Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի նախագահը մեկնաբանում է դատարանի որոշումը


«Ես ուզում եմ միարժեք շեշտել, միանշանակ ասել, որ Սահմանադրական դատարանը, քննության առնելով այդ վեճը, անփոփոխ թողեց ԿԸՀ-ի մարտի 11-ի որոշումը», - այսօր հայտարարեց Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը՝ մեկ անգամ էլ հավաստելով, թե դա «միանշանակ ենթադրում է, որ Սահմանադրական դատարանը մերժել է դիմամումատուի խնդրանքը արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ»:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօրվա ասուլիսով փորձ արեց պարզաբանումներով վերջակետ դնել տարաբնույթ մեկնաբանություններին:

«Սահմանադրական դատարանը փաստել է, որ այդ ընտրության արդյունքներով Հայաստանի Հանրապետության նախագահը ընտրվել է, եւ ընտրության հետ կապված վեճը այլեւս ավարտված է», - հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահը՝ միաժամանակ ցանկություն հայտնելով, որ «պաշտոնատար անձինք մեկնաբանություն անեին վերջնական տեքստը ձեռքի տակ ունենալուց հետո»:

Հարությունյանի տեղեկացմամբ, որոշման տեքստը այսօր արդեն ուղարկվել է բոլոր պատկան մարմիններին՝ դիմումատուին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, նաեւ՝ հանրապետության նախագահին:

Գագիկ Հարությունյանը խուսափեց մեկնաբանել Հայաստանի գլխավոր դատախազության երեկվա հաղորդագրությունը, որով ՍԴ-ին վերագրվում էր իրավասությունների գերազանցում: «Հավանաբար, մենք առիթ տվեցինք այդպիսի մեկնաբանությունների», - այդուհանդերձ ասաց Հարությունյանը: - «Կփորձեմ հիմա հստակեցումներ մտցնել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»:

«Հիմանականում բողոքարկվում էր ոչ միայն ակտիվ իրավունքի խախտման պրոբլեմը, այլ առաջին պլանի վրա էր մղված ընտրական պասիվ իրավունքի խախտման պրոբլեմը, այսինքն՝ ընտրվելու իրավունքի հիմնահարցը», - պարզաբանեց Հարությունյանը:

Երկրորդ առանձնահատկությունը, ըստ ՍԴ-ի նախագահի, այն էր, որ դիմումում հիմնականում ներկայացված էին խախտումների ոչ թե քանակական, այլ որակական գործոնները: «Սա իսկապես բարդագույն խնդիր է», - ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, թե ավելի բարդ էր որոշելը, թե ինչպես գնահատել խախտումները, ինչպես առանձնացնել որակական բնույթի խախտումները:

«Այս ընթացքում ի հայտ եկան, բացահայտվեցին խախտումներ, որոնք իսկապես իրենց դրսեւորումներով այնպիսին էին, որոնց կողքից անտարբեր անցնել հնարավոր չէր, պետք էր վերաբերմունք արտահայտել», - ասաց նա՝ եզրակացնելով, որ հենց այդ կարգի խախտումներն են, որ անվստահության եւ հասարակական դիմակայության մթնոլորտ են ստեղծում:

Գագիկ Հարությունյանը ընդգծեց, որ նույնիսկ նախագահ Քոչարյանը երդման արարողության ընդունեց ընտրախախտումների առկայությունը: «Սահմանադրական դատարանը այդ բոլորը տեսնում է ավելի կոնկրետ՝ գործի քննության ընթացքում եւ տեսնում է կոնկրետ փաստեր, բնականաբար, պետք է ոչ միայն վերաբերմունք արտահայտի դրանց վերաբերյալ, այլ պետք է կարողանա իր իրավական դիրքորոշման եւ իր իրավական որոշման միջոցով հնարավոր կանխարգելիչ քայլեր ձեռնարկել», - ասաց Հարույթյունյանը:

Կանխարգելիչ քայլերից մեկն այն է, որ մեղավորները՝ ընտրակեղծիքներ կատարողները պատասխանատվության ենթարկվեն, ինչը դաս կարող է լինել ապագայի համար: Իսկ հասարակական դիմակայությունը մեղմելու համար իրավական լուծում կարող է լինել վստահության հանրաքվեի կազմակերպումը:

«Այդ առաջարկությունները իրենց բնույթով իրավական, իրավաբանական հետեւանք չեն առաջացնում, դրանք առաջարկություններ են, որոնք համապատասխան մարմինների կողմից կարող են հաշվի առնվել, կարող են եւ հաշվի չառնվել», - պարզաբանեց Սահմանադրական դատարանի նախագահը:

Հարկ է ավելացնել, որ Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն: Թեեւ որոշումը չկատարելու համար պատասխանատվություն չի նախատեսվում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG