Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով նախագահական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, «Օրրան» թերթի մեկնաբանը նշում է. - «Հայտնի է, որ Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում թեժ կրքեր են բորբոքվել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու շուրջ: Եղել է լուրջ թիմ, որը պայքարել է հենց այդպիսի որոշում կայացնելու համար: Այդ վեճի արդյունք կարելի է համարել հենց որոշման 6-րդ կետը՝ վստահության հանրաքվեին առնչվող: Որոշմանը հաջորդող իրադարձությունները, մասնավորապես, քոչարյանամետ մամուլի, քաղաքական ուժերի հարայ-հրոցը, պատեպատ խփվելը, ավելի պարզորոշ դարձրեցին որոշման իրական «պատկերը». այն ուներ ռումբի տեսք եւ դրված էր ուղիղ Քոչարյանի աթոռի տակ՝ ցանկալի պահին պայթելու մղումով»: «Ինչպե՞ս է վերաբերվում Սահմանադրական դատարանը՝ իր դեմ սկսված այս համաիշխանական ակցիային». - այս դատարանի անդամ Ռաֆայել Պապայանը մեկնաբանին ասել է. - «Սահմանադրական դատարանի որոշումը զուտ իրավական է եւ՝ ոչ ավելին: Աշխարհի բոլոր ՍԴ-ները, երբ վեճ կամ ցանկացած այլ հարց են քննարկում, միանշանակորեն փորձում են երկրի առջեւ այդ պահին ծառացած քաղաքական խնդրի լուծման իրավական ուղին հուշել: Ամենամեծ աղմուկ հանած` վստահության հանրաքվեի ամրագրումն էլ այդ հուշումներից մեկն էր... Ցանկացած երկրի նախագահ պետք է շահագրգիռ լինի իշխանության հեղինակությունը պահպանելու խնդրով: Իշխանությունը մեկ անձ չէ. այլ նրա երեք թեւերը: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ ՍԴ-ն 3 թեւերից այն մեկն է, որը շատ թե քիչ վստահություն էր վայելում ժողովրդի մեջ եւ վարկաբեկված չէր: Եվ բավականաչափ տարօրինակ է, որ իշխանությունը հենց այդ քիչ վարկաբեկված թեւին հիմա փորձում է վարկաբեկել, այսինքն՝ այլեւս ողջ իշխանության հեղինակազրկման հարց է դրված», - գնահատում է Ռաֆայել Պապայանը: - «Նախագահի շուրթերով այսօր վարկաբեկման այնպիսի կամպանիա է գնում, որի հետեւանքները շատ ծանր են լինելու թե' նախագահի, եւ թե' իշխանության մյուս թեւերի համար, որովհետեւ, կարծում եմ, որ եթե իշխանության մյուս թեւերի հեղինակությունը կարող է ընկնել-բարձրանալ՝ որպես քաղաքական վեճի արդյունք, բայց երբ ՍԴ-ի նման իշխանության հեղինակությունն է «գցվում»՝ դա կործանարար է երկրի համար»:

«Հայոց Աշխարհ» թերթում այսօր դատապարտվում է Սահմանադրական դատարանի մեկ այլ անդամ՝ Ֆելիքս Թոխյանը, թե՝ խախտում է օրենքը եւ «իրավունք չունի զբաղվելու քարոզչությամբ, առավել եւս, հակաքարոզչություն ծավալելու՝ ներկայանալով որպես ընդդիմախոս հանրաքվեի ներկայացված նախագծի դրույթներին»: «Այսպես», - ընդհանրացվում է «Հայոց Աշխարհ»-ում, - «Ֆելիքս Թոխյանը իրավական դաշտից ակնհայտորեն տեղափոխվել է քաղաքական շահարկումների հարթություն՝ ավելորդ անգամ ապացուցելով, որ հայրենի ՍԴ-ի անդամները իրավական դաշտում սահմանափակվելու ցանկություն չունեն»:

Լրագրողների հետ լորդ Ռասել Ջոնսթոնի՝ հրապարակման ոչ ենթակա երեկվա առանձնազրույցը «գաղտնազերծելով»՝ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցներից մեկը ներկայացնում է. - «Բացի Արմենպրեսի թղթակցից, բոլորը բլբուլ կտրեցին, ներկայացնելով, թե իսկապես այդպես է, ոչ մի հույս չկա, երկրում ժողովրդավարական ինստիտուտներն ընդհանրապես կայացման վտանգի առաջ են, դարձյալ խորհրդարան են մտնելու թաղային հեղինակությունները, 1991-ից այս կողմ վիճակը չի փոխվել»: «Օրը ցերեկով, բացահայտորեն, մի կողմից չի դադարում ինչ-որ պոչավոր իրավապաշտպանների նամակների հոսքը դեպի Եվրախորհուրդ՝ Հայաստանը վարկաբեկող բովանդակությամբ, մյուս կողմից՝ եվրոպացիներին այստեղ կալմեջ են անում սրանք», - վրդովվել է այս թղթակիցը՝ նաեւ որակելով. - «Մեզանում հելսինկյաններից մինչեւ առանձին քարոզչամեքենաներ՝ բանսարկուների, չհավաքագրված գործակալների ցանց է ձեւավորվել»:

«Եթե անգամ Բուշի ուղերձը Քոչարյանին պաշտոնական աղբյուրները որակեցին որպես շնորհավորանք՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ապա ցանկացած երեւույթ կարելի է անվանել այնպես, ինչպես իշխանություններին է հարմար», - նշում է այսօր «Առավոտ» թերթը: - «Մասնավորապես, կարելի է ասել, որ այն, ինչ վերջին շրջանում տեղի էր ունենում մեր հանրապետությունում, նույնպես վերընտրված նախագահին ուղղված անկեղծ ողջույն էր: Իշխանությունների կողմից չարտոնված հանրահավաքներն ու ցույցերն էլ իրականում Քոչարյանին ձոնված հասարակական խանդավառության դրսեւորումներ էին: Նման ենթադրության հիմքն այն է, որ հանրահավաքի մասնակիցները կրկնում էին այն, ինչ ասել էր Բուշը իր ուղերձում, բայց դա գնահատվել էր որպես շնորհավորանք: Օրինակ, ընդդիմությունը եւս, ինչպես եւ Բուշը, հիասթափված էր նախագահական ընտրությունների անցկացման ձեւից եւ համաձայն էր Եվրոպայի դիտորդների գնահատականին՝ արձանագրված ընտրախախտումների ու կեղծիքների վերաբերյալ: Ուրեմն ինչո՞ւ են տեղացի ցուցարարներին նման «շնորհավորանքի» համար տուգանում, պատանդ վերցնում կամ կալանավորում, իսկ Բուշին, ընդհակառակը, շնորհակալությունը հայտնում»: Ամեն դեպքում՝ «Բուշը հեռու է, մենք մոտիկ», - խտացնում է «Առավոտ»-ը, - «եւ եթե նույնիսկ նա իրոք շնորհավորեր՝ ելնելով արտաքին քաղաքականության վարքականոնից, մեր երկրում ապրողը մենք ենք եւ մենք ենք կրում այս ճակատագիրը»:

Նայելով ծավալվող խորհրդարական ընտրապայքարի ընթացքին՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը շաղկապում է. - «Ակնհայտ է, որ նախագահի նստավայրը Սահմանադրական դատարանի վճռից հետո իսկական պատերազմ է մղում այդ մարմնի դեմ՝ օգտագործելով ոչ միայն քարոզչամեքենան, այլեւ պետական տարբեր օղակներ: Այդպիսի հակամարտության առկայությունը հավանաբար կհանգեցնի հետաքրքիր հետեւանքների նաեւ մայիսի 25-ից հետո, քանզի էապես կազդի այս կամ այն ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների՝ Սահմանադրական դատարանում վիճարկման ընթացքի վրա... Իսկ առայժմ նախընտրական հակամարտությունը գնալով ստանում է ավելի սուր ու կոպիտ բնույթ՝ նորանոր կեղտոտ տեխնոլոգիաների ներգրավմամբ, եւ դա այն ֆոնի վրա, որ խորհրդարանական ընտրություններն անցնելու են եվրոպական դիտորդների բծախնդիր ուշադրության պայմաններում: Սա նշանակում է, որ ամռանը Հայաստանի իշխանությունները կարող են նորանոր պրոբլեմներ ունենալ եվրոպական կառույցների հետ, ինչը հարցականի տակ կդնի արեւմտյան վարկերի ստացումը», - ուրվագծում է «Իրավունք»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG