյը ասաց. - «Անկախ այն փորձից որ մենք ունեցանք նախագահական ընտրություններին, մեր սպասելիքներն ու ակնկալիքները մնում են նույն մակարդակի վրա: Հայաստանը կարող է եւ պետք է անի ամեն ինչ, որպեսզի առաջիկա ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ բոլորի ակնկալիքներին»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG