Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի պատվիրակությունը ավարտեց հայաստանյան հանդիպումները


Ավարտելով նախընտրական առաքելության հայաստանյան հանդիպումները՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ռասել Ջոնսթոնը այսօր հանդիպում ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Արտակ Սահրադյանի հետ:

Հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, լորդ Ջոնսթոնը ասաց, որ իր գլխավորած նախընտրական առաքելության կարճատեւ այցելությունը նպատակ է հետապնդում պարզել, թե ինչ դրական տեղաշարժ է կատարվել իշխանությունների կողմից նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի վերաբերյալ միջազգային դիտորդների հնչեցրած քննադատության առնչությամբ:

«Իշխանությունները, իհարկե, ընդունում են կատարված խախտումների փաստը, եւ մեզ հավաստիացնում են, որ ամենայն ջանք կգործադրվի առաջիկա ընտրություններին դրանց կրկնությունը կանխելու ուղղությամբ», - ասաց Ռասել Ջոնսթոնը: - «Ըստ իս, դասեր քաղվել են [իշխանությունների կողմից] անցած ընտրություններից: Սակայն հարցը դրանց իրականացումն է... Մենք, անշուշտ, հույս ենք փայփայում, որ ամեն ինչ լավ կընթանա»:

Պատասխանելով Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 16-ի որոշմանը վերաբերող հարցին, լորդ Ջոնսթոնը նշեց, որ ճանաչում է այդ դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ում «արդարամիտ» մարդ է համարում: «Բայց ես չէ, որ պետք է մեկնաբանեմ կամ դիտարկումներ արտահայտեմ Սահմանադրական դատարանի վճիռների մասին», - ասաց լորդ Ջոնսթոնը:

ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի խոսքերով, իրենք, անշուշտ, դասել քաղել են անցած ընտրություններից: «Բնականաբար, դասերը շատ սառը ցնցուղի տեսքով էին, որովհետեւ մենք չէինք սպասում, որ նման պատկեր կարող ենք մենք ունենալ ընտրությունների ընթացքում», - ասաց նա՝ ափսոսանք հայտնելով, որ «ստվերվեցին» իրենց կողմից «նորմալ կազմակերպված ու ընթացած ընտրությունները»:

Անդրադառնալով ընտրակեղծիքներին, Սահրադյանը կրկնեց, որ կեղծիքներ եղել են երկու կողմերից էլ, երբեմն անգամ՝ «միտումնավոր կերպով տեսանելի կեղծիքներ»: Նրա խոսքերով, առողջ տրամաբանության մեջ որեւէ կերպ չի տեղավորվում այն, որ քվեատուփերի լցոնման դեպքեր են արձանագրել անգամ միջազգային դիտորդներն ու դիվանագետները: Սահրադյանը ասաց, թե այդ հարցը բարձրացրել է նաեւ դեսպանների առջեւ: «Այդ ինչպե՞ս պատահեց, որ լցոնում կատարվեց հենց այն 15 րոպեի ընթացքում, որ մեծարգո դեսպանները եղան տեղամասերում: Մի՞թե խախտողները չէին կարող սպասել, որ դեսպանները հեռանային», - ասաց նա:

Ավելի ուշ հայաստանյան հանդիպումների ամփոփիչ ասուլիսում Ռասել Ջոնսթոնը ասաց, թե Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ կաշխատեն ընտրությունների առիթով իրենց արտահատած մտահոգությունների ուղղությամբ, եւ ամեն ջանք կգործադրեն, որպեսզի չկրկնվեն նախագահի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները: Նրա վկայությամբ, այս օրերի հանդիպումների ընթացքում իշխանությունները չեն փորձել ձեւացնել, թե լուրջ խախտումներ չեն եղել:

Ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներից իր տպավորությունը փոխանցելով՝ պատվիրակության անդամ, Խորհրդարանական վեհաժողովում Շվեյցարիան ներկայացնող պատգամավոր Անդրեաս Գրոսն ասաց, որ Հայաստանում քաղաքական գործընթացների հանդեպ որոշակի հուսախաբություն կա:

«Երբ մարդիկ տեսնում են, որ ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն չկա, կորցնում են հավատը ժողովրդավարության նկատմամբ: Դա ամենավտանգավոր երեւույթն է», - ասաց նա:

Ապրիլի 2-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ափսոսանքով նշել էր, որ անտեսվեց առաջին փուլի քվեարկությունից հետո իր կոչը՝ երկրորդ փուլում ապահովել ժողովրդավարական չափանիշներին համապատաստան ընտրություններ, եւ հույս հայտնեց, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «չի կրկնվի նախագահական ընտրություններում տեղի ունեցածը»:

«Իմ կարծիքով, դա աղետ կլինի երկրի համար», - ասել էր Շվիմերը: - «Շատ կարեւոր է, որ խորհրդարանական ընտրությունները անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան»:

Շեշտելով, որ խորհրդարանական ընտրություններում պիտի ապահովվեն եվրոպական չափանիշները, Շվիմերը հայտարարել էր, որ իրենք հետեւելու են դրանց ընթացքին եւ, խախտումներ լինելու դեպքում, արդեն քննարկումներ կծավալեն «հետեւանքների վերաբերյալ»:


Շաքե Ավոյան եւ Ռուզաննա Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG