Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Վերադառնալով Սահմանադրական դատարանի ապրիլի 16-ի որոշմանը, «Օրրան» թերթը ընդգծում է. - «Եթե անձեռնմխելի, անձերբակալելի, անխոցելի, անբեկանելի դատարանը այդքան ահաբեկված է իշխանությունից, ապա ի՞նչ անի ցուցարարը, ո՞ւր թաքցնի իր գլուխն այլախոհը, ո՞ր ժայռից ցած նետվի կատվին առյուծ չասող հիմարը... Ստացվում է՝ սարսափելի իշխանություն եւ սարսափահար ժողովուրդ: Բայց մի բան պարզ է, այսպես շարունակել, այսպես ապրել չի լինի: Հանգուցալուծումը պիտի կայանա: Կկայանա նույնիսկ առանց միջամտության», - նախանշում է «Օրրան»-ը՝ նաեւ գնահատելով. - «Ստեղծված իրավիճակից առայժմ չի կարողանում օգտվել քաղաքական ընդդիմությունը: Առայժմ չի կարողանում, որովհետեւ առայժմ ընդդիմությունը չունի իր ընդդիմաբանությունը եւ երիտասարդական սխալներ է թույլ տալիս... Նա պետք է համոզեր ու հասկացներ, որ «Դե-միր-ճյան» վանկարկող հանրահավաքը Դեմիրճյանի համար չէ կոկորդ պատռում, այլ ժողովրդի ու ժողովրդի ճշմարտության, որ ինքը՝ իշխանությունը, դիմակայում է ոչ թե Դեմիրճյանին, այլ ժողովրդին: Ժողովրդի պայքարը չպիտի անձնավորվեր: Անձը, անհատը, ով էլ լինի, խիստ խոցելի է»:

«Վարչական ողջ ռեսուրսը այժմ լարված աշխատում է՝ հնարավորինս խոչընդոտելու ընդդիմադիր ուժերի եւ թեկնածուների, հատկապես՝ Քոչարյանի գլխավոր մրցակից Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքի մուտքը Ազգային ժողով», - արձանագրում է «Առավոտ» թերթը եւ զգուշացնում. - «Քոչարյանի համար դաշնակիցների կորուստը ոչինչ է իր հանդեպ ժողովրդի կորստի վտանգի համեմատ՝ եթե նա փորձի Դեմիրճյանի «Արդարությանը» խորհրդարան չթողնել նույն այն մեթոդներով, որոնցով կարողացավ ապահովել իր հաղթանակը նախագահական ընտրություններում»: Ըստ «Առավոտ»-ի, ամենախելացի բանը, որ կարող է անել այսօր իշխանությունը, հնարավորինս ազատ ու արդար ընտրություններ ապահովելն է. - «Քվեարկության արդյունքներով, ամենայն հավանականությամբ, կհաղթի այսօրվա դրությամբ ամենամեծ վարկանիշ ունեցող «Արդարություն» դաշինքը: Քոչարյանն անհանգստանալու բան չի ունենա, եթե թույլ տա ընդդիմությանը հաղթել ընտրություններում: Ավելին, նա անգամ կշահի, եթե նպաստի, որ Ստեփան Դեմիրճյանը զբաղեցնի Ազգային ժողովի նախահագի աթոռը: Դրանից հետո վստահաբար կարելի է կանխատեսել, որ ընդդիմադիր կրքերը անմիջապես կհանդարտվեն, ժողովուրդը կխաղաղվի: Եվ ամենակարեւորը, շատ շուտով խորհրդարանը իր կառավարելիությամբ կլինի ճիշտ այնպիսին, ինչպիսին էր վերջին չորս տարիների ընթացքում», - ուրվագծում է «Առավոտ»-ը:

«Արդյոք անհանդուրժողականությունը կարո՞ղ է որեւէ ժողովրդի տանել ինչ-որ մի տեղ, կործանումից բացի։ Ընդհանրապես հնարավո՞ր է հաղթահարել հասարակությանը նետվող ատելության անսահմանափակ մաղձը։ Կամ՝ ինչի՞ց է գալիս այդ ներքին թշնամանքը, որ պարբերաբար դրսեւորվում է մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում»։ Այս հարցերով «Հայոց Աշխարհ» թերթը դիմել է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանին: «Մեր հասարակության մեջ նկատվող ամենավտանգավոր երեւույթն այդ թշնամության մթնոլորտն է, որով լցված է ամբողջ երկիրը», - ասում է վերջինս: - «Մեր երկրի հիվանդության առաջին ախտորոշումը բարոյական մթնոլորտն է։ Իսկ այդ մթնոլորտը, կարելի է ուղղել օրենքի գերակայության դեպքում եւ կյանքի շրջադարձային բարելավմամբ... Կցանկանայի, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս մեկ տարվա ընթացքում այնպիսի քայլեր աներ, որ այդ վստահության հանրաքվեի միտքն ինքնըստինքյան վերանար բոլորի հիշողությունից։ Կարողանար իր հնարավորություններից առաջ անցնել։ Մանավանդ Հայաստանում, դժվար այս երկրում, այո, նախագահը, ղեկավարը պետք է իր հնարավորություններից առաջ անցնի», - շեշտում է Զեյթունցյանը։

«Հայոց Աշխարհ» եւ «Հայկական ժամանակ» թերթերի առաջին էջերին այսօր նույն հայ աշխատավորն է՝ կռացած կիսաքանդ մայթին: «Աշնանը սարքենք, գարնանը քանդենք... եւ այսպես շարունակ» մակագրությամբ գործընթացի շարունակականությունն է ակնարկում «Հայոց Աշխարհ»-ը: Իսկ «Հայկական ժամանակ»-ը նշում է. - «Հայրենի իշխանությունները հիմա վերացնում են նախորդ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացված շինարարության հետքերը: Երեւանի մայթերի սալիկները տեղադրվել են նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ու հիմա փոխելու անհրաժեշտություն է ծագել այն պատճառով, որ այդ սալիկներն անցորդների ոտքերի տակ փշրվում են... Նախորդ տարի ասֆալտապատված մի շարք փողոցներում եւ միջքաղաքային ճանապարհներին իրականացվում են, այսպես կոչված, «կարկատանի» աշխատանքներ. ընդամենը մի քանի ամսական ասֆալտը նույնպես շարքից դուրս է գալիս: Հիմա պետական մարմիններն անգամ չեն ժխտում, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով կատարված կառուցապատման աշխատանքները, շատ դեպքերում, չեն համապատասխանում որակական անհրաժեշտ չափանիշերին... Ծախսվել է այնքան գումար, որքան նախատեսվում է որակյալի դեպքում: Սա, իհարկե, թղթի վրա, իսկ իրականում՝ հայրենական ասֆալտի եւ սալիկների որակը պետք է փնտրել հայրենի պաշտոնյաների գրպաններում, մի շարք պատգամավորության թեկնածուների եւ քաղաքական ուժերի քսակներում ու նախընտրական հիմնադրամներում», - հետքեր է ցույց տալիս «Հայկական ժամանակ»-ը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG