Մատչելիության հղումներ

Մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը


Այսօրվանից պաշտոնապես մեկնարկեց մայիսի 25-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: Ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմավորելու հավակնող երկու իշխանամետ կուսակցությունները՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) եւ Դաշնակցությունը, տարբեր կերպ սկսեցին քարոզարշավը: Եթե ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրել էին դա անել մամուլի ասուլիսով, ապա հանրապետականները ներկայացուցիչների հավաք անցկացրին կառավարության նիստերի դահլիճում:

ՀՀԿ ղեկավար անդամ, Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կուսակցությունը կպահպանի իր 33 տեղը Ազգային ժողովում եւ՝ «մի քիչ էլ առաջ կգնանք»:

Այդ նպատակին հասնելու համար Սահակյանը հուսալի հիմք է համարում ՀՀԿ-ի «մեծ դերակատարումը» տեղական ինքնակառավարման եւ նախագահական ընտրություններում:

Անցած ընտրությունների նկատմամբ ոչ միարժեք գնահատականներ են հնչել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ առաջիկա ընտրությունները զերծ կլինեն խախտումներից, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե այդ առումով Հանրապետականը ավելի խոցելի է, քան մյուս կուսակցությունները՝ որպես «քաղաքական դաշտում առաջատար կուսակցություն»:

Նրա խոսքերով, բավականին լուրջ քայլեր արդեն ձեռնարկված են՝ փոխհամաձայնություններ են ձեռք բերվել «ոչ միայն քաղաքական էլիտայի շրջանակներում, այլեւ տարածքներում»: «Պատրաստ ենք նաեւ այդ մասին խոսել, համաձայնոթւյան գալ նաեւ ընդդիմադիր թեւերի հետ», - ավելացրեց նա:

Ըստ Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանի՝ «խախտումներ կատարելը առնվազն շատ դժվար կլինի: Այսօրվա ասուլիսում նա բացառեց որեւէ ընտրակեղծիքի հնարավորությունը այն տեղերում, ուր իրենք կվերահսկեն ընտրական գործընթացը:

Դաշնակցությունը առհասարակ ընտրարշավի մեջ է մտնում, կուսակցության մեկ այլ ղեկավար անդամ Աղվան Վարդանյանի ձեւակերպմամբ՝ այն նպատակադրմամբ, որ «առաջիկա ընտրությունների արդյունքում ունենալ այնպիսի քաղաքական իրավիճակ, որ կարողանանք առաջիկա տարիներին կայուն, խաղաղ զարգացող երկիր ունենալ»:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը՝ վեց քաղաքական ուժերի առաջնորդներով, վաղը Թալինում կմեկնարկի նախընտրական հանդիպումների շարքն ընտրողների հետ: Դաշինքը քարոզարշավի է դուրս գալիս՝ «Արդարություն. այլ ճանապարհ չկա» կարգախոսով:

Դաշինքի անդամ ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանը ընտրակեղծիքների դեմ պայքարին վերաբերող հարցին պատասխանեց, թե իրեն արդեն գիտեն իրենց բացթողումները: «Ամենաթույլ տեղը եղել են հանձնաժողովները», - շարունակելով՝ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը: - «Այսօր ԱԺՄ կուսակցության հանձնաժողովի տեղերը վերանայվում են նորից: Նրանք, ովքեր իրենց բարձրության վրա չեն եղել, կփոխարինվեն մարդկանցով, ովքեր կպայքարեն մինչեւ վերջ»:

Ավելի արդար ընտրությունների հույս Գրիգոր Հարությունյանին ներշնչում է նաեւ այն, որ «իշխանական թեւերում տարբեր շահեր կան»:

Խոսելով ընդդիմադիր այլ ուժերի մասին, Գրիգոր Հարությունյանը ասաց, որ «ընդդիմադիր չի տեսնում «Ազգային միաբանություն» կուսակցությանը: Հարությունյանը համարում է, որ իշխանությունները շատ լավ օգտագործեցին փաստը, որ Արտաշես Գեղամյանը երկրորդ փուլում չպաշտպանեց Ստեփան Դեմիրճյանի թեկնածությունը:

Արտաշես Գեղամյանը այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ոչնչով իրենց օգնել չեմ կարող, եւ ընդդիմության մասին մեր պատկերացումները խիստ տարբերվում են»:

«Արդարություն» ընդդիմադիր դաշինքը վստահ է, որ ընտրությունների արդյունքում մեծամասնություն է ունենալու խորհրդարանում եւ կառավարություն կազմելու հնարավորություն:

Շաբաթ օրը, մինչդեռ, ավարտվեց Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցման ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռեւս շարունակում է տեղեկություններ ստանալ երկրի 56 ընտրատարածքներից, սակայն արդեն հայտնի է, որ հիմնականում ընդդիմադիր դաշտից մի քանի թեկնածուներ չեն գրանցվել՝ տարբեր հիմնավորումներով:

Չգրանցված թեկնածուների թվում են «Սահմանադրական իրավունք» միության (ՍԻՄ) փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ազգային միաբանության» համամասնական ցուցակում ընդգրկված Աղասի Արշակյանը, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը:

Մեծամասնականով չգրանցված թեկնածուների ամբողջական պատկերը պարզ կդառնա, հավանաբար, վաղը: Սակայն այսօր արդեն Հայկ Բաբուխանյանը կարծիք հայտնեց, որ «հիմնականում Հանրապետական կուսակցության ջանքերով մաքրվում է դաշտը՝ իրենց թեկնածուներին առանց մրցակցության Ազգային ժողով խցկելու նպատակով»:

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն թիվ հինգ ընտրատարածքում առաջադրված 8 թեկնածուներից գրանցվել են միայն 4-ը: Չգրանցված թեկնածուներից երկուսը ինքնաբացարկ են հայտնել, մյուս երկուսին, այդ թվում նաեւ Հայկ Բաբուխանյանին ընտրատարածքային հանձնաժողովը չի գրանցել հայտարարագրում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու հիմնավորմամբ, ինչի հետ Հայկ Բաբուխանյանը համաձայն չէ: Ի թիվս այլ փաստարկների, նա նշեց, որ 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում այդ նույն փաստաթուղթն էր ներկայացրել եւ այն վավեր էր ճանաչվել:


Արմեն Զաքարյան, Ռուզաննա Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG