Մատչելիության հղումներ

Բուշի նամակը շնորհավորանք չի պարունակել


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը իր նամակում չի շնորհավորել Ռոբերտ Քոչարյանին վերընտրվելու կապակցությամբ: Փոխարենը, ինչպես պարզ դարձավ այսօր, Բուշը իր «հիասթափությունն» է հայտնել, որ անցած նախագահական ընտրություններում «Հայաստանը բաց է թողել ժողովրդավարական ընտրություն անցկացնելու հնարավորությունը»:

Ըստ նախագահ մամլո գրասենյակի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնամուտի արարողության օրը (ապրիլի 9-ին) տարածած հաղորդագրության, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը շնորհավորական ուղերձ էր հղել Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Նամակի տեքստը չէր հրապարակվել: Անցած շաբաթավերջին Նյու Յորքում լույս տեսնող Armenian Reporter թերթը, մինչդեռ, հրապարակել է ուղերձը, որում, սակայն, շնորհավորանքներ չկան:

«Բարեկամության ոգով, ես կիսում եմ ԵԱՀԿ-ի եւ այլ դիտորդների հիասթափությունը, ում դիտարկումներով, Հայաստանը բաց է թողել ժողովրդավարական ընտրության օրինակ դառնալու հնարավորությունը», - գրել է Բուշը՝ նկատի ունենալով Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության դիտորդական առաքելության եզրակացությունը, ըստ որի այդ ընտրությունները «չեն համապաստասխանել միջազգային չափորոշիչներին»:

ԵԱՀԿ-ի դիտարկումներին հետեւել էր Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի հայտարարությունը, որում «խորը հիասթափություն» էր արտահայտված մարտի 5-ին կայացած քվեարկության երկրորդ փուլի ընթացքում ընտրախախտումների մասին զեկույցների կապակցությամբ:

Նամակում Միացյալ Նահանգների նախագահը նաեւ վստահեցնում է. - «Ձեր պաշտոնավարման երկրորդ ժամանակահատվածը վերահաստատում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա ժողովրդավարական, շուկայական ուղղվածություն ունեցող եւ բարգավաճ Հայաստանի զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկրների ու ժողովուրդների կապերը կշարունակեն ամրապնդվել»:

Բուշը նաեւ վերահաստատում է Միացյալ Նահանգների հանձնառությունը նպաստել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: «Ես նաեւ հավատարիմ եմ մնում իմ հանձնառությանը աշխատել բոլոր ներգրավված կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու երկարատեւ կարգավորման նպատակով», - ասված է նամակում: - «Մեր ընդհանուր նպատակը խաղաղությունն ու կայունությունն է Կովկասյան տարածաշրջանում»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG